Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինը մեղավոր է ճանաչել ՀԴԲ-ին կեղծ ցուցմունք տալու մեջ, սակայն նշել է, որ նա հանդես է եկել նախագահի թիմի հանձնարարությամբ եւ հայտարարել է, որ պատրաստ է համագործակցել հետաքննության հետ «ամեն ինչ կարգավորելու համար», հաղորդում է BBC-ն:

ՀԴԲ-ին խաբելու մեղադրանքները ներկայացվել են դեկտեմբերի 1-ին, նույն օրը առաջին դատական նիստն է անցկացվել: Դատավորի հարցին՝ արդյոք նա ընդունում է իր մեղքը, Ֆլինը կարճ պատասխանել է. «Այո, սըր»

Նա  մեղադրվում է «կանխամտածված եւ գիտակցված» խաբեության մեջ՝ ՀԴԲ-ին «իրականությանը չհամապատասխանող, կեղծ եւ խաբուսիկ» տեղեկություններ տրամադրելով:

Մեղադրանքները ներկայացված են Ռոբերտ Մյուլերի կողմից անցկացվող հատուկ քննության շրջանակներում՝ 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններում հնարավոր ռուսական միջամտության վերաբերյալ գործով:

Ֆլինը պնդում է, որ քարոզարշավի ընթացքում ռուսական կողմի հետ բանակցություններ է վարել Թրամփի կարգադրությամբ:

 «Շատ ցավոտ էր ամիսներ շարունակ դավաճանելու եւ այլ վրդովեցնող գործողությունների մասին սուտ մեղադրաքնները տանել»,- հայտարարության մեջ ասել է Ֆլինը:

«Ես հասկանում եմ, որ այն գործողությունները, որոնց մասին ես այսօր դատարանում խոստովանել եմ, սխալ են եղել: Եվ այսօր Աստծո օգնությամբ, ես հուսով եմ ուղղել դրանք»:

Ի պատասխան Սպիտակ Տունը սեփական հայտարարությամբ է հանդես եկել.

«Հնչած կեղծ հայտարարությունները արտացոլում են այն կեղծ հաղորդումները, որոնք Սպիտակ տան պաշտոնյաները լսել են եւ որոնք հանգեցրել են Ֆլինի հրաժարականին: Ներկայացված մեղադրաքներում կամ մեղքի խոստովանության մեջ բացի Ֆլինից որեւէ այլ անձի առնչությունը չի երեւում», - նշվում է հայտարարության մեջ: