News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Վարակվածների ընդհանուր թիվը Հայաստանում հասել է 1808-ի։ Ապրիլի 27-ին՝ ժամը 11-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 62 նոր դեպք է գրանցվել: Հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալով՝ ապաքինվել է 848 մարդ, վերջին մեկ օրում՝ 15-ը, 29 պացիենտ մահացել է:

Կառավարական հանձնաժողովի նիստում պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու միջոցառումներին և հետագա անելիքներին: Քննարկվել են համաճարակաբանական խնդրի կառավարելիության, տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակումների մեղմման հնարավորություններ և այլ հարցեր: Նիստի արդյունքներով պարետի  որոշումները կհրապարակվեն հետագայում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկում է մայիսի համար յուրաքանչյուր ընտանիքի հատկացնել 100 հազար դրամ, իսկ յուրաքանչյուր թոշակառուի տալ հավելյալ մեկ ամսվա թոշակ: Ֆեյսբուքի ուղիղ եթերում նա պնդել է, որ այդ փողը կա: Նա նշեց, որ կառավարության աջակցության 14 միջոցառումների վերաբերյալ «Լուսավոր Հայաստանն» իր գրասենյակում խորհրդատվություն է տրամադրում քաղաքացիներին, քանի որ, ըստ նրա, այնքան բարդ է ծրագրերին դիմելը, չափանիշներին համապատասխանելը, որ հատուկ կարիք կա աջակցել, որ մարդը կարողանա դիմել:

Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն Անուշ Հովսեփյանը  համաձայն չէ Առողջապահության նախարարի այն պնդման հետ, որ իրենք չեն հետեւել նախարարության ցուցումներին: Բժշկուհին, որը նույնպես վարակվել է կորոնավիրուսով, NEWS.am-ին ասել է, որ  իրենք հսկել են գրեթե 250 հոգի արտերկրից եկած մարդու, ջերմաչափել են, բայց վարակումը եղել է տեղական դեպքից, թեեւ կատարել են բոլոր հրահանգները։ Ի՞նչ է` մենք ուզո՞ւմ էինք հիվանդանալ,- հարցրել է նա:

Աշխարհում արդեն կա COVID-19 կորոնավիրուսով վարակված 3 միլիոն պացիենտ: Զոհերի թիվը հասել է 207 հազարի, իսկ 881,5 հազար մարդ առողջացել է: Հիմա բուժվում է գրեթե 2 միլիոն պացիենտ, 57,5 հազարի կամ նրանց 3 տոկոսիվիճակը գնահատվում է ծանր կամ ծայրահեղ ծանր: ԱՄՆ-ում վարակակիրների թիվը մոտենում է միլիոնին. այնտեղ գրանցվել է  55,5 հազար մահ: Իսպանիայում գրանցվել է 226 հազար վարակակիր եւ 23 հազար մահ, Իտալիայում՝ 198 հազար վարակակիր եւ 26 հազար 600-ից ավելի մահ:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Լեւոն Մնացականյանն այսօր եղել է խորհրդարանում։ Նա մասնակցել է ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին։ Հիշեցնենք, որ Ապրիլյան քառօրյայի ժամանակ Լեւոն Մնացականյանը  Պաշտպանության բանակի հրամանատարն էր:

Ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է 400 հեկտար, ունեցել ենք 75 զոհ, որից 35-ը՝ ժամկետային զինծառայող, հանձնաժողովի նիստից հետո հայտնել է Լեւոն Մնացականյանը։ Այնուհանդերձ, գեներալ-լեյտենանտն ընդունել է, որ իր մասով բացթողում եղել է, որը նոր հրամանատարը հաշվի է առնելու։ Բայց ճակատագրական սխալ չի եղել, քանի որ հայկական կողմը հաղթել է, պնդել է նա։

Եկել ենք եզրակացության, որ տարին հեռավարով ենք ավարտելու, առկա լսարանային դասեր չեն լինելու եւ մայիսին եւս հեռավար կրթությունը շարունակվելու է, Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է կրթության  նախարար Արայիկ Հարությունյանը։ Փոխադրական քննություններ չեն լինելու, ասել է նա։ Հարությունյանի խոսքով՝ քննությունների ժամանակացույցը պայմանավորված է նաեւ զորակոչի հետ։

Ընդունելության համար դիմորդները 1 քննություն են հանձնելու եւ մինչեւ ամսի 30–ը նախարարը կհայտնի, թե որ մասնագիտությունից։ Քննությունները կլինեն հուլիսի առաջին տասօրյակում։ Նախարարը ներկայացրել է նաեւ մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ընդունելության ժամանակացույցը։

Ատելության խոսքը կազմաքանդում է հասարակությունը,  Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովում օմբուդսմենի տարեկան զեկույցի քննարկմանը  նշել է հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Եթե մենք այս օրինակով չունենանք հստակ պատասխանատվություն, ապա պետք է արձանագրենք, որ մեր ընդունած օրենքներն էլ են մեռելածին եւ որեւէ հետեւանք չեն ունենալու, ասել է Զոհրաբյանը:

Նույն խնդրի մասին խոսել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանը։ Արման Թաթոյանը նշել է, որ խոսքի ազատության մասին խոսելիս առաջին խնդիրը որ գալիս է, վիրավորանքն է, համացանցում տիրող վիճակը, ատելությունը: Նա կոչ է արել քաղաքացիներին չներքաշվել նման քննարկումների մեջ, որովհետեւ դա վտանգավոր է նրանով, որ կարող է իրական կյանք տեղափոխվել:

Չնայած մարտի կեսերից արտակարգ դրության մեջ ենք, այնուամենայնիվ, ամեն ինչ աճել է, Ֆեյսբուքի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Վկայակոչելով վիճակագրության կոմիտեի՝  2020-ի առաջին եռամսյակի տվյալները, Բագրատյանը նշել է, Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 4 տոկոսով, արդյունաբերությունը՝ 8.7, գյուղատնտեսությունը 4.5, ծառայությունները՝  ինչպես միշտ՝ 5.5 տոկոսով։ Գներն իջել են, իսկ միջին անվանական աշխատավարձն աճել է 9.2 %։ Երբեք մեր ժողովուրդն այսքան լավ չի ապրել, պնդում են ԱՎԿ «պաշտոնական» թվերը», գրել է նախկին վարչապետը:

Երբ մենք հայտարարում էինք, որ պետք է ներողություն խնդրելով, կսկիծով, ինքներս մեզ դատափետելով  փակենք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհները, շատ կոնկրետ շրջանակներից եղան շատ կոնկրետ մեկնաբանություններ, որ ահա, այս ապազգային, պրոթուրքական իշխանությունը հատուկ փակում է Ծիծեռնակաբերդը, որպեսզի մոռացության մատնի Ցեղասպանության պատմությունը եւ այլն: Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում վաղ առավոտյան հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հանգստյան օրերին հայ հանրության քննարկման հիմնական թեման Արտուշ պապն էր: Հիշեցնենք, 82-ամյա ծերունին ապրիլի 24-ի ցերեկը եկել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ այցի, սակայն մուտքի մոտ ոստիկանները թույլ չէին տվել վեր բարձրանալ: Ավելի ուշ, ասելով, թե կատարում են վարչապետի հրանանգը, ոստիկանները մեքենայով, գիշերվա 2-ին Արտուշ պապին ուցեկցել էին Մեծ Եղեռնի հուշահամալիր: Պապը, որը ցեղասպանության բոլոր զոհերին համարում է իր անձնական կորուստը, դարձել է հեռուստառեպորտաժների հերոս, նրան այցելել են պաշտոյնաներ, սոցիալական օգնության խոստումներ տվել:

Այսօր առավոտյան 9-ն անց 52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Հրշեջները հրդեհը մեկուսացրել են  12-ն անց 25-ին:

NEWS.am-ը պարզել է, որ բնակարանում վարձով ապրում է Ծովինար Սաֆարյանը 5 անչափահաս երեխաների հետ։ Ընտանիքը հայտնվել է փողոցում։ Նրա կրտսեր զավակներից մեկն այրվածքներ է ստացել եւ այժմ հիվանդանոցում է։

Այսօր մի քանի սողանք ու քարաթափում է տեղի ունեցել։ 13:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Դարպաս գյուղի Հարավսլավական տնակներ տանող երկրորդային փողոցում տեղի է ունեցել սողանք։ Հողաշերտի փլուզումից  վնասվել են ճանապարհի հենապատերը՝ մոտ 30 մետր:

Սողանք է տեղի ունեցել նաեւ Լոռու մարզի Շահումյան համայնքում։ Պարզվել է, որ համայնքի հարեւան սարալանջից մոտ 200 խմ հողախառն զանգված պոկվել եւ մոտ 25 մ սահելով մոտեցել է փողոցի աջակողմյան հենապատին՝ ամբողջովին փակելով փողոցը։ Առկա է եւս մոտ 200 խմ հողախառն զանգվածի տեղաշարժի վտանգ։ Ի դեպ, անցած 7 օրվա ընթացքում գրանցվել է փլուզման 11, քարաթափման 6, սողանքի 1 դեպք:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.09 դրամով եւ կազմել 479.58 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.36 դրամով ու հասել 520.20 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.67 դրամով ու կազմել  596.21 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.07 դրամով ու հասել  6.45 դրամի։

Ապրիլի 28-ին օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում, նաեւ երեւանում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +6+8, վաղը ցերեկը՝ +15+17։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ