News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 09
USD
478.03
EUR
530.47
RUB
7.5
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Արցախին բանակցային սեղանից դուրս թողնելն առաջին նախագահի օրոք է եղել, հետագայում դա ուղղակի պահպանվել է այն առումով, որ ուղղակի մասնակցություն չի ապահովվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Անդրանիկ Թևանյանը՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևանում արած այն հայտարարությանը, թե «ռազմական գործողությունների դադարեցման ժամանակ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ կողմ էր, սակայն ինչ-որ փուլում Հայաստանի նախկին նախագահներից մեկը որոշեց, որ Լեռնային Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը»։

«Հրադադարի ռեժիմի հաստատումից հետո, որին փաստացի մասնակցում էր Արցախը, ի դեմս ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի, արդեն սկսեց բուն բանակցային գործընթացը։ Համաձայն հրադարարի ռեժիմի՝ 30–օրյա ժամկետում պետք է համապարփակ որոշում գտնվեր, բայց այդ 30–օրյա ժամկետն արդեն տեւում է տասնամյակներ։ Այդ պրոցեսից հետո մենք ստացանք մի վիճակ, երբ բանակցային գործընթացը փաստացի փակուղի մտավ առաջին նախագահի կողմից, երբ կիրառվեց վետոն Արցախի խնդրի հետ կապված, Լիսաբոնում տեղի ունեցած հայտնի համաժողովը։ Դրանից հետո գործնականում Հայաստանը բանակցային գործընթացից դուրս էր մնացել եւ մինչեւ 1997 թվականը հայկական կողմի, առաջին նախագահի շրջապատի եւ վարվող արտաքին քաղաքականության արդյունքում գործնականում Արցախը բանակցային  գործընթացներին չի մասնակցել որպես ուղղակի մասնակից։

Հետագայում Արցախն արդեն, եթե վերցնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրականացվող բանակցությունները, երբեք չի նստել ուղղակիորեն այդ բանակցությունների սեղանի շուրջ այն ֆորմատով, որ մենք տեսնում ենք։ Արցախին բանակցային սեղանից դուրս թողնելն առաջին նախագահի օրոք է եղել, հետագայում դա ուղղակի պահպանվել է այն առումով, որ իրենք ուղղակի մասնակցություն չեն ապահովել, ուղղակի Արցախը միշտ է ներկայացված եղել՝ ե՛ւ համանախագահողների այցելությունները, ե՛ւ Հայաստանի իշխանության շփումների ներկայացումը, ի վերջո միշտ էլ հնչել է այդ տեսակետը, որ առանց Ացախի մասնակցության հնարավոր չէ հակամարտության վերջնական կարգավորումը»,– ասաց նա։

Նշենք, որ Politik.am–ը  Լավրովի հայտարարության առնչությամբ գրել է. «Հետ գնալով մեր պետության մոտ անցյալ՝ փորձենք հասկանալ, թե ինչպես է Արցախը դուրս մնացել բանակցային գործընթացից։ Օրինակ՝ «Հայք» օրաթերթի 1997 հունվարի 28-ի համարում հրապարակվել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Իգիթյանի Եվրոպայի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում հնչեցրած ելույթը, որտեղ նա հստակ արձանագրում է, որ Արցախը չի մասնակցում բանակցային պրոցեսին․«․․․Մենք հավատում ենք, որ Լեռնայի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշակվի այն կողմերի միջև, որոնք անմիջականորեն ներքաշված են կոնֆլիկտի մեջ․ մասնավորապես Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միչև։ Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը բանակցություններ կսկսի Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ․․․»,-ասվում է Հովհաննես Իգիթյանի ելույթում։

Նույն թվականին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը հայտարարել էր, որ բանակցությունների արդյունավետությունը մեծացնելու համար հայկական կողմը համաձայնել է, որ Ղարաբաղը որոշ ժամանակ չմասնակցի բանակցություններին, դրանք ընթանան Հայաստանի ու Ադրբեջանի միջև:

«Հայք» օրաթերթի 1997 թվականի փետրվարի 8-ի համարում հրապարակվել է ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի հարցազրույցը «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հետ, որտեղ նա կրկին խոսել է բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին․«․․․Ըստ Լիպարիտյանի, իրենց սպառել են Հայաստան-Ադրբեջան խորհրդակցությունները, և հիմա օգտակար կլինեն Ղարաբաղ-Ադրբեջան, Ղարաբաղ-Ադրբեջան-Հայաստան բանակցությունները»,-նշվում է թերթի հոդվածում։

Ինչպես տեսնում եք, բանակցային պրոցեսին Ղարաբաղի հնարավոր մասնակցության հարցը քննարկվել է դեռևս 1997 թվականին, ինչը նշանակում է, որ այդ պահին արդեն իսկ բանակցությունները եղել են երկկողմ, ու Ղարաբաղը սեղանի շուրջ տեղ չի ունեցել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել