News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

«Propose» կազմակերպության հայկական մասնաճյուղի տվյալներով՝ Երեւանում այսօր թափառական շների թիվը հասնում է 3 հազարի։ Միեւնույն ժամանակ, մասնագետները կանխատեսում են, որ տարվա վերջին այդ թիվը կհասնի 4 հազարի, քանի որ անտուն կենդանիների բազմացումը չի վերահսկվում։ Այսպիսի գնահատական NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տվեց կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը։

Փորձագետի կարծիքով՝ եթե համապատասխան միջոցներ չկիրառվեն, եւ ձմեռն էլ տաք լինի, գարնանը մայրաքաղաքում թափառական շների թիվը կարող է հասնել 10 հազարի։

«Բոլոր քաղաքակիրթ երկրներում գործում է թափառող շների ստերիլացման մեթոդը։ Սակայն մեր անպատասխանատու մարմինների կողմից կիրառվում էր ձագերին սպանելու պրակտիկան։ Ընդ որում՝ հաճախ մոր հետ միասին»,- նշեց Արամյանը։ Ըստ նրա՝ վիճակն ավելի լավ չէ մարզերում․ «Քաղաքապետարանների եւ գյուղական համայնքների կոմունալ ծառայությունները ոստիկանների եւ որսորդների ուղեկցությամբ բացահայտ, երբեմն՝ ցերեկը, դուրս են գալիս որսի։ Ցավոք, թափառող կենդանիների վրա կրակելը շարունակվում է մինչ օրս».

«Propose»-ը առաջարկում է ներդնել Կենդանիների առողջության պահպանության միջազգային կազմակերպության կողմից հաստատված՝ թափառող կենդանիների գլխաքանակը վերահսկող ծրագրեր։ Խոսքը թափառող շներին ստերիլացնելուց եւ պատվաստելուց հետո իր բնակության նախկին վայր տեղափոխելու մասին է։ Արամյանի խոսքերով՝ այդ ծրագիրը կօգնի հարցը 6 տարվա ընթացքում լուծել եւ թափառող կենդանիների թիվը մայրաքաղաքում հասցնել 1000-ի։

Այս ամենի հետ մեկտեղ՝ թափառական շների հարցը չի կարող լուծվել, եթե զուգահեռ չներդրվեն աղբի վերամշակման ծրագրեր։

«Թափառող շների հարցը կարելի է լուծել, բայց ի՞նչ կասեք առնետների մասին։ Քաղաքներում անտուն կենդանիները կրծողներին ոչնչացնող սանիտարներ են։ Եթե մենք կրճատենք շների գլխաքանակը, ապա զուգահեռ պետք է լուծվեն աղբի վերամշակման տեխնոլոգիաներ ներդնելու խնդիրները։ Հակառակ դեպքում առնետների թիվը կհասնի սպառնալի չափերի, եւ մենք ստիպված կլինենք նրանց ոչնչացնելու համար կատուներ բազմացնել»,- նշեց նա։

Արամյանը բացասական գնահատական տվեց այն հանգամանքին, որ Հայաստանում անասնաբուժական ոլորտը չի լիցենզավորվում։ «Դա նշանակում է, որ վտանգավոր դեղամիջոցների եւ թույների շրջանառությունը չի վերահսկվում, եւ անասնաբույժները, դրանից օգտվելով, կարող են անգամ փորձեր դնել կենդանիների վրա, եւ նրանցից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի»,-ասաց փորձագետը։

Կենդանապաշտպանները բազմիցս մատնանշել են թույների ազատ վաճառքը։

Օգոստոսի վերջին Երեւանի քաղաքապետարանը միակողմանի լուծեց «Յունիսեֆ-Իքս» ընկերության հետ պայմանագիրը։ Վերջինս մեղադրվում էր բյուջեի միջոցները աննպատակային օգտագործելու մեջ։ Արամյանը տեղեկացրեց, որ «Propose» կազմակերպությունը կմասնակցի թափառող շներին անվտանգ դարձնելու ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար հայտարարվող նոր մրցույթին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ