News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում կայացել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի եւ Ռուսատանի վարչապետները՝ Փաշինյանը եւ Մեդվեդեւը, նաեւ Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի կառավարությունների ղեկավարները։ Նիստը երկու ձեւաչափով է ընթացել՝ նեղ եւ ընդլայնված։ Արդյունքները ներկայացվել են ճեպազրույցում։ ԵՏՄ շրջանակում Հայաստանի առաջնահերթություններից մեկը գազի, նավթի, էներգառեսուրսների միասնական շուկայի ստեղծումն է․ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի էր ունենում մարզահամերգային համալիրում։ Քիչ հեռու ակցիա էր անում Նարեկ Մալյանը, եկել էր զգուշացնելու, որ Հայաստանում գոյություն ունի Սորոսի վտանգ։

Դավիթ Սանասարյանը, որ հիմնականում ֆեյսբուքյան գրառումներով էր արձագանքում իրեն առաջադրված մեղադրանքին, այսօր հրավիրեց խոստացած ասուլիսը։ Տեսանյութ, որ ապացուցում է նրա հանցանքը, Սանասարյանը հայտարարեց, որ չկա, հակահեղափոխականներն են հորինել, ով հրապարակի այդ կադրերը, նրան խոստացավ ցնցող  էքսկլյուզիվ։ Նրա փաստաբանն էլ հայտարարեց, որ մեղադրանքը շինծու է, ԱԱԾ քննչական դեպարտամենտի ձեռքի գործը։ Սրան հետևեց Սանասարյանի կոչը Վանեցյանին՝ ընդհանրապես չխոսել այս թեմայով։ Եթե  մեղադրանքը չկասեցվի, Սանասարյանը խոստացավ նոր պայքար նոր Հայաստանում՝ իրավական դաշտը մաքրելու համար։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի սենյակում այսօր հավաքվել էր «Իմ քայլի» ղեկավար կազմը։ Կրկին քննարկել են «Քաղաքացու որոշում» կուսակցության պահանջը՝ զրկել մանդատից Գագիկ Ծառուկյանին։ Իշխող թիմը նաեւ նիստ կանի, որից հետո դիրքորոշում կհայտնի, Միրզոյանն էլ հայտարարությամբ հանդես կգա։ Առայժմ որոշակի բան չեն ասում, միայն ակնարկներ, որ Ծառուկյանը ինչ-որ բան այնպես չի ասել։

ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը երեկվա համառ լռությունից հետո այսօր մանրամասն պատմեց, թե Եղեգնաձորում ինչու եւ ինչպես է ընդհարվել Վայոց ձորի փոխմարզպետի հետ։ Ինքը քաղաքացու օր էր նշում մի սեղանի մոտ, երկու երիտասարդ մոտեցել, ասել են, որ ծխախոտը գետին գցելու համար փոխմարզպետ Տոնոյանը իրենց կոպիտ նկատողություն է արել, որից հետո վեճ է սկսվել, Տոնոյանն էլ ոստիկանություն է կանչել։ Ինքը միջամտել է, բայց հեռվից՝ մոտ 30 մետրից։

Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը հրապարակվել է Datalex համակարգում։ Գործը երեկ մակագրվել է Երեւան քաղաքի դատարանի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին։ Ըստ մեղադրական եզրակացության Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը այլ անձանց հետ հանցակցությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը, իսկ Արմեն Գեւորգյանը օժանդակել է այդ դրան։ Գործարար Սիլվա Համբարձումյանի ցուցմունքով նաեւ մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին եւ Արմեն Գեւորգյանին առանձնապես կաշառք ստանալու համար։

«Սպայկայի» տնօրենը կմնա կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը այսօր մերժեց պաշտպանների բողոքը ու նրան գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Այս կալանքը, ըստ փաստաբանի, Հայաստանում կարող է տնտեսական լուրջ ճգնաժամ առաջացնել։

Տավուշի  մարզում Բարեկամավանի գյուղի դիրքերում այսօր հակառակորդի կրակից գլխի շրջանում վիրավորվել է պայմանագրային զինծառայող 32-ամյա Արգիշտի Սամվելի Սեփխանյանը։ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ զինծառայողի վիճակը ծանր կայուն է, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երեւան։ Ըստ խոսնակի՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։

Ճապոնիայի կայսր Ակիհիտոն գահից հրաժարվում է։ Դրան նախորդող ծեսերը սկսվել են մարտի 12-ից, ավարտվել այսօր։ Ակիհիտոն դարչնագույն զգեստով, որը կարող է կրել միայն միապետը, եւ մետաքսե սեւ գլխարկով դանդաղորեն մտել է Ամատերասու աստվածուհու սրբավայր, որը համարվում է կայսերական դինաստիայի նախամայրը: Կայսրն այնտեղ հին ճապոներենով ընթերցել է հանգստի գնալու «ծանուցումը»: Մինչ այդ նա ճապոնական դիցարանի աստվածներին եւ իր նախնիների հոգիներին տեղեկացրել էր միապետի պարտականությունները վայր դնելու եւ դրանք գահաժառանգ արքայազն Նարուհիտոյին փոխանցելու մասին: Դեռ 2016-ի օգոստոսին կայսր Ակիհիտոն ժողովրդին հղած հատուկ ուղերձում նշել էր, որ տարիքի պատճառով ավելի ու ավելի է դժվարանում կատարել իր պարտականությունները։

Դոլարի փոխարժեքը այսօր նվազել է՝ կազմելով 480 դրամ, եվրոն 538 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 624, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 46 դրամ:

Մայիսի 1-ին Հայաստանի հյուսիսային մարզերում սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ։ Տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը՝ +8+10, վաղը ցերեկը՝ +25+27։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ