Համացանցում մեծ աղմուկ հանած պատգամավոր Հայկ Սարգսյանի բաճկոնը, որը արտադրողների խոսքով արժե 300 հազար դրամ եւ հատուկ կարվել է նրա համար, ոչ միանշանակ է ընդունվել նաեւ թիմակիցների եւ համախոհների շրջանում։
Այսպես, Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, մասնավորապես նշելով. «Ինձ մի հատ փրոջեքթ մենեջերի կուրտկա ու հաշիվը խնդրում եմ»։
Գրառմանը արձագանքել է «Իմ քայլը» դաշինքից ԱԺ փոխխոսնակի թեկնածու Լենա Նազարյանը։ «Գոգ, ես անկեղծ խնդիր չեմ տեսնում: Միջոցառումների որ մասնակցում ենք, բեյջ ենք կրում: Մարդիկ պարտավոր չեն իմանալ դու ով ես ու նաեւ հիշել անուն, ազգանունը: Հաճախ ինձ Ղազարյան են ասել: Ես կողմ եմ մարդկանց կյանքը հեշտացնելուն»,–նշել է նա։ Քաղաքացիների արձագանքին՝ եթե կա բեյջի կարիք ապա կարելի է բեյջ կրել, բայց բանակային կոմուֆլյաժ հիշեցնող բաճկոնը պատգամավորի հագին քաղաքացիական հասարակության մեջ այդ խնդիրը լուծելու տպավորություն չի ստեղծում, Լենա Նազարյանը արձագանքել է. «Ընկերներ ջան, իսկապես պրակտիկ լուծում է բազում իրավիճակներում, երբ շփվում ես քաղաքացիների հետ: Քաղաքացին միանգամից տեղեկանում է, թե ում մոտենալ ու ինչպես դիմել: Ես հակառակ կողմից եմ նայում: Հո՞ չի գնացել, որ ճակատը պաչեն, գնացել է ու պարտավորություններ է ստանձնել հարցեր լուծելու: Այդ ընտրատարածքում ընտրված պատգամավոր է: Ի՞նչ ցուցամոլություն»։ Քաղաքացիները հարց են բարձրացել, թե քաշմիրից, բնական մորթից եւ զամշից բացի մարդկանց կյանքը հեշտացնելու ավելի համեստ ձեւեր չկա՞ն, ապա նկատել նաեւ, որ Հայկ Սարգսյանը ընտրվել է Գեղարքունիքի մարզից, իսկ ցույցը Արմավիրի մարզում է։ «Վայ, հա, ցույցը Էջմիածնում էր: Իրավացի եք»,–գրել է Լենա Նազարյանը:
Նշենք, որ Հայկ Սարգսյանը Երեւան–Էջմիածին ճանապարհին բողոքի ցույց իրականացնող քաղաքացիների հետ հանդիպմանը եկել էր բանակային համազգեստ հիշեցնող բաճկոնով, որի մի անկյունում գրված է պատգամավոր, մյուսում՝ Հայկ Սարգսյան։





























