Մարտունի քաղաքի դիահերձարանում այսօր` մարտի 29-ին, լարված իրավիճակ է ստեղծվել: NEWS.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ Հակոբ Խաչատրյանը պատմեց, որ իր ազգականներից 71-ամյա Խաչատրյան Միշայի դին բերել են դիահերձելու, սակայն դիահերձարանում հրաժարվում են դիահերձել` ասելով, որ դին պետք է մեկ օր մնա` մինչեւ դատաբժշկի գալը:
Մահացածի հարազատները հրաժարվում են դին թողնել դիահերձարանում, պահանջում են անհապաղ դիահերձում իրականացնել:
«Ստեղ ոչ տեր կա, ոչ տիրական, ահավոր սանիտարահիգիենիկ պայմաններ են` առաստաղից գաջերը թափվում է ննջեցյալի գլխին, սառնարան չկա, տանիքը կաթկթում է: Մենք չենք ցանկանում այս պայմաններում թողնել ննջեցյալին, իրենք էլ ասում են` թող մնա մինչեւ վաղը դատաբժիշկը գա, նոր դիահերձում կանեն, դին մեզ կտան»,-ասաց Հակոբ Խաչատրյանը:
Հակոբ Խաչատրյանը հավելեց, որ իրենք պահանջում են դիահերձումը հիմա կատարեն, քանի որ չեն կարող դին թողնել նման պայմաններում: Նրա խոսքով` եթե իրենց պահանջը չկատարվի, իրենք այլ միջոցների կդիմեն:
Նշենք, որ 71-ամյա Միշա Խաչատրյանը մահացել է երկարատեւ հիվանդությունից:
.jpg)































