Առնվազն 14 մարդ է զոհվել Կանադայի կենտրոնական հատվածում հոկեյի երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսի վթարի հետեւանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Ժանդարմերիայի տվյալներով՝ ավտոբուսում 28 մարդ է եղել։ Զոհվել է 14 մարդ, մնացածը տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում։

Humboldt Broncos հոկեյի երիտասարդական թիմին տեղափոխող ավտոբուսի վթարը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան Սասկաչեւան նահանգի մայրուղիներից մեկի վրա։ Իրավապահները իրականացնում են միջադեպի հետաքննություն։

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն ցավակցել է զոհերի հարազատներին ու բարեկամներին. «Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչպես են ապրելու զոհերի հարազատները...Անկեղծորեն կիսում եմ այս սարսափելի ողբերգության ժամանակ տուժածների ցավը»,–գրել է նա իր թվիթերյան էջում։