Պատրաստվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հանդիպումը հնարավոր է: Այն պատրաստվում է»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ թուրքական Sabah պարբերականը նշել էր, որ Էրդողանը Ադրբեջան այցից հետո օդանավում թուրք լրագրողներին հայտնել է Պուտինի հետ առաջիկա հանդիպման մասին՝ «հաջորդ շաբաթ կամ դրանից մեկ շաբաթ հետո»: Նրա խոսքով՝ ինքը մտադիր է Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Վերջին շրջանում Պուտինի եւ Էրդողանի երկխոսությունը կանոնավոր բնույթ է կրում: Այսպես՝ սեպտեմբերի 28-ին նրանք Անկարայում անցկացրել են 1,5 ժամ տեւած բանակցություններ, որտեղ Պուտինը ժամանել էր աշխատանքային այցով, իսկ հոկտեմբերի 21-ին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմանի համագործակցության եւ Սիրիայի ճգնաժամի հարցերը: