Վերջին տարիներին աշխարհում միգրացիոն գործընթացներն ակտիվացել են, և միգրացիան միշտ չէ, որ տեղի է ունենում օրինական ճանապարհներով։ Այս միտումները չեն շրջանցել նաև Հայաստանը։ Այս առնչությամբ NEWS.am-ի թղթակիցը որոշել է պարզաբանել իրավիճակը և հասկանալ ընթացիկ տարվա առաջին ամիսների պատկերը, ինչպես նաև իմանալ, թե ինչպիսին է եղել իրավիճակը նախորդ տարիներին։

Այդ նպատակով Ազգային անվտանգության ծառայություն հարցում է ուղարկվել՝ խնդրելով տվյալներ տրամադրել հետևյալ հարցերի վերաբերյալ.

Քանի՞ սահմանախախտում է գրանցվել տարվա սկզբից։

Քանի՞սը՝ վերջին 10 տարիների ընթացքում, ըստ տարիների։

Սահմանի խախտումների համար տարվա սկզբից քանի՞ մարդ և ո՞ւմ կողմից (ՀՀ, ՌԴ) է ձերբակալվել։ Վերջին 10 տարիների ընթացքում քանի՞սը և ո՞ւմ կողմից՝ ըստ տարիների։

Տարվա սկզբից ո՞ր երկրների քաղաքացիներ են ձերբակալվել։ Վերջին 10 տարիների ընթացքում՝ ըստ տարիների։

Սակայն ԱԱԾ-ից ի պատասխան հայտնել են, որ քանի որ ԱԱԾ-ն այլևս հետաքննություն չի իրականացնում, պահանջվող տեղեկությունը պետք է հարցվի Հայաստանի Գլխավոր դատախազությունից կամ նախաքննության մարմիններից։ ԱԱԾ-ում իրենց պատասխանը հիմնավորել են Քրեական դատավարության օրենսգրքի դրույթներով։

Քննչական կոմիտեում լրիվ նույն բովանդակությամբ հարցմանը պատասխանել են, որ ՔԿ-ն հարցման մեջ բարձրացված հարցերի վերաբերյալ միասնական վիճակագրություն չի վարում։

Հարցմանը նմանատիպ պատասխան է ուղարկվել նաև Գլխավոր դատախազությունից։ Այնտեղ հայտնել են, որ Գլխավոր դատախազությունն առանձին վիճակագրություն չի վարում։

ՆԳՆ-ին ուղարկված հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ դրանում բարձրացված հարցերը գտնվում են ԱԱԾ և ՔԿ իրավասության շրջանակում և դուրս են ՆԳՆ և Ոստիկանության լիազորությունների սահմաններից։

Այսպիսով, շրջանը փակվեց։ Պարզելու, հարցումներ ուղարկելու և պատասխաններ ստանալու վրա ծախսվել է մոտ երկու ամիս, իսկ սայլը տեղից չի շարժվել։

Ստացվում է՝ սահման կա, ապօրինի միգրանտներ կան, սահմանի և սահմանային ռեժիմի խախտողներ կան, իսկ ահա վիճակագրություն չկա։ Պատասխաններից և նախորդ տարիների փորձից ելնելով՝ նման տեղեկությունը փակ բնույթի չէ։ Սակայն պատասխանները միտք են հուշում, որ գերատեսչությունների միջև համակարգումը կաղում է։ Ինչպե՞ս է ստացվել, որ ոչ մի գերատեսչություն վիճակագրություն չի վարում ազգային անվտանգության տեսանկյունից այս չափազանց կարևոր հարցի վերաբերյալ։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք ունեն իմանալու, թե ով է ապօրինի կոտրում մեր դուռը։

Մարիամ Լևինա