Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է Արեւելյան Երուսաղեմում  դեսպանատուն բացելու մտադրության մասին՝ Վաշինգթոնի` դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշմանը ի պատասխան:

 «Մենք արդեն հայտարարել ենք Արեւելյան Երուսաղեմը Պաղեստինի պետության մայրաքաղաք ճանաչելու մասին, բայց մենք հնարավորություն չենք ունեցել բացելու մեր դեսպանատունը, քանի որ Երուսաղեմն այժմ օկուպացիայի մեջ է»,-ասել է նա: - Ներկայումս մեր երկիրը Պաղեստինում ներկայացված է հյուպատոսության մակարդակով, որը ղեկավարում է դեսպանը:Փաստացիորեն մենք արդեն կատարել ենք այդ խնդիրը: Առաջիկա օրերին մենք կբացենք մեր դեսպանատունը»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու եւ ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու իր որոշման մասին: ԱՄՆ-ի որոշումը դրականորեն ընդունվեց Իսրայելում եւ բացասական արձագանքի արժանացավ աշխարհի բազմաթիվ երկրներում, առաջին հերթին՝ Մերձավոր Արեւելքի եւ Պաղեստինի:

Երուսաղեմի կարգավիճակի հարցը պաղեստինա-իսրայելական հակամարտության հիմնական խնդիրներից է: 1967 թ. պատերազմի ժամանակ իսրայելցիները գրավել են քաղաքի արեւելյան մասը: Նրանք պնդում են, որ Երուսաղեմն Իսրայելի «միակ եւ անբաժանելի» մայրաքաղաքն է: Պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան հատվածն իրենց պետության մայրաքաղաք դարձնել: