News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստերը Հայաստան կհասնեն 10 օրում. ի՞նչ խորհուրդներ է տվել մասնագետը՝ վտանգավոր վիրուսով վարակվելուց խուսափելու համար։ Սեյրան Օհանյանի ուղերձը դավադրությունների տեսության սիրահարներին. պաշտպանության նախկին նախարարը մասնակցել է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Ժնեւում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Վերլուծաբանները Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ռեկորդային տեւողություն են կանխատեսում։ «Կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է. երկրորդ նախագահի համոզմամբ՝ Փաշինյանի էքսցենտրիկ ասուլիսները կմոտեցնեն արտահերթ ընտրությունների քաղաքական պահանջի օրը։ «Փառք Աստծո, մենք միապետություն չենք». Սահմանադրական դատարանի նախագահը պնդում է, որ վարչապետի կամքից կախված չէ իր հետագա պաշտոնավարումը։ Ո՞ւմ եւ ինչո՞ւ պետք է երախտապարտ լինի Արթուր Վանեցյանը. բացահայտումներ ԱԺ ճեպազրույցներում։ Լեգիտիմությունը իշխող ուժին չի օժտում ամբարտավանությամբ. «Լուսավոր Հայաստանը» դժգոհ է վարչապետի բառամթերքից։

Հայաստանում դեռ չկան նոր կորոնավիրուսի ախտորոշման համար լաբորատոր թեստեր, սակայն կարող են հայտնվել առաջիկա 10 օրվա ընթացքում: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում բաժնի պետ Լիանա Թորոսյանը հայտնել է, որ այս պահին երկրում կորոնավիրուսի կասկածանքով հիվանդներ չկան, իսկ Չինաստանից ժամանողների համար 14-օրյա հսկողություն է իրականացվում: Մասնագետը նաեւ խորհուրդներ է տվել հայաստանցիներին։ Հիշեցնենք, որ Չինաստանում կորոնավիրուսից մահացել է 132 մարդ, այդ հիվանդության ախտանշաններով հոսպիտալացվածներ կան Ռուսաստանում եւ Թուրքիայում։

«Ապրիլյան պատերազմի վերաբերյալ ինձ համար մութ եւ չբացահայտված դրվագներ չկան», Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո լրագրողներին ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ. ժամանակին Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան, պաշտպանության նախկին նախարարը հորդորել է նրանից ճշտել։ Ինչ վերաբերում է Փաշինյանի մեկ այլ պնդմանը, թե Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ հանձնելու շուրջ, Սեյրան Օհանյանն ասել է, որ իր հետ այդ թեման ոչ ոք չի շոշափել։

Ժնեւում մեկնարկել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Facebook-ի իր էջում այս մասին գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հանդիպումն անցկացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ եւ մասնակցությամբ: Բանակցությունները կարող են այսօր չավարտվել եւ կշարունակվեն վաղը։

«Կոնսենսուս մինուս մեկը» սկզբունքորեն կայացել է: Yerevan.Today-ի հարցերին պատասխանելով՝ կալանավայրից գրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Բոլորն էլ հասկանում են, որ հասարակության մեջ էյֆորիան անցել է, սակայն դրա ուժեղ ճնշմամբ ձեւավորված իշխանությունը՝ մնացել», գրել է նախկին նախագահը եւ եզրակացրել, որ այս տարի խորհրդարանի կոնֆիգուրացիան կդադարի արտացոլել հասարակական տրամադրությունները, ինչը կնշանակի լեգիտիմության կորուստ, դա էլ արտահերթ ընտրությունների քաղաքական պահանջ կառաջացնի։ Ըստ Քոչարյանի՝ Փաշինյանի էքսցենտրիկ ասուլիսները միայն արագացնում են գործընթացը։

Իսկ իրեն ո՞վ է հարցնում՝ իր հետ ուզո՞ւմ են աշխատել, թե՞ ոչ։ Այս մասին 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին ասել է Սահմանադրական դատարանի նախագահը, արձագանքելով այն մտքին, թե վարչապետը չի ցանկանում իր հետ աշխատել։ Նա այդպիսի լիազորությամբ օժտված չէ, ասել է Հրայր Թովմասյանը։

Մեր երկրում վերջնական ճշմարտություններն ասողը իրավական առումով Սահմանադրական դատարանն է, ասել է Թովմասյանը, նկատի ունենալով կեղծիքներով ՍԴ նախագահ ընտրվելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը: «Փառք Աստծո, մենք միապետություն չենք», ասել է Թովմասյանը եւ ընդգծել, որ վարչապետը ոչ դատավոր է, եւ ոչ էլ քննիչ։

Թովմասյանը պատմել է, որ «Իջեւանի փեսա» լինելու մասին Փաշինյանին ասել է, նրա իսկ հարցին պատասխանելով, այն էլ 2017-ին, երբ վերջինը վարչապետ չէր։

Սահմանադրական դատարանի նախագահը նաեւ հորդորել է բոլորին վերջ տալ այսպես կոչված «գրիչի պատմությանը»։ Ըստ նրա՝ գրիչի շուրջ բարձր մակարդակով քննարկումներն արժեզրկում են պետական ինստիտուտները։

Գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա, լրագրողներին ասել է Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Ալեն Սիմոնյան-Արթուր Վանեցյան հեռակա բանավեճի վերաբերյալ հարցի առիթով էլ Ծառուկյանը բոլոր գործիչներին խորհուրդ է տվել՝ անձնականը չխառնել քաղաքականությանը:

Իր հանրային ճանաչման համար Արթուր Վանեցյանը պետք է շնորհակալ լինի հեղափոխությանն ու վարչապետին։ Ազգային ժողովի ավանդական ճեպազրույցում ասել է «Իմ քայլից» Հայկ Կոնջորյանը։ Ըստ նրա՝ պետք է պարզել, թե ինչ կարգավիճակով է Վանեցյանը հայտարարություն անում. որպես Ազգային անվտանգության ծառայության նախկին ղեկավա՞ր, թե՞ որպես մարդ, որը ապագայի ինչ-որ քաղաքական պլաններ ունի։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանը համարում է, որ վարչապետը պետք է հստակեցնի, թե որ քաղաքական ուժերի մասին էր խոսում Կապանում։ Ըստ նրա՝ եթե նրա խոսքերը չունեն հստակ հասցեատեր, ապա դրանք ինքը կարող է գնահատել մերկապարանոց։

Սամսոնյանի կուսակից Գեւորգ Գորգիսյանը եւս խնդիր է տեսնում երկրի առաջին դեմքի բառապաշարի հետ կապված։ «Եթե նրանք լեգիտիմ քաղաքական ուժ են, դա դեռ չի նշանակում, թե մեծամտության եւ ամբարտավանության իրավունք ունեն եւ կարող են իրենց անարխիա թույլ տալ», ասել է նա։

«Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանն էլ համարում է, որ երեկ ակտիվիստներին բերման էին ենթարկել առանց որեւէ հիմնավորման, շոուի շրջանակում։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության՝ «Երեւանի մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով։

Հասարակական գործիչ Նարեկ Մանթաշյանը եւ նրա փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը դատախազություն հաղորդում են ներկայացրել «Մարտի 1-ի» դեպքերի մասին։ Մանթաշյանն ասել է, որ «Մարտի 1-ի» բախումները հրահրել են մի խումբ նախկին պատգամավորներ։ Վկայակոչելով wikileaks-ի հրապարակումները, Մանթաշյանն ասել է, որ ամեն ինչ սկսվել է, երբ Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը եւ նրանց հարող որոշ շրջանակներ ժողովրդի մեջ սուտ ու կեղծիք են տարածել, թե կան զոհեր, երբ նույնիսկ վիրավոր չկար։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.29 դրամով եւ կազմել 478.58 դրամ։ Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.90 դրամով եւ կազմել 526.53 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.92 դրամով ու կազմել է 622.87 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.10 դրամով ու կազմել 7.65 դրամ։

Հայաստանում հունվարի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեւանում եւս տեղումներ չեն լինի եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +5+7։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ