News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Շվեյցարական Swissquote bank-ը մուտք է գործում հայկական շուկա: Հայաստանում բանկի գործունեության մեկնարկին նվիրված պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ նախօրեին: Հայաստանում Swissquote bank-ը գործելու է FTH (Financial trading house) միջնորդական ընկերության միջոցով, որն առաջարկում է ծառայություններ գործակալի ֆինանսական շուկայում, մասնավորապես` Swissquote առցանց–բանկում հաշիվ բացելու միջնորդ է հանդիսանում։

FTH ընկերության տնօրեն Անգին Ղուկասյան լրագրողների հետ զրույցում նշեց, որ ընկերությունը շվեյցարական բանկի հետ համագործակցության շրջանակներում զբաղվելու է Հայաստանում հաճախորդների ներգրավմամբ եւ հաշիվների բացումով Swissquote bank-ում:

Ընկերությունը բանկի հաճախորդներին վարձակալության են տրամադրելու ռոբոտներ (ավտոմատացված համակարգ), որոնք կատարելու են Արտարժութային գործարքներ, անդադար աշխատեցնելու են առեւտրային հաշվի գումարները` ապահովելով եկամուտ` փոխարժեքի բորսայական տոկոսադրույքների փոփոխության հաշվին:

«Բացեք ձեր անվամբ առեւտրային հաշիվ շվեյցարական Swissquote bank-ում, որտեղից գումարների ելքագրումը կարող է կատարվել միայն ձեր ստորագրությամբ, վարձակալեք FTH-ից ռոբոտներ` ոսկյա եւ արծաթյա, եւ  յուրաքանչյուր 25 աշխատանքային օրը մեկ ստացեք համապատասխանաբար 4 եւ 8  տոկոս պասիվ եկամուտ: Տանը նստած հետեւեք, թե ինչպես է յուրաքանչուր օր շուկայի արտարժույթի եւ ապրանքահումքային բորսայի գների տատանման վրա ռոբոտը համապատասխան ալգորիթմով գումար վաստակում ձեզ համար»,- նշեց ընկերության տնօրենը, հավելելով, որ ընկերությունը տրամադրում է մի ծրագիր, որը  տեղադրվում է հաճախորդի անվանական հաշվի վրա` VPS սերվերում:

Շվեյցարական բանկի հաճախորդ կարող է դառնալ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, ով գործունակությամբ եւ իրավունակությամբ համապատասխանում է շվեյցարական բանկային օրենսդրությանը՝ 18 տարեկանից բարձր է, ունի արտարժութային հաշիվ Հայաստանում: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 3 հազար դոլար (հնարավոր է եվրոյով, ԱՄՆ դոլարով եւ շվեյցարական ֆրանկով):

Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է գումար փոխանցել հայկական հաշվից սեփական հաշվին շվեյցարական բանկում, Ռոբոտի վարձավճարը կազմում է ավանդի 0,4-0,8 տոկոսը, որը ներառում են  նաեւ փաստաթղթավորման եւ խորհրդակցության ծախսերը:

«Swissquote bank գործունեությունը վերահսկվում է Շվեյցարիայի Ֆինանսական շուկաների վերահսկողության ծառայության (FINMA) կողմից` հաճախորդները ապահովագրված են մինչեւ 100 հազար շվեյցարական ֆրանկով: Բացի այդ, ռոբոտների գործունեությունը եւ դրա հետեւանքով հնարավոր ֆինանսական կորուստներն ապահովագրվելու են լոնդոնյան DUAL ապահովագրական ընկերության կողմից, ինչը լիովին երաշխավորում է միջոցների վերադարձելիությունը», - ասաց Անգին Ղուկասյանը:

Նա տեղեկացրեց, որ FTH ընկերությունը Հայաստանում սկսել է գործել 3 տարի առաջ, բավականին բարդ ճանապարհ է անցել վստահություն ձեռք բերելու առումով, սակայն վերջին մեկ ու կես տարվա ընթացքում հաճախորդների թիվը էապես ավելացել է, գերազանցելով հարյուրը:

«Մեր աշխարհագրությունը չի սահմանափակվում Հայաստանով` մենք ունենք հաճախորդներ Ավստրիայից, Ռուսաստանից, ինչպես նաեւ Հայաստանում ռեզիդենտ Իրանի քաղաքացիներ»,-նշեց ընկերության տնօրենը:

Ըստ նրա, FTH կողմից տրամադրվող ֆինանսական գործիքի առավելությունն այն է, որ այն` ի տարբերություն այլ բանկային ծառայությունների, ունի ամսական եկամտաբերություն. ավանդատուն վաստակում է 4-8 տոկոս եկամուտ յուրաքանչյուր 25 օրը մեկ:

Swissquote bank-ի ներկայացուցիչ Մուամար Բեհնամը իր հերթին նշեց, որ բանկի ռազմավարությունն է ամեն երկրում գտնել մեկական հուսալի գործընկեր, որը երաշխավորելով իր հաճախորդների շահույթը, ապահովում է երկարաժամկետ համագործակցություն:

Միջոցառմանը ներկա տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ Հայաստանի ֆինանսական ծառայությունների շուկայում շվեյցարական բանկի հայտնվելը միայն ողջունելի է. «Այս նախաձեռնությունը վկայում է մեր երկրում իրականացվող փոփոխությունների նկատմամբ վստահության աճի մասին, այդ թվում` ներդրողների վստահության: Swissquote bank-ի ներկայությունը Հայաստանում ֆինանսական ռեսուրսների հավելյալ հնարավորություն է տալիս տեղի տնտեսություններին, ինչպես նաեւ թույլ է տալիս ավելացնել դրանց շրջանառությունը մեր երկրում: Իհարկե, որքան ավելի շատ են գումար ներդնելու նման հնարավորությունները, այնքան ավելի մեծ է մրցակցությունը ֆինանսական սեկտորում»,- ասաց նախարարը:

Մյուս կողմից, շարունակեց նա, Swissquote bank-ի ներկայությունը իրական հնարավորություն է ստեղծում Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներով հետաքրքրվող օտարերկրյա ներդրողների համար` օգտվելու հեղինակավոր բանկային այս ծառայությունից:

«Այն նաեւ կարող է կամուրջ լինել միջազգային ներդրողների  եւ ԵՏՄ երկրների շուկաներում ֆինանսական ռեսուրսների շրջանառության համար: Ներդրված ավանդներով ֆինանսական պարտավորությունները կարող են նաեւ արժեթղթավորվել եւ դառնալ ֆինանսական իրական ակտիվներ, ինչը կարող է նպաստել մեր երկրում կապիտալի շուկայի ձեւավորմանը եւ առաջընթացին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան  Լուկաս Գասսերը նշեց, որ եւս մեկ շվեյցարական ընկերության առկայությունը հայաստանյան շուկայում դրական ազդանշան է այլ ընկերությունների համար:

«Շվեյցարիայում Հայաստանի պես բոլորն իրար ճանաչում են ու երբ իմանում են, որ իրենց գործընկերներն աշխատում են Հայաստանում, որոշում են, որ իրենք էլ կարող են այստեղ  բիզնեսով զբաղվել, դա կունենա ձնակույտի ազդեցություն», – ասաց Գասերը։

Ըստ նրա, Հայաստանը ֆինանսական ծառայությունների համար շատ բարենպաստ երկիր է, այստեղ շվեյցարական բիզնեսը բազմաթիվ բարեհաջող ներդումային ծրագրեր է իրականացրել:

«Այս նախաձեռնությունը էլ ավելի կբարելավի մեր երկրների միջեւ առկա  ջերմ հարաբերությունները»,-ասաց դեսպանը:

FTH –ը հիմնադրվել է 1999 թվականին եւ դարձել համաշխարհային ֆինանսական շուկայում առաջատար ընկերություններից մեկը: 2015 թվականից ընկերությունը միջնորդական ծառայություններ է տրամադրում շվեյցարական Swissquote bank-ին:

Swissquote Group Holding բանկային խմբի անդամ Swissquote bank-ը հիմնադրվել է 2000 թվականին եւ հանդիսանում է շվեյցարական խոշորագույն առցանց բանկերից մեկը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր (ֆոտո)
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ...
5 միլիոն դրամ` Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին
Կարևորելով իմաստավորված ու դրական քայլերը՝ Բանկը շարունակ ներդրում է կատարում առողջ համայնքներ կառուցելու գործում...
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդումայի պատգամավոր
«Ավելի վատ իրենց համար»...
«Ամերիաբանկը» վաճառվեց, գործարքը կնքվել է, բաժնետերերի կառուցվածքում փոփոխությունները գրանցվել են
Հիշեցնենք, որ շուրջ 1 ամիս առաջ հայտնի դարձավ, որ «Բենք օֆ Ջորջիա»-ն (Bank of Georgia Group PLC) պատրաստվում է 303.6 մլն ԱՄՆ դոլարով գնել հայկական...
Իդրամն ու IDBank-ը մասնակցել են Կանանց հզորացման սկզբունքների հայտարարագրի ստորագրման արարողությանը
Հայտարարագրի ստորագրման արարողությունից առաջ տեղի ունեցավ «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» միջոցառումը...
Ամենաշատ