News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հիմա հնարավոր չէ Ամուլսարից «Լիդիան» ընկերության պահնորդական խմբի կողմից տեղադրված վագոն-տնակները 30 մետր հետ տանելը։ Այսպիսի հայտարարություն արեց Վայոց Ձորի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը։

«Այս պահին Ամուլսարի պահապանները քննարկում են, թե ինչ լուծում կարող են տալ այդ խնդրին։ Այս պահին քննարկվում է վագոն-տնակները հետ են հրելու տարբերակը։ Մենք քիչ առաջ որոշակի քննարկում ունեցանք այս իրավիճակի հանգուցալուծման վերաբերյալ։ Ինքս փորձեցի տարբեր լուծումներ գտնել, չնայած սա այսօրվա լուծվելու հարց չի, բայց հասնել մաքսիմալ հասնել լուծման։ Դեռ քննարկման փուլում է, դեռ վերջնական չէ տեղաշարժման հարցը, բայց ես խոսք չեմ կարող տալ, որ այս պահին կարող է լուծվել։ Հասանք համաձայնության, որ ձեր խոսքը եւս մեկ անգամ լսելու լինելու համար վաղը ձեր խումբը գնա Կառավարություն եւ կոնստրուկտիվ քննարկում ունենա։ Իրականում այս պահին շահագործման մասին խոսք չկա։ Որպես ոստիկանապետ չեմ ուզում իմ լիազորություններից դուրս գալ եւ անել հայտարարություններ, որոնց իրավասությունը չունեմ։ Կուզենամ, որ ինչ-որ լուծման հասնենք փոխըմբռնման մթնոլորտում, որը իմ գալուց հետո անընդհատ եղել է այստեղ։ Եթե ես իրավական առումով ունենայի որեւէ հնարավորություն տեղաշարժելու այս տնակները կամ խոչընդոտելու դրանց հետագա այստեղ գտնվելը, բայց ես չեմ կարող։ Կա հարուցված քրեական գործ՝ առերեւույթ չարաշահման պայմաններում պաշտոնեական դիրքի համապատասխան հողահատկացում կատարելու վերաբերյալ։ Իրավական առումով հնարավոր է լուծման հասնել»,- ասաց մարզի ոստիկանապետը։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նկատեց, որ եթե կանխվեր այդ վագոն-տնակի տեղաշարժումն, ապա այս դեպքերը չէր զարգանա։

«Եթե առերես երեւում է խնդիրը ու դա կարող է հանգեցնել ավելի մեծ խնդիրների. կարող է լինել ՃՏՊ, կարող է վնասվել մարդկանց կյանքեր այդ բուդկայի պատճառով։ Այս խոչընդոտի վերացնելը մեր պարտականությունն է, եթե Ոստիկանությունն այդ լիազորությունը չունի, ապա ես՝ որպես քաղաքացի, իրավունք ունեմ իմ տարածաշրջանում ապահովելու բոլորի ազատ տեղաշարժը։ Սա փակում է տեսադաշտը, կարող է սրա հետեւից մի մարդ հելնի ու ես չհասցնեմ 5 մետր դիստանցիայով արգելակեմ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ազիզյանն ասաց, որ ինքը համաձայն է քաղաքացու արտահայտած մտքերի հետ. «Ես ձեզ հետ համաձայն եմ, դրա վերաբերյալ գոյություն ունի Ճանապարհների մասին օրենք, որը ենթադրում է որոշակի գոտի»։

«Այս դոմիկները հենց հիմա խոչընդոտում են բոլորիս առողջությանը, խոչընդոտում են մեր՝ հանգիստ տունը քնելու, սպասելու, որ մեր Կառավարությունը որոշում կայացնի։ Բայց 2 տարին շատ է ուշ, արդեն մեր քվեն տվել ենք Կառավարությանը, որ այդ հարցերի լուծումը տա, բայց չի տվել մինչեւ այսօր։ Եթե մենք ընտրում ենք Կառավարություն, մենք ընտրում ենք, որ այն խելացի է, ավելի իրավագետ է, կկայացնի քաղաքական որոշումներ, որ մեր կյանքը բարելավվի, բայց այսօր ինչպես տեսնում եմ՝ մեր կյանքը չի բարելավվել, մի բան էլ վտանգ ունենք, որ այստեղ կարող է երկրաշարժ լինել ու ամբողջ Վայոց Ձորը, Սեւանով ու Երեւանով անցնի սեւ ցուցակ։ Պարսկաստանն ուզում է, որ Սեւանի ջուր միշտ մաքուր լինի, որ իր ջուրը պակասի՝ մենք իրեն ջուր հյուրասիրենք։ Մենք այստեղ պայքարում ենք, որ այդ ռիսկը չլինի»,- ասաց քաղաքացին։

«Համաձայն եմ ձեր մտքերի հետ։ Իրականում տարածությունը երթեւեկելու գոտու համար սահմանափակ է այս հատվածում։ Սակայն այդ հարցի լուծումը կարող է լինել միայն իրավական հարթության մեջ լինի։ Փաստաթղթային տվյալներով ներկայացվել է, որ այս տարածքն այդ կոորդինատներով հանդիսանում է «Լիդիանի» վարձակալության տարածքը»,- ասաց Ազիզյանը։

Նշենք, որ Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհը ակցիայի մասնակիցները շարունակում են փակ պահել, կամ մեկ տասնյակի հասնող բերման ենթարկվախ քաղաքացիներ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ