News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում Չերկիզովսկի խոշորագույն շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմայիլովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել 2 սպանությունների կազմակերպման գործով։

Անցյալ շաբաթ դատարանը հեռակա կարգով նրա կալանքի օրդեր էր տվել։ Բիզնեսմենի փաստաբան Մարինա Ռուսակովան հայտարարել է, որ իր պաշտպանյալը լքել է Ռուսաստանը։ Փաստաբանը բողոքարկել է դատարանի որոշումը, վերաքննիչ դատարանն այն կքննի նոյեմբերի 15-ին։

Համաձայն իրավապահ մարմիններում աղբյուրների՝ Իսմայիլովը կարող է Թուրքիայում լինել։

Ինչպե՞ս ամեն բան սկսվեց

Թելման Իսմայիլովը ծնվել է 1956 թվականին Բաքվում, առեւտրով սկսել է զբաղվել դեռ 1980-ական թթ.։ Մինչեւ 2008 թվականը Մոսկվայի խոշորագույն գործարարներից էր։ 1993 թվականին նա բացել էր Չերկիզովսկի շուկան, որը շուտով դարձավ ամենամեծը Մոսկվայում։ 1989 թվականին հիմնել է ԱՍՏ խումբը։  1990-ական թթ. կեսերից Իսմայիլովի բիզնեսը սկսեց անշեղորեն առաջ գնալ։ Նրա կառույցները ՌԴ մայրաքաղաքում մի քանի տեքստիլ գործարան, տաքսի ծառայություն, տպարան, ռեստորաններ եւ սրճարաններ բացեցին։ ԱՍՏ խումբը ներդրումներ կատարեց նաեւ ոսկերչության մեջ եւ գյուղատնտեսական արտադրությունում։

2007 թվականին 31 ընկերություններ, որոնք անմիջականորեն ենթակա էն ԱՍՏ գլխամասին, տարեկան ունենում էին 2 մլրդ դոլարի շրջանառություն։ ԱՍՏ ընկերությունների խմբի համասեփականատերերն էին Թելման Իսմայիլովի որդիներ Ալեքպերն ու Սարխանը։ ԱՍՏ խմբի բաժնեմասերի մի մասը պատկանում էր նրա զարմիկ Զաուր Մուրդանովին։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ Չերկիզովսում ապրում էր 100 հազար բնակիչ։ 2006 թվականին շուկայի տարածքում պայթյուն էր հնչել։ Ահաբեկչությունից զոհվել էր 14 մարդ, վիրավորվել՝ 61-ը։ Քննությունը պարզել էր, որ պայթյունը կազմակերպել էին «Սպաս» ազգայնական կազմակերպության անդամները, որպեսզի կանգնեցնեն միգրանտների ներհոսքը։

Չինական մաքսանենգ առեւտուր, ապօրինի միգրանտներ, մարմնավաճառներ. այս պայմաններում էր գոյատեւում «Չերկիզոնը» ավելի քան 20 տարի։ Շուկայում զանգվածային ստուգումները սկսվել էին ԱՍՏ ընկերությունների պահեստում խոշոր խմբաքանակով մաքսանենգ ապրանքների կալանքից հետո։ 2009 թվականին շուկան հրապարակավ քննադատել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը. «Ինչ վերաբերում է մաքսանենգությանը, ապա շուկաներից մեկում ավելի քան 2 մլրդ դոլարի ապրանքներ կան»։ Դրանից հետո շուկան փակել էին։

Պարտքերի մեջ խրված

Մինչեւ 2015 թվականը Իսմայիլովը Forbes–ի ցուցակում էր. այն ժամանակ ամսագիրը նրա կարողությունը գնահատում էր 600 մլն դոլար։ Սակայն 2009 թվականին Չերկիզովսկի շուկայում 2 մլրդ դոլարի մաքսանենգ ապրանք հայտնաբերելուց հետո այն փակեցին եւ ապամոնտաժեցին։ Այդ նույն թվականին Իսմայիլովի եւս մեկ ակտիվը՝ «Վոենտորգը», վաճառվեց Սուլեյման Քերիմովի կառույցներին։ Ինքը՝ Իսմայիլովը, հեռացավ երկրից։ Առաջին անգամ նա սնանկ ճանաչվեց 2015-ի դեկտեմբերին։ 2017-ի մարտին մերձմոսկովյան արբիտրաժային դատարանի որոշմամբ նրա ունեցվածքը վաճառքի հանվեց։

2017–ի սեպտեմբերից Ալեքպեր եւ Սարխան Իսմայիլովները դուրս եկան «ԱՍՏ ինտերնեշնլ ինվաերոնմենթ» ընկերության հիմնադիրների կազմից, որը Ռուսաստանում ալկոհոլի խոշորագույն մատակարարներից էր։

Չերկիզովսկի շուկայի փակվելուց հետո Թելման Իսմայիլովի մոտ լուրջ ֆինանսական խնդիրներ սկսվեցին։ Հին պարտքերը մարելու համար նա ստիպված էր նոր վարկեր վերցնել։ Վարկատուների թվում էր նաեւ ԲՄ բանկը (նախկին Մոսկվայի  բանկ)։ 2014 թվականին վարկատուները սկսեցին դատարաններ դիմել՝ պարտքերը գանձելու համար։ Մասնավորապես, ԲՄ բանկը պահանջում էր 17.4 մլրդ ռուբլի։ Երբ Իսմայիլովին սնանկ ճանաչեցին, պարզվեց, որ նրա անմիջական տնօրինության տակ գրեթե ոչինչ չի մնացել։ Աստիճանաբար ԲՄ բանկի տնօրինությանն անցան գրավ դրված «Պրահա» ռեստորանը, «Տրոպիկանա» բիզնես կենտրոնն ու ԱՍՏ առեւտրի կենտրոնը։

2015-ի վերջին հայցերով պահանջված ընդհանուր գումարը գերազանցում էր 160 մլրդ ռուբլին։ 2017-ի մայիսին դատարանը սկսել էր Իսմայիլովի ակտիվների իրացումը։ Սնանկության մասին տեղեկությունների գրանցամատյանում բիզնեսմենի գույքի ենթադրյալ արժեքը 2017-ի հունվարին կազմում էր 695 մլն ռուբլի, իսկ վարկատուների պահանջած գումարը՝ 31 մլրդ ռուբլի։

Թուրքիայում խոշոր ներդրման շնորհիվ Իսմայիլովը հայտնվեց Կրեմլի «սեւ ցուցակում»

«Չերկիզոնի» փակվելուց հետո Իսմայիլովը տեղափոխվել էր Թուրքիա բնակվելու: Նա այնտեղ 2 ամսում՝ մինչեւ շուկայի փակվելը, կառուցել էր 7-աստղանի Mardan Palace հյուրանոցը, որն այդպես է անվանել հոր պատվին. Մարդան Իսմայիլովի դիմանկարը գտնվում էր հյուրանոցի առաջին հարկում: Süddeutsche Zeitung պարբերականը այն համարել է «մայրցամաքի ամենաթանկ հյուրանոց». արժեքը կազմել է 1,4 մլրդ դոլար: Այն կառուցելու համար օգտագործվել էր նրբաթերթ ոսկի, հախճապակյա զարդեր, իտալական մարմար, իսկ հյուրանոցի լողափի ավազը հատուկ բերվել էր Եգիպտոսից: Տարածքում կենդանաբանական այգի եւ երգող շատրվաններ կան: Բացման արարողությանը մասնակցել են ոչ միայն հոլիվուդյան աստղեր Շերոն Սթոունը եւ Մոնիկա Բելուչին, այլեւ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը:

Հյուրանոցին ուշադրություն էր դարձրել նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հայտարարել է, որ Թուրքիայում Իսմայիլովի հյուրանոց կառուցելու մեջ ոչ մի քրեական բան չի տեսնում, բայց ակնարկել էր, թե վատ չէր լինի այդպիսի նախագծեր իրականացնել նաեւ Ռուսաստանում, օրինակ՝ Սոչիում Օլիմպիադային ընդառաջ: Ի պատասխան՝ Թելման Իսմայիլովը 2010 թվականին «Օլիմպստրոյ» կորպորացիայի հետ Սոչիում 800 մլն դոլար արժողությամբ հյուրանոցների կառուցման համաձայնագիր էր ստորագրել: Սակայն փող չէր գտնվել, եւ ստիպված էին հրաժարվել օլիմպիական օբյեկտների շինարարությունից:

Կոտրած տաշտակի առաջ. Թելման Իսմայիլովը հանցակցել է 6 պատվիրված սպանության

2015 թվականին Forbes-ը Իսմայիլովի կարողությունը գնահատել էր 600 մլն դոլար: Հաջորդ տարի գործարարը պահանջներ է ստացել 10 վարկատուներից: 2017 թվականի մարտին Մոսկվայի մարզի Արբիտրաժային դատարանը Իսմայիլովին սնանկ է ճանաչել, եւ մեկնարկել է նրա ունեցվածքի վաճառքը:

2015 թվականի նոյեմբերի 2-ին Թելման Իսմայիլովը զրկվեց իր 7-աստղանի, էլիտար հյուրանոցից՝ Mardan Palace-ից: Այն ձեռք է բերել Թուրքիայի Halkbank-ը, վարկային կազմակերպությունն այն գնել է ընդամենը 360 մլն թուրքական լիրայով (123 մլն դոլար), մինչդեռ հյուրանոցը գնահատվել էր 719 մլն լիրա (246 մլն դոլար):

Ակտիվների համար այլ թեկնածու, քան Halkbank-ն է, չհայտնվեց, իսկ վաճառքից ստացված 76 միլիոն դոլարն ուղղվեց պարտքերի մարմանը։ Mardan Palace-ի վաճառքի պատճառները պրոզայիկ էին․ Թելման Իսմաիլովի կառույցները շուրջ 200 միլիոն դոլար են տվել տեղական բանկերին եւ հյուրանոցի շինարարներին, իսկ խոշորագույն վարկատուն հենց Halkbank-ն էր։

Լրատվամիջոցների տվյալներով անհայտ անձինք կոտրում եւ տանում են Mardan Palace հյուրանոցի զարդարանքների ոսկեզօծ տարրերը։

Սպանություն կազմակերպելու գործի շրջանակներում կալանավորվել է նաեւ գործարարի եղբայր Ռաֆիկ Իսմաիլովը։ Նրան մեղադրում են մայիսին Նովոռիժսկի մայրուղու վրա առեւտրային համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկինին եւ «Լյուբլինո Մոթորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլեւի վրա  կրակելու մեջ։  Իսմայիլովին եւ գործի մյուս մասնակից Մեհման Քերիմովին սպանության հոդվածով մեղադրանք են առաջադրել։

Չերկիզոնի նախկին տիրոջ մասնակցությամբ քրեական պատմությունը, ամենայն հավանականությամբ, թափ է հավաքում։ Հետաքննությունն արդեն  պատվերով կատարված վեց սպանություններում Թելման Իսմաիլովի մասնակցության մասին ցուցմունքներ ունի։

Պատվերով սպանությունների փաստով, որոնցում գործարարը ենթադրաբար կապ ունի, քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 210 հոդվածով(«Հանցավոր խմբավորման կազմակերպում»)։ Այդ հոդվածի 4-րդ մասով 2016-ի օգոստոսին գործ է հարուցվել Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդ՝ օրենքով գող Զախարիա Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) դեմ։

Ըստ ՌԲԿ–ի, «ՌԻԱ Նովոստի»–ի, LentaRussiangate–ի հրապարակումների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ