News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սերժ Սարգսյանը երբեք չի հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, բացառությամբ մեկ դրվագի։ Երրորդ նախագահի գրասենյակի հայտարարությունը։ Մենք մրցունակ բուհեր, նույնիսկ ֆակուլտետներ չունենք։ Իտալիա այցը Նիկոլ Փաշինյանը սկսել է Վենետիկից։ Նժդեհի անունը հայտնի է դարձել Սարդարապատի ճակատամարտից։ Վարչապետի հանդիպումը ռուսաստանցի լրագրողների հետ։ Սուրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել։ Սյունիքի նախկին մարզպետը հետախուզման մեջ է։ Ինչո՞ւ է երթուղայինի վարորդը փորձել կտրել դերասանի պարանոցը։ Արտյոմ Կարապետյանը որոշել է սառը զենք պահել մոտը։ Միջադեպ Ենոքավանի անտառում։ Հովազի եւ որսորդի գոտեմարտը տեւել է հինգ րոպե։

Սերժ Սարգսյանը, բացառությամբ մեկ դրվագի, երբեւէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, նշված է երրորդ նախագահի գրասենյակի ֆեյսբուքյան էջում։ Հայտարարության մեջ նշվում է, որ Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի շփումների մասին պարբերաբար տարածվող լուրերը անհիմն են: «Ո՛չ պաշտոնավարման տարիներին, ո՛չ պաշտոնաթողությունից հետո, ո՛չ էլ երբեւէ Սերժ Սարգսյանը ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել հիշյալ անձնավորության հետ, բացառությամբ 2018 թվականի ապրիլի 22-ին հրապարակային եւ ընդամենը մի քանի րոպե տեւած հանդիպման», ասված է հայտարարությունում։

Վարչապետ Փաշինյանի գլխավորած պատվիրակության Իտալիա այցը մեկնարկել է Վենետիկից։ Փաշինյանն այցելել է Սուրբ Ղազար կղզի, որտեղ հանդիպել է Մխիթարյան միաբանների հետ,  Պոլսի հայ կաթոլիկների առաջնորդ, Լեւոն արքեպիսկոպոս Զեքիյանի ուղեկցությամբ շրջել է Սուրբ Ղազարի թանգարանում, գրադարանում, Մայրավանքում գրառում թողել, զորակցություն  հայտնել ջրհեղեղից տուժած հայկական միաբանությանը:

Ազգային օրակարգի մեծ վերնագրի ներքո, շատ երկար տարիներ բոլորիս աչքի առաջ Հայաստանում հաստատվել են կոռուպցիոն կարգեր, Սուրբ Ղազարում Վենետիկի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է Փաշինյանը: Կուսակցական համակարգերն, ըստ նրա, մտցվել են նաեւ կրթական ոլորտ, որի որակն իջել է այն աստիճան, որ այսօր Հայաստանում գրեթե չկան ոչ միայն մրցունակ բուհեր, այլեւ մրցունակ ֆակուլտետներ:

Ռուսաստանցի լրագրողների հետ նախօրեին կայացած ասուլիսում Փաշինյանն ասել է, որ իր համար անակնկալ էր, որ Գարեգին Նժդեհի հարցը առկա է հայ-ռուսական  հարաբերություններում։ Երկու երկրների պատմաբանների մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու գաղափարը վարչապետը չի ողջունում. «տարօրինակ կլիներ, եթե մենք Ռուսաստանի հետ հանձնաժողով ստեղծեինք՝  սեփական պատմությունն ուսումնասիրելու համար, այդ թվում նաեւ այն, թե որտեղից է մեր պատմության մեջ հայտնվել Գարեգին Նժդեհի անունը։ Ըստ Փաշինյանի, եթե խոսվում է, որ Նժդեհը ինչ-որ կապեր է ունեցել Երրորդ ռայխի ներկայացուցիչների հետ, ապա Մոլոտովը նույնպես շփվել է նրանց հետ։ «Այդ դեպքում եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք եւ ուսումնասիրենք ամեն ինչ։ Մեզ համար չկա այդ հարցը, թե ով է Նժդեհը»,- ասել է վարչապետը։

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ մի քանի հոդվածով: Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քննչական Կոմիտեն մեղադրանք է առաջադրել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորը՝ Կարեն Գասպարյանին: Նա մեղադրվում է Վարդավառի ընթացքում իր մեքենան ջրելու համար վիճաբանությունից հետո սպառնալու, հարվածելու եւ ծնկաչոք ներողություն խնդրել պահանջելու համար։

Համացանցի հիթ է դարձել դերասան Արտյոմ Կարապետյանի տեսանյութը, որտեղ նա տեղեկացնում է, որ երթուղայինի վարորդը փորձել է կտրել իր պարանոցը: Կարապետյանը հավելել է, որ դեպքի պահին դիմացի մայթին եղել է ոստիկանական մեքենա, բայց ոչ մի արձագանք չի եղել: Դերասանն ասել է, որ մեծ դանակով է շրջելու այնքան ժամանակ, քանի դեռ ոստիկանները «ԳԱԶԵԼ»-ների վարորդների մեքենաներից այդ զենքերը չեն վերացրել:

«Բարձրագույն կրթության եւ գիտության  մասին» օրինագծի դեմ բողոքող ուսանողները երեք օրով ընդհատել են դասադուլը։ Նրանք այսօր երթ են կազմակերպել, դրա ավարտին դիմում-նամակ են հանձնել ԵՊՀ ղեկավարությանը։

Հետագա քայլերն ուսանողները կհստակեցնեն իրենց նամակի պատասխանը ստանալուց հետո։ Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ՀՅԴ երիտասարդական միության անդամները շարունակում են նստացույցը նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցավում է, որ հնարավորություն չի ունեցել հետեւելու Վազգեն Մանուկյանի նախաձեռնած «Վերնատուն» ակումբի առաջին համաժողովին, այնուհանդերձ համարում է, որ ակումբը նոր թարմություն կհաղորդի երկրի ներքաղաքական կյանքին: Ավինյանն արձագանքել է ակումբի անդամների դիտարկմանը, որ երկրի իշխանությունը թե ներքին անվտանգության, թե Արցախի հարցում ճիշտ ուղով չի գնում։

Իր խորհրդական Ավելիք Էլոյանի եւ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանի հակամարտության վերաբերյալ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ Ավետիք Էլոյանը դիմել է դատարան։ Հիշեցնենք, որ Սարհատ Պետրոսյանն ասել էր, որ Էլոյանը «ստացել է բազմաթիվ պատվերներ պաշտոնի չարաշահման շնորհիվ»։ Խոսքը Երեւանում 71 հարկանի շենքի շինարարության մասին է։ Էլոյանը դատի է տվել Սարհատ Պետրոսյանին եւ պահանջում է ներողություն խնդրել զրպարտության համար:

Տավուշի մարզի Ենոքավան համայնքի մոտ գտնվող անտառում ընձառյուծը հարձակվել է որսորդի վրա, որը մոտ հինգ րոպե մարտնչել է գիշատչի դեմ, ինչից հետո ընձառյուծը թողել հեռացել է։ Որսորդը բազմաթիվ վերեր է ստացել, որոնք բժիշկները մշակել են։ 

Դեպքից հետո Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցներ են  գործուղվել Ենոքավան, որտեղ վաղուց կովկասյան ընձառյուծ չի հայտնվել:

Մասնագետներն այնտեղ ֆոտոթակարդներ են տեղադրում:

Ամերիկյան դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ՝ 476.98 դրամ՝ 1 դոլարի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.24 դրամով եւ կազմել 527.68 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 2.15 դրամով եւ կազմել 615.73 դրամ,  ռուսական ռուբլու փոխարժեքը աննշան է նվազել եւ կազմել է 7.46 դրամ։

Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում եւ Արցախում նոյեմբերի 21-ի երկրորդ կեսին սպասվում են տեղումներ, լեռներում եւ նախալեռներում՝ ձյան տեսքով։ Մյուս մարզերում կլինի առանց տեղումների եղանակ։ Առաջիկա 2 օրերին օդի ջերմաստիճանը գերազանցապես ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով, որոշ մարզերում եւ Արցախում՝ 8-10 աստիճանով։ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-ից -2, վաղը ցերեկը՝ +9+11։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ