Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի դերասանները շարունակում են դեկտեմբերի 1-ին հայտարարած գործադուլը: Թատրոնի դերասանական կազմի հիմնական մասը հրաժարվում է բեմ դուրս գալ՝ պահանջելով թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Գործադուլի շուրջ երկու տասնյակ մասնակիցներ, թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նախընտրում են տեսնել դերասան Արման Նավասարդյանին, իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում՝ դերասանուհի, բեմադրիչ Նարինե Գրիգորյանին:
NEWS.am-ի հետ զրույցում գործադուլի մասնակից, դերասան Արման Նավասարդյանն ասաց, որ ամեն օր էլ հաճախում են թատրոն, սակայն որևէ գործողություն չեն անում՝ զրուցում են միմյանց հետ, սուրճ խմում:
Նավասարդյանի խոսքով՝ գործադուլը չի վնասի թատրոնի հեղինակությանը և լուրջ չի անդրադառնա բեմադրությունների վրա:
«10 օր կհետաձգենք բեմադրությունները, դա վնաս չի, վնաս է, երբ թատրոնի աշխատանքներն են խարխլվում»,- ասաց նա:
Դերասանը ոչ լեգիտիմ որակեց օրեր առաջ համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում բեմադրիչ Սուրեն Շահվերդյանի նշանակումը:
«Մենք պահանջում էինք Վիգեն Չալդրանյանի հրաժարականը, սակայն այդ թոհ ու բոհի մեջ հանկարծ նոր նշանակում է արվում, ինչը շատ ծիծաղելի է»,- ասաց նա՝ միաժամանակ նշելով, որ իրենք որևէ մեկի անձի հետ խնդիր չունեն:
Ըստ նրա՝ նոր գեղարվեստական ղեկավարի նշանակումով նպատակ են ունեցել ցույց տալ, որ բողոքող դերասանները ամբիցիաներ ունեն:
«Այդ քայլով ցանկանում էին մեզ որակել իբրև ամբիցիոզներ, այսինքն՝ եթե չեք ցանկանում Վիգին Չալդրանյանին տեսնել որպես գեղարվեստական ղեկավար, բերեցինք այլ մարդու, հիմա ի՞նչ եք ուզում: Սուրեն Շահվերդյանի նշանակումը ոչ լեգիտիմ է և կամայական»,- ասաց նա:
Նշենք, որ նախքան Շահվերդյանի նշանակումը Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի գործառույթներն իրականացնում էր թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը:
Արման Նավասարդյանը նշեց, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ իրենց առաջարկած թեկնածուն՝ դերասանուհի Նարինե Գրիգորյանն ավելի պատրաստված է:
«Թատրոնի գեղարվեստական ղեկավարը պետք է լինի այնպիսի մեկը, ով գլուխ է հանում թատրոնից, գիտի թատրոնի անցյալը, ներկան, խնդիրները և գիտի, թե ինչ դեղամիջոցներով է հնարավոր բուժել և վերականգնել թատրոնը։ Նարինե Գրիգորյանը շատ բազմազբաղ մարդ է: Լինելով շատ ակտիվ դերասնաուհի, հաճախ է մասնակցում միջազգային փառատոնների, սակայն նա պատրաստակամություն է հայտնել հանուն թատրոնի հրաժարվել շատ ու շատ բաներից»,- ասաց Արման Նավասարդյանը:
Հարցին, իսկ ինչու՞ է ինքը ցանկանում նշանակվել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, Նավասարդյանն ասաց.
«Ես էլ եմ հրաժարվել շատ-շատ բաներից, որպեզի կարողանանք թատրոնն առաջ տանել: Ես տարեկան Մոսկվայում երևի թե 2-5 ֆիլմում եմ նկարվում, էլ չեմ ասում դրսի երկարաժամկետ սերիալների մասին: Իսկապես շատ զբաղված մարդ եմ: Ես մասնագիտությամբ դերասան եմ, ես երբեք ինձ չեմ պատկերացրել սեղանի հետևը նստած՝ կնիքը ձեռքս հրամաններ տալուց, բայց հանուն թատրոնի ես պատրաստ եմ շատ ու շատ առաջարկներից հրաժարվել: Երևի լավ չեք պատկերացնում, թե մենք՝ դերասաններս որքան ենք կապված թատրոնի հետ, մենք պորտալարով ենք կապված մեր թատրոնին»,-եզրափակեց գործադուլ հայտարարած դերասանը:
Հիշեցնենք, որ Համազգային թատրոնի 20 դերասաններ դեկտեմբերի 1-ին, անժամկետ գործադուլ են սկսել՝ թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանի հրաժարականի պահանջով: Դերասանները նշում են, որ Չալդրանյանի հետ համագործոցությունը չի ստացվել, և թատրոնին անհրաժեշտ է նոր ղեկավար:




























