News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Կրեմլում կայացել է Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը: Սերժ Սարգսյանը Մոսկվա է մեկնել Վլադիմիր Պուտինի հրավերով, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի» բացմանը մասնակցելու նպատակով: Իսկ հանդիպման ընթացքում պաշտոնակիցները քաղաքական, տնտեսական, անվտանգության ոլորտներում համագործակցության հարցեր են քննարկել: Երկու երկրների ղեկավարներն այցելել են Տրետյակովյան պատկերասրահում բացված Մարտիրոս Սարյանի ցուցահանդես: Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին է նվիրել 1995 թվականին Երեւանի ռուսական արվեստի թանգարանից գողացված Միխայիլ Վրուբելի նկարը: Կտավը միայն անցյալ տարի են հայտնաբերել:

Ազգային ժողովն այսօր ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 86 կողմ եւ 6 դեմ հարաբերակցությամբ, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» աղմկահարույց օրինագիծը: Դրանով վերացվում է ակադեմիական տարկետումը: Իսկ ովքեր կցանկանան պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ, կավարտեն ուսումը եւ զինծառայության կմեկնեն արդեն որպես սպա:

Կառավարության ներկայացրած օրինագիծն ի սկզբանե մեծ աղմուկ բարձրացրեց: Նախ սկսեցին հիշել, որ բազմաթիվ պաշտոնյաներ նույնպես ժամանակին օգտվել են տարկետման իրավունքից կամ ընդհանրապես չեն ծառայել, այդ թվում՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հետո բողոքի ձայն բարձրացրեցին ուսանողները: Մեկ շաբաթ շարունակ նրանք դասադուլ էին անում, երեկ էլ նրանցից մի քանիսը հացադուլ եւ նստացույց հայտարարեցին: Երեկ ուշ երեկոյան, սակայն, հացադուլավորներից մեկը վատ է զգացել, նրան բուժօգնություն են ցուցաբերել: Էդուարդ Շարմազանովը նրանց կոչ է արել դադարեցնել հացադուլը՝ նշելով, որ օրենքն արդեն ընդունված է, հիմա հարկավոր է շփման եզրեր գտնել:

Իսկ դասադուլավորներն օրենքի ընդունումից հետո հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ: Ուսանողները փակել են Բաղրամյան պողոտայի մի հատվածը, իսկ իրավապահները ուժեղացրել են հսկողությունը պողոտայում: Նրանք ցուցարարներին կոչ են արել հեռանալ՝ հակառակ դեպքում սպառնալով ուժով հեռացնել: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ նաեւ քաշքշուք է սկսվել, բայց կարճ ժամանակ անց իրավիճակը հանդարտվել է, իսկ ավելի ուշ Բաղրամյան են եկել հացադուլավոր ուսանողները:

Ի վերջո ուսանողներին խորհրդարանում հանդիպման են հրավիրել: Պատգամավորների հետ նրանք քննարկել են ստեղծված իրավիճակը եւ որոշել դադարեցնել դասադուլն ու հացադուլը: Իսկ նոյեմբերի 22-ին կլոր սեղան կազմակերպել՝ լսելու բոլոր կողմերի տեսակետներն ու հիմնավորումները: Մի՞թե հնարավոր չէր տեսակետները ներկայացնել եւ փոխզիջում գտնել նախորդ հանդիպումներում, ասենք՝ վարչապետի հետ հանդիպմանը: Լրագրողի հարցին Դավիթ Պետրոսյանը պատասխանել է, որ հիմա դասադուլով ոչնչի չեն հասնի, օրենքն արդեն ընդունվել է: Արդեն պետք է աշխատեն կառավարության որոշումներում իրենց գաղափարները ներառելու ուղղությամբ: Ի դեպ, դասադուլը դադարեցնելու որոշումից բազմաթիվ ուսանողներ գոհ չեն եղել:

Ազգային ժողովի այսօրվա նիստում քվեարկության են դրել նախօրեին քննարկված օրինագծերը, իսկ հետո պատգամավորները սկսել են քննարկել 2018 թվականին պետբյուջեի նախագիծը: Օրենսդիրների հարցերին պատասխանելու համար խորհրդարան էր եկել ֆինանսների նախարարը: Նիկոլ Փաշինյանն արձանագրել է. 2018 թվականին կենսաթոշակները, աշխատավարձերը, նպաստները չեն բարձրանում, բայց հաջորդ տարի գնաճն արդեն 10 տոկոսի է հասնելու: Վարդան Արամյանն ի պատասխան երկար-բարակ թվեր է ներկայացրել, հետո հավելել, որ նպաստները բարձրացնելու փոխարեն փորձում են հատկապես գյուղերում մարդկանց աշխատելու հնարավորություն տալ: Պատգամավորը հեգնել է. արտադրություն հիմնելու համար վարկ եք տալիս, բայց բանկերը, օրինակ, սահմանամերձ շրջաններում ձեռնարկություն հիմնողներին ռիսկային են համարում:

Նաիրա Զոհրաբյանին էլ հետաքրքրել է կառավարության «դուխը». ինչո՞ւ են արտոնյալներին թողած՝ «նեղություն տալիս» փոքր եւ միջին բիզնեսին: Պատգամավորը նկատի ուներ «Առինջ մոլ»-ի առեւտրականների դժգոհությունը հարկային վարչարարությունից:

«Ելք» խմբակցությունն այսօր նաեւ քաղավիացիայի վիճակի մասին հարց էր քննարկման դրել: Նիկոլ Փաշինյանը կանխատեսել է, որ «Արմենիա» ավիաընկերությունը շուտով կարող է փակվել, քանի որ ռուսական ընկերությունները մոնոպոլիզացրել են հայկական ավիաշուկան: Չվերթներից ու ավիատոմսերի գներից դժգոհ է նաեւ Նաիրա Զոհրաբյանը: Նա եվրոպական երկրների օրինակն է բերել՝ ներողություն խնդրելով ձեւակերպումների համար:

Այսօր խորհրդարանում նաեւ կառավարության անդամների հետ հարցուպատասխանի օր էր: Նիկոլ Փաշինյանը մանրամասն հետեւել էր վարչապետի ամփոփիչ ասուլիսին ու մի քանի հարց առանձնացրել. որպես ՀՀԿ նախագահ եւ Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավոր Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին լրագրողի հարցին Կարապետյանը պատասխանել էր, որ լիարժեք համակարծիք է: Պատգամավորը հետաքրքրվել է. բա որ նրան մի բան պատահեց, ինչ ենք անելու: Վարչապետը կարճ է պատասխանել. ինչ ասել է, նույն կարծիքին է: Իսկ 2018 թվականին ինքն իր թեկնածությունը կառաջադրի՞ վարչապետի պաշտոնում, թե՞ կբավարարվի երկրորդ, երրորդ փոխվարչապետի պաշտոնով կամ կվերադառնա Մոսկվա՝ «Գազպրոմ»:

Մերձավոր Արեւելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լիբանանի նախագահը Սաուդյան Արաբիայի իշխանություններին մեղադրել է վարչապետ Սաադ Հարիրիին ու նրա ընտանիքին պատանդ պահելու մեջ: Միշել Աունը նաեւ Էր Ռիադի գործողությունները Բեյրութի դեմ ագրեսիայի ակտ է որակել: Նշենք, որ քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ Սաուդյան Արաբիայում գտնվող Սաադ Հարիրին անսպասելիորեն հայտարարեց Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարվելու մասին: Նա մտավախություն ունի, որ իր դեմ մահափորձ են նախապատրաստում, ինչպես հոր՝ երկրի հանգուցյալ վարչապետ Ռաֆիկ Հարիրիի դեմ: Հստակ անուններ չնշվեցին, սակայն որոշ փորձագետներ Իրանին ուղղված ակնարկ նկատեցին:

Մինչդեռ Լիբանանի նախագահը հայտարարել է, որ չի ընդունելու Հարիրիի հրաժարականը, քանի դեռ նա չի վերադարձել եւ պաշտոնապես չի բացատրել հրաժարականի պատճառները: Ավելի վաղ Սաադ Հարիրին Twitter-ում գրել էր, որ առաջիկա օրերին կվերադառնա Լիբանան, բայց իր ընտանիքը կմնա Սաուդյան Արաբիայում: Իսկ վարչապետի պաշտոնից հրաժարվելու որոշումը նա պատճառաբանել է «Լիբանանի շահերը պաշտպանելու ձգտմամբ»: «Հըզբալլահ»-ի առաջնորդ Հասան Նասրալլան իր հերթին հայտարարել էր, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է Սաուդյան Արաբիայում փնտրել:

Դոլարի վերելքըը դադարեց, եվրոն թանկացել է եւս 6 դրամով: Նոյեմբերի 15-ին դոլարի փոխարժեքն արդեն կազմել է 487 դրամ, եվրոյինը՝ 577, ռուբլունը՝ 8 դրամ 09 լումա, ֆունտինը՝ 641 դրամ:

Նոյեմբերի 16-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +3+5, ցերեկը՝ +14+16 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ