Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններում թեկնածու է առաջադրվել Ժողովրդական դաշինքի կողմից, որի մեջ մտնում են «Արդարություն եւ զարգացում» եւ ազգայնական Ազգային շարժում կուսակցությունները, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հունիսի 24-ին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում Էրդողանի թեկնածությունը նախօրեին առաջադրել էր «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը: «Մենք քիչ առաջ հայտ ներկայացրեցինք Բարձրագույն ընտրական խորհուրդ: Հարգարժան Թայիփ Էրդողանը ընտրություններին կմասնակցի որպես մեր Ժողովրդական դաշինքի ընդհանուր թեկնածու: Սա պատմական օր է, մենք եւս մեկ քայլ կատարեցինք կայուն Թուրքիա տանող ճանապարհին»,- Անկարայում լրագրողներին ասել է Յըլդըրըմը: