Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հավատում է հայկական ընտրանու հաղթանակին մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային հանդիպմանը: Մամուլի ասուլիսում Նազարյանը նշել է, թե ՌԴ թիմին երկրպագելու են 1500 ռուս երկրպագուներ:
Ոստիկանը նշել է, որ ռուս ֆանատները հայտնի են իրենց վարքով, ուստի հայ ոստիկանները սերտորեն համագործակցում են ռուս իրավապահների հետ` որեւէ միջադեպ թույլ չտալու համար:
Ռուս երկրպագուների համար առանձին տրիբունա է հատկացվել, որպեսզի նվազագույնի հասցնեն շփումը տեղացիների հետ: Մարզադաշտի մուտքի մոտ սթափության ստուգումներ են անցկացվելու: «Խաղը իսկական տոն է դառնալու, հատկապես եթե մեր թիմը հաղթի»,- ասել է Նազարյանը` նշելով, որ անձամբ մասնակցելու է խաղին եւ երկրպագելու է մեր ընտրանուն: Անվտանգության ապահովման համար աննախադեպ ուժեր են ներգրավվել, ինչպիսիք չեն եղել անգամ Հայաստան-Թուրքիա խաղի ժամանակ:
Նազարյանը նշել է, որ ոստիկանությունը մտադիր չէ որեւէ մեկին նեղացնել, բայց տոնական միջոցառումը զանգվածային անկարգության վերածել թույլ չի տա ոչ մեկին:
Նշենք, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումը սկսվելու է մարտի 26-ին, ժամը 19-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում:




























