Ես ունեմ համոզմունք, որ գործող իշխանությունները ԵՄ–ին անդամակցելու ոչ մի գործնական ցանկություն, որպես այդպիսին, ցավոք, չունեն։ Այս մասին Լեհաստանի հանրային հեռուստաընկերությանը (TVP) տված հարցազրույցում նշել է Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանի եվրոպական ինտեգրմանը և ԵՄ անդամակցության հեռանկարին։
«Դրանում մենք համոզվեցինք, երբ 2 օր առաջ Բիշկեկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ և ուղիղ պատասխանեց Վլադիմիր Պուտինի հարցին, ասելով, որ Եվրոպական Միության անդամակցության մասին օրենքը ընդունվել է, որպեսզի հանրաքվեն չկայանա։ Այսինքն, այն պահին, երբ Հայաստանի արևմտամետ, եվրոպամետ հայացք ունեցող քաղաքացիները փորձում էին հավաքել անհրաժեշտ քանակի ստորագրություններ, որպեսզի ի վերջո Հայաստանը հանրաքվե անցկացնի Եվրոմիությանը միանալու, Նիկոլ Փաշինյանի գործուն ջանքերով արգելափակվեց այդ պրոցեսը, քանի որ ընդունվեց այսպես կոչված օրենք, բայց եթե դուք ինքներդ փորձեք նայել օրենքի բովանդակությանը, դա ոչ այլ ինչ է, քան հռչակագրային բնույթ կրող մի հինգ-տաս տողանոց օրենք։ ԵՄ հնարավոր անդամակցությունը արգելափակվեց գործող իշխանության շնորհիվ։
ԱԳ նախարարը Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում ուղղակիորեն ասաց, որ նման օրակարգ չկա, նույնիսկ պարզ չէ՝ եկող տարի կհասցնի լինել, թե չէ։
Մենք այստեղ գործ ունենք կեղծ օրակարգերի հետ։ Մեր ժողովրդին, մեր հասարակությանը ներկայացվում է, թե իբր գործուն ջանքեր են գործադրում դեպի ԵՄ անդամակցություն, այնինչ իրականում ոչինչ տեղի չի ունենում։ Վերջին ութ տարին որևէ դրական, գործնական առաջընթաց այդ մասով չի եղել»,–ասաց նա։
Նա նկատեց, որ Եվրոպային ինտեգրումը և ԵՄ անդամակցությունը նույն բաները չեն. «ԵՄ անդամակցությունը շատ լուրջ ծանր ռազմավարական որոշման կայացում է, որին պետք է նախորդեն երկարատև քննարկումներ, բանակցություններ, օրենսդրությունների մոտարկում, իսկ Եվրաինտեգրումը շատ դրական ենք գնահատում հատկապես քանի որ այն առնչություն ունի նաև կոռուպցիայի դեմ պայքարի, պետական ինստիտուտների նորացման, իրավունքի, օրենքի գերակայության, անկախ դատական համակարգի հետ։ «Ուժեղ Հայաստանը» պատկերացնում է, որ պետք է ամեն ջանք ներդնել, որպեսզի մենք ունենանք Հայաստանում եվրոպական ստանդարտներին համահունչ պետական ապարատ, դատական համակարգ, պետական ինստիտուտներ, տնտեսական դիվերսիֆիկացիա և ոչ թե պետք է մենք սահմանափակենք մեր ջանքերը զուտ հայտարարություններ անելով։
Մենք ուզում ենք, որ լինենք խիստ նախաձեռնողական, ինքներս ներկայացնենք օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որպեսզի մեր օրենսդրությունը մոտեցվի, նմանեցվի, համահարթեցվի եվրոպական ստանդարտների, եվրոպական առաջադեմ պետությունների օրենսդրություններին»,–ընդգծեց Հարությունյանը։
Անդրադառնալով ԵՄ անդամակցության հարցին՝ Հարությունյանը նշել է, որ այսօր արդեն եվրոպամետ շրջանակներում են մտահոգություններ հնչում հենց Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունների առնչությամբ։ Հարությունյանը նշեց, որ այդ հայտարարություններից բացահայտ դարձավ, որ գործող իշխանությունները նույնիսկ մոտ ապագայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունեն։ Ավելին, ըստ Փաշինյանի, գործող իշխանությունը քաղաքացիների նախաձեռնությամբ օրենքի նախագիծը ընդունել է՝ արհեստականորեն կանխելով ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվեն։




























