News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների անսպասելի արդյունքների հետ կապված NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը մեկնաբանել է ստեղծված իրավիճակը։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի խոսքով՝ թեեւ Թուրքիայի ամբողջ տարածքով ՏԻՄ ընտրություններում կրկին հաղթել է Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցությունը, սակայն այն լրիվ պարտություն է նշանակում, քանի որ կորցրեց Թուրքիայի խոշորագույն քաղաքները՝ Ստամբուլը, Անկարան, Իզմիրը եւ Անթալիան։ Իսպիրյանի խոսքով՝ Էրդողանի կուսակցությունը Թուրքիայի տարածքում ընդհանուր կորցրեց կորցրեց կարեւորություն ունեցող 16 քաղաք։

«Որպեսզի այդ կարեւորությունը հստակեցվի, պետք է նշել, որ եթե նախկինում Էրդողանի կուսակցությանը պատկանող քաղաքների բյուջեն կազմում էր բոլոր քաղաքների 75 տոկոսը, ապա այս ընտրությունների արդյունքում այն իջավ 30 տոկոս, այսինքն, AKP-ի ազդեցությունը ՏԻՄ-երում իջավ միանգամից 45 տոկոսով։ Իսկ արեւելքում, քրդաբնակ  քաղաքներում մի քանի տարի տեւած ճնշումների, ձերբակալությունների արդյունքում հազիվ կարողացավ քրդական կուսակցությունից ընդամենը 3 քաղաք վերցնել՝ Աղրը, Շրնաք եւ Բիթլիս։ Սրանք էլ հնարավոր եղավ վերցնել ինչպես ճնշումների, այնպես էլ այդ քաղաքներում տեղակայված մեծ թվով զինվորականների քվեարկությունների արդյունքում։ Այսինքն, քուրդ տեղացիներից ավելի շատ ձայներ կարողացել են ապահովել թուրքաբնակ նահանգներից տեղափոխված թուրք զինվորականներն ու իրենց ընտանիքների անդամները»,-նշեց Իսպիրյանը։

Թուրքագետը իշխող կուսակցության պարտության պատճառներից գլխավորները համարում է վերջին տարիներին տնտեսության աննախադեպ անկումները, շարունակվող թանկացումները, գործազրկության աճը, միգրացիոն քաղաքականությունը, որի հետեւանքով խոշոր քաղաքներում մեծ թվով սիրիացի գաղթականներ են հայտնվել։ Ըստ Իսպիրյանի՝ թե Անկարայում, թե Ստամբուլում իշխող կուսակցության պարտության մեջ կարեւոր դերակատարություն է ունեցել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, որը հրաժարվեց թեկնածու առաջադրել եւ հայտնեց ընդդիմության թեկնածուին աջակվցելու մասին։ Հաշվի առնելով նախկինում քրդական կուսակցության հավաքած ձայները, հենց քրդերի շնորհիվ ավարտվեց Էրդողանի հեքիաթը;

Շատ վերլուծաբաններ պնդում են, թե իշխող կուսակցությունը պարտվեց, քանի որ թեկնածուները խարիզմատիկ ու ուժեղ չէին, սակայն փորձը ցույց է տալիս, որ շատ քաղաքներում այս տեսակետը չի դիմանում քննությանը, այդ թվում հենց Ստամբուլում եւ Անկարայում նախկին ընտրությունների ժամանակ։ Թուրքիայում իշխող կուսակցությանը ընտրողները հիմնականում ընտրում են ոչ թե տվյալ քաղաքապետի թեկնածուին, այլ Էրդողանին, եւ այս անգամ իրենք չընտրեցին Էրդողանին վերը թվարկված պատճառներով։

Ստամբուլի կորուստով ավարտվեց Էրդողանի քաղաքական հաջողությունների հեքիաթը, որը տեւեց 25 տարի։ Էրդողանի քաղաքական վերելքը սկսվեց 1994 թվականին, երբ դարձավ Ստամբուլի քաղաքապետ եւ ավարտվեց Ստամբուլի կորուստով 25 տարի անց»-շեշտեց Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքական իշխանությունների եւ Էրդողանի հետագա քայլերի հետ կապված, թուրքագետը նշեց, որ Էրդողանը հեշտ հանձնվողներից չէ, եւ առաջիկայում նա լուրջ քայլեր կնախաձեռնի։ «Էրդողանը ընդունակ է ամենածայրահեղ քայլերին՝ իրավիճակն իր օգտին դասավորելու համար, սակայն այս անգամ ամեն ինչ այլ է, քան մի քանի տարի առաջ տեղի ունեցած եւ իր համար անհաջող արդյունքներ գրանցված ընտրությունների ժամանակ։ Նա այն ժամանակ արեւելքում քրդերից խոշոր պարտություններ կրելուց հետո նախաձեռնեց քաղաքական եւ ուժային ճնշումներ քրդական կուսակցության դեմ, սկսեց ռազմական գործողություններ PKK-ի դեմ, որի արդյունքում կազմակերպվեց արտահերթ ընտրություններ եւ գրանցվեց իր համար ցանկալի արդյունքը։

Բայց այս անգամ ուրիշ է, արտահերթ ՏԻՄ կազմակերպելը շատ դժվար սցենարներից է։ Դրա համար նախադրյալներ են պետք, որի հիմնական աղբյուրը ներքաղաքական եւ արտաքին քաղաքական լարվածություն հրահրելն է։ Բայց դա հղի է իշխանությունը վերջնական կորցնելու վտանգով։ Մյուս ավելի անվտանգ, սակայն երկար ժամանակահատվածում իրադրությունը կարգավորող սցենարն այն է, որ Էրդողանը կարողանա կրկին հասարակության մեջ վստահություն ձեռք բերի եւ փորձի հաջորդ ընտրություններում վերականգնի կորուստները։ Այս տարբերակի դեպքում Էրդողանը կփորձի տնտեսությունը կարգի բերել, ինչը այս պահի դրությամբ բավականին բարդ է, կփորձի արտաքին աշխարում իր վարկանիշի բարձրացման հետ կապված քայլեր անել եւ պատրաստվել հաջորդ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին»,-ամփոփեց Իսպիրյանը։

Նշենք, որ Թուրքիայում մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունը հավաքել է 44 տոկոս, սակայն կորցրել է 16 քաղաք, որոնցից են Ստամբուլը, Անկարան, Իզմիրը, Անթալիան, Երզնկան եւ այլ։

Տպել
Ամենաշատ