Հայոց ցեղասպանության պատմության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը այսօր՝ հունիսի 27-ին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին եւ փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին ուղղված կոշտ գնահատականներով ու պիտակներով լի գրառումից հետո երկրորդ գրառումն է արել Facebook-ի իր էջում, որտեղ 5 հարց է ուղղել ԿԳ նախարարին:
Նա, մասնավորապես, գրել է.
«1. Ինչո՞ւ մեկ ամսվա ընթացքում ժամանակ չունեցաք հանդիպելու ու ստեղծված իրավիճակը համատեղ քննարկելու իմ առաջարկներին պատասխանելու համար:
2. Արդյոք տեղյա՞կ էիք, որ Հովհաննես Հովհաննիսյանը հենց ձեր անունից էր հոխորտում ոստիկանների միջոցով ինձ դուրս հանել թանգարանից:
3. ԿԳՆ իրավաբանական վարչության պետը նախորդ շաբաթ ինձ հետ հանդիպման ժամանակ նշեց, որ մի քանի դրվագով խախտվել են իմ իրավունքները: Դուք կիսո՞ւմ եք այդ տեսակետը:
4. Արդյոք ճի՞շտ եք համարում որեւէ մեկի սենյակ մուտք գործելը առանց թույլտվության կամ որեւէ մեկի ներկայության:
5. Պատրա՞ստ եք արդյոք մամուլի ասուլիսի ձեւաչափով հանդիպել ցանկացած վայրում, այս հիմնախնդիրներին անդրադառնալու եւ բոլոր հարցերին պատասխանելու համար»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Դեմոյանը Facebook-ի իր էջում հայտարարել էր, որ իր բացակայության ընթացքում ԿԳ նախարարն ու փոխնախարարը ներխուժել են իր աշխատասենյակ: Նա սպառնացել էր ԿԳ նախարարին ու փոխնախարարին, որ պարացնելու է, նաեւ կոչ էր արել «չհաբռգել»: Դեմոյանը խոստացել էր նրանց վերաբերյալ ուշագրավ բացահայտումներ անել:
Չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք, ձեզ պարացնելու ենք. Հայկ Դեմոյանը՝ ԿԳ նախարարին ու փոխնախարարին





























