News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ–ական նախկին պատգամավոր Ալիկ Սարգսյանը չի ընդունում «Մարտի 1–ի» գործով իրեն առաջադրված մեղադրանքը։ NEWS.am–ի հետ զրույցում նախկին ոստիկանապետն ասաց, որ որևէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ։

Անդրադառնալով 2008–ի «Մարտի 1–ի» դեպքերից երկու ամիս անց ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանի և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի (խմբ–սպանվել է 2009թ.) հանձնարարությամբ ու ցուցումներով պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելու մեղադրանքին, Ալիկ Սարգսյանն ասաց. «Անցել է  11 տարի, և ես չեմ հիշում՝ Գևորգ Կոստանյանն ինձ մոտ խորհրդակցության եկել է, թե ոչ, այսինքն՝ իրավունք չունե՞ր նախագահի օգնականը գար որոշակի  փաստաթղթեր պահանջեր և ստանար։ Կամ ընդունենք, որ եկել է. հետո՞ ինչ։ Ոստիկանությունում անկազմակերպ մարդ չկար, որ իրենք գային և այդ ամենը կազմակերպեին, ես չգիտեմ, թե ում են ցուցում տվել, սակայն ես նման բան չեմ հիշում, ինձ նման ցուցում չեն տվել։ Ոստիկանապետին նախագահի օգնականը ցուցում չի տալիս»։

Անդրադառնալով «Մարտի 1–ի» գործով Գևորգ Մհերյանին վերագրվող  արարքներին՝ Ալիկ Սարգսյանն ասաց.

«Մահացած մարդ է, նրա հասցեին ինչ ուզեն՝ կասեն, Գևորգ Մհերյանի սպանությունը բացահայտելու փոխարեն նրա անվան հետ կապված ինչ–որ բաներ են ման գալիս, որ «Մարտի 1–ի» գործը ձգձգեն։ Բարոյական ամեն նորմ խառնվել է իրար, մի փոքր համբերեք՝ կտեսնեք այս գործի ավարտը, այսօր մեղադրանք են առաջադրել, մի երկու տարուց գուցե կանչեն հարցաքննության, միայն թե երկար ձգեն գործը»։

Հիշեցնենք, որ Գևորգ Մհերյանը սպանվել է 2009-ի փետրվարի 3-ին իր տան շքամուտքի մոտ՝ դիմահար կրակոցից: Փոխոստիկանապետը 34 տարեկան էր: Մհերյանը փոխոստիկանապետի պաշտոնը ստանձնել էր 2008-ի հուլիսին, իսկ մինչ այդ ՀՀ նախագահի` իրավական հարցերով օգնականն էր: Սպանության գործը մինչև օրս բացահայտված չէ։

Ավելի վաղ ՀՔԾ–ն հայտնել է, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիք կատարելը) և 334-րդ հոդվածի 1-ին (Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը) մասերով:  Ըստ քննության տվյալների՝  ՀՀ նախագահի օգնական Գևորգ Կոստանյանը և ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանը ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգի տապալման գործիքներն ու միջոցները, ինչպես նաև հանցագործության հետքերը թաքցնելու և մարդու իրավունքների եվրոպական դատարանում ու միջազգային այլ կառույցներում տեղի ունեցածն իրավաչափ քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ՀՀ ոստիկանության մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝  ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի միջոցով կազմակերպել են նշված՝ առանձնապես ծանր հանցագործությունը նախապես չխոստացված պարտակելը՝ իրենց հանձնարարություններով ու ցուցումներով պաշտոնատար անձանց դրդելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, պաշտոնեական կեղծիքների կատարման և ապացույցները կեղծելուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ