Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին անցած տարի հուլիսի 1-ին 2 մարդու կյանք խլած ողբերգական վթարի գործով  դատավճիռ է կայացվել:

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը վարորդ Վիգեն Սեխլեյանին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով եւ դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով՝ 2 տարի ժամկետով զրկելով տրանսպորտի միջոցներ վարելու իրավունքից:

Նշենք, որ նախաքննությամբ պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վիգեն Սեխլեյանը սթափ վիճակում, մոտ 70-80 կմ/ժ արագությամբ Երեւան-Մեղրի միջպետական ավտոճանապարհին, առանց նախապես համոզվելու վազանցի կատարման անվտանգության մեջ, դուրս է եկել վազանցի ու ավտոմեքենան դուրս է բերել հանդիպակաց ուղեմաս եւ բախվել հանդիպակաց ուղղությամբ ընթացող մեքենային: Վթարի հետեւանքով այդ մեքենայի ուղեւորներ, հարո ու սկեսուր մահացել են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ.-ին հուլիսի 1-ին ժամը 07:33-ին Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի էր ունեցել ավտովթար: Վթարի հետեւանքով 2 ուղեւոր մահացել էր, եւս 11-ը ստացել էին մարմնական վնասվածքներ: Վիրավորներ մեջ կային նաեւ Իրանի քաղաքացիներ: