News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 26
USD
485.27
EUR
565.05
RUB
6.28
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը


Երեկ Բեյրութի ժամանակով երեկոյան 6-ին, որը մեկ ժամ է հետ Երեւանից, տեղի ունեցած հուժկու պայթյունի կադրերը կայծակի արագությամբ տարածվեցին համացանցով՝ գուժելով Լիբանանում տեղի ունեցող ողբերգությունն ու հումանիտար աղետը։ Արվարձաներով 2 միլիոնի հասնող բնակչությամբ Արեւելքի Փարիզում, ինչպես հաճախ անվանում են Բեյրութը, պայթյունը գրեթե 5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում է առաջացրել, ավերածության մասշտաբը պատկերացնելու համար, նշենք, որ հարվածի ալիքը փշրել է քաղաքի բոլոր շինությունների ապակիները, շատ շենքեր քարուքանդ են եղել, չվնասված կառույց Բեյրութում չի մնացել։ Զոհերի թիվն անցել է 100-ից, վիրավորներինը՝ 4000-ի հասել։ Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է աճել․ շատ մարդիկ փլատակների տակ են մնացել։ Հայ համայնքը եւս կորուստներ ունի․ վերջին տվյալով՝ զոհվել է մեր 6 հայրենակից, վիրավորվել 100-ից ավելին, կան անհետ կորածներ։  

Պատճառների մասին առաջին մեկնաբանություններում նշվում էր, թե իբր պայթել են Լիբանանի շիաների ռազմականացված թեւի՝ Հըզբլլահի զինապահեստները, հետո էլ չէին բացառում, որ ավանդական թշնամին՝ Իսրայելն է դիվերսիա իրականացրել, եւ չնայած այս ամենը արագորեն հերքվեց, ԱՄՆ նախագահը պնդեց, որ Բեյրութը ենթարկվել է հարձակման, քանի որ նման էր ռումբի պայթյունի։ 

Լիբանանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բեյրութի նավահանգստում պայթյունը 2.750 տոննա ամոնիումի նիտրատի բռնկումից է եղել։ Վարկածներից մեկով՝ պահեստում տեղի է ունեցել կարճ միացում, որը հրդեհ է առաջացրել, ինչից էլ նիտրատը պայթել է: Այն առգրավվել էր 2014 թվականին եւ մինչեւ հիմա մնացել նավահանգստում պահեստավորված։  Լիբանանի պաշտպանության բարձրագույն խորհուրդը Բեյրութը տարերային աղետի գոտի է ճանաչվել մինչեւ օգոստոսի 18-ը, երկրում նաեւ եռօրյա սուգ է հայտարարվել։

Բեյրութի նահանգապետը պայթյունի վնասը գնահատել է 3-ից 5 մլրդ դոլար: Նրա տվյալով՝ 10 հրշեջ է մահացել, քաղաքի հազարավոր բնակիչներ անօթեւան են մնացել, օդն էլ վտանգավոր է դարձել առողջության համար: 

Օգոստոսի 4-ի հրեշավոր աղետը ցնցել է նաեւ հայ հանրությանը, Լիբանանը բարեկամ երկիր է, Բեյրութն էլ կրում է նաեւ Սփյուռքի արեւելյան մայրաքաղաք անունը, որտեղ հարյուր հազարավոր հայեր են ապրում, գործում են Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսարանը, Հայկազյան համալսարանը, համայնքային բազմաթիվ կառույցներ։ Այս բոլորը նույնպես գույքային վնասներ են կրել։ Պայթյունին հաջորդած ժամերին Հայաստանում, հանրային մակարդակով բազմաթիվ մարդիկ պահանջում եւ կոչ էին անում կազմակերպել բեյրութահայերի ժամանակավոր բնակեցումը Հայաստանում, պատրաստակամություն հայտնելով շատերին ընդունել իրենց տանիքի տակ։ Պայթյունից հետո Արամ Ա վեհափառը Բուրջ Համուդի քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի ուղեկցությամբ եղել է հայաբնակ թաղամասերում, ծանոթացել վիճակին, այցելել վիրավորներին:

Պայթյունից նյութական վնասներ են կրել Բեյրութում Հայաստանի դեսպանատունը, Անթիլիասի Մայրավանքը. կոտրվել են Մայր տաճարի, Վեհարանի, հայագիտական ու մանկավարժական կենտրոնների, «Կիլիկիա» թանգարանի դռները, ջահերը, պատուհանները։ NEWS.am–ի հետ զրույցում Քուվեյթի հայոց թեմի առաջնորդ, Կիլիկիո կաթողիկոսության միաբաններից  Պետրոս վարդապետ Մանուէլյանը հայտնել է, որ լիբանանահայությունը ծանր դրության մեջ է հայտնվել։

Պայթյունից զոհված 6 հայերի թվում են Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, երիտասարդ բուժքույր Ջեսիկա Բեզջյանը։

Մեծ վնասներ է կրել Բուրջ Համուդում գտնվող միակ հայկական ավիաընկերության՝ «Aircompany Armenia»–ի լիբանանյան գրասենյակը։ 

Հայաստանի արտգործնախարարության  խոսնակ Աննա Նաղդալյանի խոսքով՝ զոհված եւ վիրավորված հայերի վերաբերյալ տվյալները պարբերաբար ճշտվում են, նաեւ դիտարկվում և գնահատվում են Լիբանանի եղբայրական ժողովրդին թիրախային և առաջին անհրաժեշտության օգնություն ցուցաբերելու տարբեր սցենարներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ին, զորակցություն հայտնել վեհափառին, հայ համայնքին, Լիբանանի եղբայրական պետությանը եւ ժողովրդին: Ավելի ուշ Փաշինյանը զանգահարել է նաեւ իր պաշտոնակից Միշել Աունին եւ օգնություն առաջարկել։ Պայթյունի առիթով զորակցություն են հայտնել նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը եւս զանգահարել է Արամ Ա հայրապետին եւ տեղեկացրել, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը ֆինանսական միջոցներ կհատկացնի աղետից տուժած հայրենակիցներին, համայնքային կառույցներին եւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը։

Լիբանանի ժողովրդին ցավակցություն է հայտնել նաեւ երկրորդ նախագահը։ Նրա ֆեյսբուքյան էջում նշված է․ «Նախագահ Քոչարյանն իր խորին վշտակցությունն է հայտնում բարեկամ Լիբանանին՝ նախօրեին տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին»։

Ամուլսարում դրությունը շարունակում է լարված մնալ։ Երեկ  ամբողջ օրը, ջերմուկցիների, բնապահպանների, ոստիկանների, «Լիդիան Արմենիայի» պահնորդների ժամեր տեւած վիճաբանությունից հետո բերման է ենթարկվել 14 մարդ, որոնցից 4-ը՝ պահնորդ։ Հանրային աղմուկ է բարձրացել հատկապես, երբ աղմուկով ու քաշքշուկով բերման են ենթարկվել Ապրիլյան պատերազմում թշնամու 3 տանկ խոցած, Մարտական խաչ երկրորդ կարգի շքանշանի ասպետ Ռաֆայել Հովհաննիսյանը եւ «Կանաչ ապագա» շարժման ղեկավար Վահագն Վարագյանը։

Կեսգիշերին ցուցարարները ցրվել են, քանի որ իրենց խոսքով՝ կառավարությունից այդպես էլ որեւէ պարզաբանում չեն ստացել հանքի հետագա ճակատագրի վերաբերյալ, եւ խոստացել այսօր վերսկսել իրենց ակցիան։ «Լիդիան Արմենիան» էլ հերթական անգամ կոչ է արել իշխանություններին՝ գործել օրենքով ու պաշտպանել իրենց իրավունքները։  

Ավելի ուշ ազատ արձակված Վահագն Վարագյանը հայտարարել է, թե այսօրվա կառավարությունն իշխանության է հասել նաեւ Ամուլսարի խնդրի մասին բարձրաձայնելով, սակայն այսօր ջերմուկիցներին թողել է միայնակ, որոշում չի կայացնում, կամ կայացրածի մասին չի իրազեկում քաղաքացիներին։ Վարագյանն ասել է, թե բոլորին ապշեցրել է հատկապես Ռաֆայելին բռնի ուժով բերման ենթարկելու փաստը, սակայն, նրա խոսքով, իրենք չեն ընկճվել եւ շարունակելու են պայքարը եւ նրանց այսօր երեկոյան 6-ից վերսկսել են իրենց ակցիան։

Հանրապետության նախագահը ստացել է փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ վարչապետ Փաշինյանի առաջարկը։ Մինչեւ այդ մամուլում արդեն շրջանառվում էին Մհրյանին եւ մյուս փոխոստիկանապետ Տիգրան Եսայանին աշխատանքից ազատելու լուրերը։

Ավելի ուշ պարզվել է, որ Եսայանը նույնպես ազատման դիմում է գրել։ Մամուլին փոխոստիկանապետն ասել է, թե առայժմ չի ուզում մեկնաբանել իր պաշտոնաթողությունը, բայց այն իր համար անսպասելի էր, ինչից կարելի է ենթադրել, որ նա իր կամքով չէ, որ դիմում է գրել։ 

Աղմկոտ զարգացումներ են սկսվել M Group ընկերության շուրջ։ Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցները,մի մասը դիմակավոր, դեպքի վայրի զննություն են իրականացրել, կազմել  արձանագրություն, ինչպես ընկերության շահերի պաշտպաններն են պնդում՝ մի շարք խախտումներով։ Փաստաբանները պահանջել են  մասնակցել այդ գործողություններին, սակայն իրենց թույլ չեն տվել՝ օրենքի խախտմամբ, փաստաբանները չեն ընդդիմացել, Ամրամ Մակիսնյանի խոսքով՝ բանը ձեռնամարտի չհասցնելու համար։ Նա ասել է, թե նույնիսկ հայտնի չէ, թե ինչ քրեական գործի շրջանակում են տեղի ունենում այսօրվա գործողությունները։

Հայաստանում անցած մեկ օրում նոր կորոնավիրուսով վարակվելու 288  նոր դեպք է գրանցվել, ընդհանուր թիվը 39586 է։ Այս պահին բուժվում է  7738 մարդ: Վերջին ամիսնրի համար գրանցվել է մահացության ամենացածր ցուցանիշը՝ 2 մարդ՝ 63-ամյա կին ու 64-ամյա տղամարդ։ Մահացածների ընդհանուր թիվը 998 է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.14 դրամով ու կազմել 485.52 դրամ: Եվրոյի փոխարժեքն ավելացել է 2.84 դրամով ու հասել 575.63 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն ավելացել է 3.22 դրամով ու հասել 637.44 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն ավելացել է 0.07 դրամով ու կազմել 6.66 դրամ:

Հայաստանում օգոստոսի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում եւս անձրեւներ չեն կանխատեսվում: Առաջիկա գիշերը Երեւանում կլինի +18+20, վաղը ցերեկը՝ +32+34:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը