2011-ի ապրիլի 3-ին` գիշերը ժամը 2-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնի եւ ոստիկանության պարեկա-պահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ոստիկանները վիճաբանություն են կանխել (ֆոտոռեպերտաժ):
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները Նոր Նորքի 6-րդ զանգվածի Շապրոնի 12/1 հասցեի մթերային խանութի մոտ նկատել են, որ մի խումբ քաղաքացիական անձանց եւ ռազմական ոստիկանության աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է տեղի ունենում: Ծեծկռտուքի վայրից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկվել 27-ամյա Հովհաննես Հայկանյանը, 43-ամյա Շավարշ Հակոբյանը, 35-ամյա Ավետիք Հայկանյանը եւ 37-ամյա Արամ Վարդանյանը:
Դեռեւս չճշտված տեղեկություններով, նույն օրը ժամը 23:30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Հ. Հայկանյանի եւ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի մոտ ծառայություն կատարող ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի ռազմական ոստիկանության աշխատակիցների միջեւ:
Դեպքի վայրում գտնվող ՌՈ աշխատակիցները մեզ հետ զրույցում պատմում էին, որ վիճաբանության ժամանակ Հ. Հայկանյանը անձնական օգտագործման ՎԱԶ-2121 մակնիշի 01 ՍՍ 6514 համարանիշի ավտոմեքենայով դիտավորյալ հարվածել է ՌՈ պարետային ծառայության պարեկ 1984-ին ծնված Արմեն Մանուչարյանի սեփականությունը հանդիսացող Օպել-Աստրա մակնիշի 23 ՍՍ 004 համարանիշի ավտոմեքենային:
Իսկ կռվին ականատեսներից մի քանիսն էլ պատմում էին, որ իրենք տեսել են, թե ինչպես են ՌՈ աշխատակիցները ծեծի ենթարկում ինստիտուտից «սամավոլկա» դուրս եկած մի քանի ուսանողների: Եւ երբ քաղաքացիները նկատողություն են արել ՌՈ աշխատակիցներին, վերջիններս հրահրել են վեճն ու հարձակվել իրենց կարգի հրավիրողների վրա: «Լավ ա, միլիցեքը շուտ հասան, թե չէ էդ ռազմականի տղերքը սաղին սամասուդ էին անելու»,- ասում էին նրանք:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստեղծված նյութերը ուղարկվել են Նոր Նորքի քննչական բաժին, որտեղ նախաքննություն է սկսվել: Ավտոմեքենաները քարշակի օգնությամբ տեղափոխվել են Նոր Նորքի ոստիկանության բաժնի տուգանային հրապարակ: Բերման ենթարկվածներից 2-ը ազատ են արձակվել ստորագրությամբ, իսկ 2-ը այս պահին քննիչի մոտ ցուցմունք են տալիս:
Թե ով է մեղավորը, դա կպարզի նախաքննությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, հավանաբար նախապատրաստված նյութերը ոստիկանությունից կտեղափոխվեն Ռազմական ոստիկանություն:










Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




























