News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 14
USD
484.83
EUR
571.91
RUB
6.61
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն օրերս ԱՆ պետռեգիստրում գրանցել է «Հայրենիք» զարգացման հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի անդամներն են ինքը՝ Վանեցյանը, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը և ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը։

NEWS.am-ի հետ զրույցում Արթուր Աթանեսյանն ասաց, որ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի ստեղծման մտահղացումն Արթուր Վանեցյանի և իր համատեղ գաղափարն էր:

«Այն բխում է կարող ուժերի` մեր պետությանը ծառայելու, պետության և հասարակության հիմնահարցերին մասնագիտորեն արձագանքելու, այդ հիմնահարցերը հավաքական ուժերով լուծելու բնական տրամաբանությունից և անհրաժեշտությունից»,- նշեց սոցիոլոգը:

Արթուր Աթանեսյանը շեշտեց՝ հիմնադրամի առաքելությունն արտահայտված է իր անվանման մեջ. «Սա հայրենասեր մարդկանց միավորող բաց կառույց է, որն, ի տարբերություն մի շարք այլ հիմնադրամների, չի լինելու բարեգործական, այլ խթանելու է մեր հասարակության մեջ ծագող արդյունավետ և նորարար գաղափարների, ծրագրերի, նախագծերի իրականացումը: Հիմնադրամը պետք է մրցութային կարգով հավաքագրի հասարակական կյանքի տարբեր բնագավառներում առկա հրատապ հիմնախնդիրների լուծման նախագծեր և աջակցի դրանց իրագործմանը: Օգտվելով հայտնի ասացվածքից` մենք մարդկանց ձուկ չենք բաժանի, այլ կտանք կարթ և կսովորեցնենք ինքնուրույն ձուկ բռնել, կաջակցենք պետական և հասարակական ոլորտում առկա և հասարակությանը հուզող այն հիմնախնդիրների լուծմանը, ինչը ենթադրում է նաև ակտիվ հանրային մասնակցություն, ներդրում, ջանքերի համատեղում: «Հայրենիք» զարգացման հիմնադրամն ուղղված է մարդկանց միավորմանը, այլ ոչ թե պառակտմանը, և առաջնորդվում է փոխադարձ հարգանքի և համագործակցության սկզբունքներով: Մեր շահն այս ամենում հետևյալն է՝ ուզում ենք մեր պետությունը կայուն և պաշտպանված, իսկ հասարակությանը` առաջադեմ և ինքնաբավ տեսնել»:

«Ի՞նչ ֆինանսական միջոցներով է գործելու հիմնադրամը» հարցը Աթանեսյանը հորդորեց վերահասցեագրել հիմնադրամի հաշվապահին, ապա պարզաբանեց․ «Կարող եմ ասել, որ բյուջեն գոյանալու է Հայաստանի և Սփյուռքի հայ բարերարների միջոցներից, այն բոլոր մարդկանցից, որոնք ուզում են և պատրաստ են ներդնել իրենց մտքերը, գաղափարները, գործերը, եկամտի ազատ մասը` այն ծրագրերի իրականացման համար, որոնք կներկայացնի «Հայրենիք» հիմնադրամը: Մի կողմից «Հայրենիք» հիմնադրամը ձևավորելու է իր գործունեության օրակարգը` հասարակական կարծիքի մշտական ուսումնասիրության, մասնագիտական-վերլուծական աշխատանքի և մրցութային կարգով ընտրվող ծրագրերի միջոցով, և մյուս կողմից կառաջարկի այդ ծրագրերի իրականացման հնարավորություններ, այդ թվում` ֆինանսական և մասնակցային»:

Նրա խոսքով՝ հիմնադրամը մշտապես իրականացնելու է հասարակական կարծիքի ուսումնասիրություններ. «Ակնկալում ենք հասարակության ստվար զանգվածների համագործակցությունն ու ձեր կողմից կարևորվող հիմնախնդիրների մշտական քննարկումը մեզ հետ: Այդ նպատակով, մասնավորապես, հիմնադրամի տարածքում մշտապես գործելու է տեղեկատվական հարթակ: Հիմնադրամի գործունեության օրակարգը բխելու է հասարակական պահանջարկից և կարող ուժերի (անհատների, խմբերի, կազմակերպությունների) աջակցությունից` ինչպես խոսքով, տեղեկատվությամբ, այնպես էլ գործով` ֆինանսական միջոցներով, մեր ծրագրերի իրականացմանն ուղղակի մասնակցությամբ: Հիմնադրամի գործունեությունը վերաբերելու է հասարակության կարևորած և պետության համար կարևոր բոլոր ոլորտներին, այդ թվում` կրթության և գիտության ոլորտում հայաստանյան ներուժի մրցունակության բարձրացմանը, բնապահպանական նախագծերի իրականացմանն ու այդ ոլորտում հայաստանցիների ջանքերի խթանմանը, պատմամշակութային կոթողների վերականգնմանը և պաշտպանությանը, արտաքին տեղեկատվական դաշտում Հայաստանի դրական կերպարի ամրապնդմանն ու տարածմանը, տնտեսական որոշ նախագծերի սատարմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, երիտասարդության սատարմանը և այլն»:

Դիտարկմանը, որ ժողովրդավարության ամրապնդմանն աջակցելու մասին ընդգծումն արդյո՞ք քաղաքական գործունեության հայտ չէ՞, Աթանեսյանն արձագանքեց․ «Ժողովրդավարության գաղափարախոսությունն ու արժեքը միայն քաղաքական չէ. այն հանրային, և ոչ թե խմբային կամ անհատական շահի առաջնահերթության մասին է: Հանրային շահն է, որ արտահայտված է օրինակելի պետության գործելակերպում, օրենքներում, հայրենասիրական ցանկացած գաղափարախոսության մեջ: Մեր նպատակներից է` հասարակության հետ մշտական երկխոսության ընթացքում սատարել պետական մտածողությամբ և հանրային շահով առաջնորդվող հայաստանցիների գործելակերպին և նախագծերին, նվազեցնել նեղ-խմբային և անհատապաշտական շահերով առաջնորդվելու ավանդույթը և մեզ համար կործանարար մշակույթը: Անհրաժեշտ ենք համարում աջակցել մարդու իրավունքների պաշտպանությանը, Հայաստանում մարդու ինքնակայացմանն ու պաշտպանվածությանը: Այս ամենը բխում է ժողովրդավարական մշակույթից և ազգային անվտանգության առաջնահերթություններից»:

Իսկ հիմնադրամ ստեղծելու անհրաժեշտությունը կառույցի հոգաբարձուների խորհրդի անդամը պայմանավորում է հեղափոխական տրամադրությունը կառուցողական համատեղ գործունեությանն ուղղելու անհրաժեշտությամբ․

«Թավշյա հեղափոխության» ընթացքում հայաստանյան հասարակության ստվար զանգվածների միասնական և արդյունավետ գործելակերպը ազգային միասնականության լավագույն օրինակներից էր: Մինչդեռ, եթե այս հանրային էներգիան չօգտագործվի կառուցողական եղանակներով, ապա այն կարող է կործանարար դառնալ և բերել հասարակության տարբեր խմբերի և ներկայացուցիչների հանրային բախմանը, ինչի մասին ինքս` որպես հեղափոխության ակտիվ մասնակից, զգուշացնում էի արդեն իսկ իշխանափոխության հաջորդ օրերին: Ցավոք, հանրային բողոքի էներգետիկան այսօր շարունակում է օգտագործվել ոչ թե միասնական գործելակերպի, այլ բողոքի, այդ թվում` հասարակության տարբեր խմբերի և ներկայացուցիչների կողմից քաղաքական և տեղեկատվական հարթակներում միմյանց դիմակայելու, ատելության լեզվով խոսելու անընդունելի և վտանգավոր ձևաչափով: Համապատասխանաբար, «Հայրենիք» հիմնադրամի նպատակներից է` օգտագործել միասնական և համատեղ ջանքերով գործելու հայաստանցիների կարողությունն ու դրական փորձը, հեղափոխական տրամադրությունն ուղղել համատեղ կառուցողական գործունեությանը, հայանպաստ նախագծերի իրականացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել