Բժշկական կենտրոնների մասնավորեցման հարցում կա 2 խնդիր։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով բժշկական կենտրոնների մասնավորեցման խնդրին, մասնավորապես՝ եթե 11 ԲԿ-ից 9-ը մասնավորեցվելու են, ո՞րն է խնդիրը, որ ներդրողները չեն հետաքրքրվում դրանցով։
«Կարծում եմ՝ երկու խնդիր կա, նախ, որ որոշ դեպքերում դրանք գրավիչ չեն, երկրորդը՝ Պետական գույքի կառավարման կոմիտեն պետք է ավելի նախաձեռնող լինի, որ կարողանա գտնել ներդրողների։ Մենք շահագրգռված ենք, որ եթե ԲԿ–ն մասնավորեցվելու է, շուտ մասնավորեցվի, չմնա Պետ գույքի կառավարման ներքո, քանի որ էֆեկտիվ չէ, Պետգույքի կառավարման կոմիտեն պրոֆիլային հիմնարկ չէ առողջապահության համար, չի կարող հիմնարկները երկար եւ էֆեկտիվ կառավարել»,–նշեց նա։
Թորոսյանի խոսքով՝ երկու հիվանդանոցների մասով, որոնք չեն մասնավորեցվելու, նախարարությունում ունեն զարգացման ծրագրեր։
Նրա համոզմամբ՝ եթե մասնավորեցման ցուցակում գտնվող ՓԲԸ–ն երկար ժամանակ չի մասնավորեցում, պետք է դրվի լուծարման հարցը. «Եթե չի մասնավորեցվում, ուրեմն ոչ մեկին հետաքրքիր չէ եւ պետք չէ, ուստի պետք է դրվի լուծարման հարցը, իսկ եթե պետք է, միանգամից վերադարձնում ենք պետությանը»։
Նշենք, որ միայն Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը ու Ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոնը չեն մասնավորեցվելու։



























