Ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով՝ ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, առավոտյան 12։30-ի սահմաններում տեղափոխվել է Գյումրիի Գյուլբենկյանի անվան հիվանդանոց։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասացին հիվանդանոցից։
Չեմպիոնուհու բուժող բժիշկ Հովհաննես Նահապետյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, որ առաջիկա մեկ ժամվա ընթացքում, Նազիկ Ավդալյանը կտեղափոխվի Երեւան, որտեղ էլ ավելի ճշգրտորեն կտրվի ախտորոշումը: Նրա խոսքով, Ավդալյանի վիճակը կայուն միջին ծանր է: Նրա գիտակցությունը տեղն է:
Նազիկ Ավդալյանն այս պահին վերակենդանացման բաժանմունքում է։
Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը այսօր Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Ջաջուռ գյուղի մոտակայքում, վթարի է ենթարկվել։
Հիշեցնենք, որ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը վթարի ենթարկվել էր նաեւ հունվարի 3-ին՝ Արթիկ քաղաքում։ Նա այդ օրը իր անձնական օգտագործման Mercedes E 320 մակնիշի 69 DD 999 համարանիշի ավտոմեքենայով բախվել էր Արթիկ քաղաքի Սասունցի Դավթի փողոցի 53 տան դիմաց գտնվող զորամասի պատին:
Այդ ժամանակ մարզուհին լուրջ վնասվածքներ չէր ստացել, պարզապես մեքենան էր վնասվել:





























