News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 15
USD
477.51
EUR
533.9
RUB
7.66
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Լիբանանում թեև երկու օր է ցույցեր չկան, սակայն երկրում դեռ անկայուն իրավիճակ է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասել է  Բեյրութի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Կանդահարյանը։ «Լիբանանում այս պահին ցույցեր չկան, բայց վարչապետի և գործադիր իշխանության հրաժարականից հետո փորձ արվեց խորհրդարանի նիստ գումարել որոշ օրինագծեր անցկացնելու համար, բայց ցուցարարներն արգելակեցին, թույլ չտվեցին, որ պատգամավորները մտնեն խորհրդարան, քվորումի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց»,- նշեց նա։

Կանդահարյանի խոսքով՝ քաղաքական բանակցություններ ցուցարարների և նախագահի կամ ԱԺ նախագահի միջև չկան․ «Ցուցարարներն իրենց արմատական պահանջից չեն հրաժարվում, արդեն պահանջում են անկախ, ապակուսակցական կառավարություն, որի դերը պետք է լինի արտահերթ ընտրությունների նախապատրաստումը։ Քաղաքական բանակցություններ ցուցարարների և երկրի նախագահի կամ ԱԺ նախագահի միջև չկան, անորոշություն է և փակուղային իրավիճակ»։ Նրա փոխանցմամբ՝ 2 օր է՝ բանկերը աշխատում են, բայց ոչ լիարժեք․ «Շատ սահմանափակ գումարներ են հատկացնում հաճախորդներին, ինչը վկայում է ֆինանսական խորը ճգնաժամի մասին»։ Կանդահարյանը նկատել է, որ Իրաքում և Իրանում ցույցերի ֆոնին դրանք աշխարհաքաղաքական գործոն են դառնում․ «Իրաքում նույնպես նման ցույցեր են, Իրանում եւս ցույցեր են։

Մեկնաբանություններ կան, որ Իրանի ազդեցության դեմ տարածաշրջանում պատերազմ է ընթանում։ Ամերիկացի բանագնացները Բեյրութ կատարած այցերի ժամանակ հայտարարել էին, որ կառավարությունում ահաբեկչական կազմակերպություն չպետք է աշխատի, այսինքն, չէին վարանել «Հզբոլահ» կուսակցությանն ահաբեկչական որակում տալ։ Խնդիրը, կարծես, աշխարհաքաղաքական տեսք է ստացել, ցույցերին աջակցելու պաշտոնական աջակցություն է հնչում Վաշինգտոնից։ Ի տարբերություն Իրաքի՝ Լիբանանում ցույցերի ժամանակ հակաիրանյան կարգախոսներ չեն հնչում, զուտ կենցաղային և քաղաքացիական ցույցերը թևակոխել են քաղաքական հարթություն և ընդհանուր համակարգի վերափոխման պահանջներ են առաջ քաշվել»։ Նրա փոխացմամբ՝ Լիբանանի հայ համայնքը որոշակի դիքրորոշում չունի․ «Քանի որ շարժումն ուղղված է պետական համակարգի ապակուսակցականացմանը, ոչ միայն հայկական, այլեւ մյուս կուսակցությունները ևս պաշտոնական հայտարարություններով հանդես չեն գալիս, սակայն ցուցարարների շարքում լիբանանահայեր կան»։  

Հիշեցնենք, որ Սաադ ալ Հարիրին Լիբանանի վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել հոկտեմբերի 29-ին իշխող քաղաքական գործիչների դեմ բողոքի ցույցերի աննախադեպ ալիքից հետո, որոնց մեղադրում են կոռուպցիայի մեջ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ