News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիական Իդլիբի շուրջ զարգացումները կարող են հասնել Անդրկովկաս: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը:

Խոսելով Նախիջեւանում թուրքական բազայի ստեղծման հնարավորության մասին՝ փորձագետը նշեց, որ դա, անկասկած, Ռուսաստանին այնքան էլ դուր չի գա, սակայն շեշտեց, որ Մոսկվան հիմա Անկարայի հետ այլ եւ բավական էական խնդիրներ ունի Իդլիբում: Նրա խոսքով՝ այս հարցը կարեւոր է Ռուսաստանի եւ Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների ենթատեքստում, ինչի հետ կապված Նախիջեւանում բազա ստեղծելը հիմա այնքան էլ կարեւոր հարց չէ: «Թուրքերի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է Իդլիբի վրա, եւ այն կոնֆլիկտի վրա, որն այս հարցով ծավալվեց Ռուսաստանի եւ ինչ-որ չափով Իրանի հետ»:

Խոսելով Սիրիայում Թուրքիայի փոխզիջումների դիմաց Նախիջեւանում թուրքական բազայի ստեղծման հարցում Ռուսաստանի կողմից զիջումների հնարավորության մասին՝ Ֆելգենհաուերը քիչ հավանական համարեց, որ թուրքերն «ամեն ինչ այդքան հեշտ կհանձնեն»: Նա նշեց, որ Իդլիբի շուրջ զարգացումների ելքից է կախված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի կառավարության կայունությունը: Նա նշեց, որ ազգայնականների համար, որոնք իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ մտնում են կոալիցիայի մեջ, անընդունելի է Իդլիբի հանձնումը, որտեղ թուրքամետներ են բնակվում: Փորձագետը նշեց, որ սա կարող է հանգեցնել անչափ լուրջ հետեւանքների եւ Թուրքիայում ճգնաժամի: «Ուստի նրանք հիմա Նախիջեւանի ժամանակը չունեն»:

Ընդ որում՝ եթե չհաջողվի Իդլիբի հարցում փոխզիջման հասնել, դա կարող է հանգեցնել Ռուսաստանի եւ Թուրքիայի շատ լուրջ դիմակայության, որոշակի չափով՝ Թուրքիայի եւ Իրանի, եւ այս ամենը կարող է բերել նրան, որ իրավիճակը կանդրադառնա Անդրկովկասի վրա: «Սակայն հիմա հակադրությունների հիմնական կենտրոնը Իդլիբում է»,- ասաց քաղտեխնոլոգը:

Ի պատասխան հարցին՝ Մոսկվայի եւ Երեւանի հարաբերություններում լարվածությունն ինչպե՞ս կանդրադառնա ղարաբաղյան հակամարտության վրա, Ֆելգենհաուերը նշեց, որ Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններում լարվածությունը «բավականին միջակ է»: «Դեռեւս պայթյունի չի հասել, սակայն լարվածություն եւ փոխադարձ անվստահություն կա: Ավելի ճիշտ՝ նույնիսկ ոչ թե փոխադարձ, այլ հատկապես Մոսկվան չի վստահում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը: Սակայն Մոսկվան հիմա պատրաստ չէ խզման գնալու, դրա համար հիմքեր չկան: Մոսկվային հիմա ամենեւին պետք չէ առճակատումը, Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսումը: Չնայած դրանից չի հետեւում, որ այնտեղ ոչ մի բան տեղի չի ունենա, ամեն ինչ չէ, որ Մոսկվայում է որոշվում: Նրան դա հիմա պետք չէ: Նրան ձեռնտու է ստատուս քվոյի պահպանումը»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է մոտ հեռանկարում ռազմական գործողությունների վերսկսումը, փորձագետը պատասխանեց, որ հաշվի առնելով իրավիճակի անելանելիությունը՝ ամեն ինչ հնարավոր է: «Կողմերը սպառազինությունը մեծացնում են, կարգավորման ոչ մի հեռանկար առայժմ չկա: Նման իրավիճակում վաղ թե ուշ սովորաբար ինչ-որ բան սկսվում է: Ինչպես ցույց տվեց ապրիլյան պատերազմը, Ադրբեջանը հիմա սպառազինության ոլորտում որոշակի առավելություն ունի: Եվ այս առավելությունը ոչ մի տեղ չի անհետացել: Սակայն հակամարտության կողմերը, այդ թվում Ադրբեջանը վճռորոշ պատերազմ սկսելու անկնհայտ ցանկություն չունեն: Կարծում եմ, որ (Ադրբեջանի նախագահ Իլհամ) Ալիեւին դա ամենեւին պետք չէ, վտանգը մեծ է, իսկ շահումը՝ անհասկանալի: Հնարավոր է շատ բան կորցնել, իսկ ի՞նչ կշահես: Ավելի հեշտ է ստատուս քվոն պահելը: Վճռորոշ պատերազմը պետք չէ ո՛չ Երեւանին, ո՛չ Բաքվին: Հայաստանը կարիք չունի հիմա ունեցածից հեռուն գնալու, Ադրբեջանն էլ կարիք չունի Ղարաբաղից ինչ-որ կտորներ հետ նվաճելու: Եթե չստացվի՝ հնարավոր է շատ բան կորցնել, իսկ եթե ստացվի՝ ինչ անել դրա հետ հետո: Քանի դեռ Ղարաբաղում դիմակայություն կա, դա Ալիեւի անձնական իշխանության լուրջ հիմքն է, իսկ եթե այն չլինի, նրա համար իրավիճակը կդառնա անչափ անորոշ: Ստատուս քվոն բոլորին ձեռնտու է: Այլ հարց է, որ դա չի կարող անվերջ տեւել»,- ասաց ռազմական փորձագետը:

Խոսելով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու Հայաստանի որոշման մասին՝ նա նշեց, որ դա Մոսկվային հաճելի բան անելու փորձ է: Ընդ որում՝ փորձագետը կարծում է, որ այս քայլը հազիվ թե Արեւմուտքի վերաբերմունքը Հայաստանի իշխանությունների նկատմամբ զգալիորեն փոխի: «Այնտեղ հիմնական լարվածությունը հիմա կապված է Իրանի հետ: Երեւանի համար Վաշինգթոնի հետ հարաբերություններում լուրջ խնդիր են Հայաստանի եւ Իրանի առեւտրային սերտ հարաբերությունները: ԱՄՆ ներկայիս վարչակազմի գլխավոր հակառակորդը Իրանն է, այլ ոչ թե Ռուսաստանը: Իրանի հետ Հայաստանի մտերմությունը ԱՄՆ-ի հետ հարաբերությունների համար ավելի վատ է, քան Սիրիայում որեւիցե հումանիտար առաքելությունը»,- ասաց նա:

Ֆելգենհաուերը չբացառեց նաեւ մեծ տարածաշրջանային պատերազմը, որին կարող են ներքաշվել Հայաստանն ու Ադրբեջանը: «Եթե դիմակայություն սկսվի, Իրանի պատերազմն ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հետ, ապա տարածաշրջանում իրավիճակն արմատապես կփոխվի: Անհասկանալի է, թե Հայաստանը, որպես Իրանի դաշնակից, ինչ իրավիճակում կհայտնվի: Տարածաշրջանում մեծ պատերազմը բացառված չէ, եւ այդ դեպքում դրա մեջ կներքաշվեն Հայաստանն ու Ադրբեջանը»,- ասաց նա՝ նաեւ չբացառելով, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Անդրկովկասում «սեփական խառնաշփոթ» կսկսվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ