News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հուլիսին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 1994 թվականի հրադադարի սահմանումից հետո մարտական գործողությունների երկրորդ բռնկումը տեղի ունեցավ: Այդ բախումները վտանգավոր աշխարհաքաղաքական դինամիկա սադրեցին: ԱՄՆ կամ ԵՄ առաջնորդության բացակայության պայմաններում Թուրքիան եւ Ռուսաստանը կարող են Ադրբեջանին եւ Հայաստանին մարտի դաշտից տանել դեպի բանակցային սեղան: Այս մասին Atlantic Council-ի համար իր հոդվածում գրում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:

«Անհայտ է, թե ով է առաջին կրակել հուլիսի 12-ին: Կողմերը համաձայն են, որ ադրբեջանից 2 զինվորներն այդ գիշեր ջիպով մոտեցել են երկու երկրների դեմարկացված միջազգային սահմանին: Երեւանը պնդում է, որ իր զորքերը ադրբեջանցի 2 զինվորներին զգուշացրել է, որպեսզի նահանջեն, սակայն Ադրբեջանը պատասխանել է հրետանային կրակով: Բաքուն էլ հայտարարում է, որ հայկական հրետանին է սկսել կրակել: Արդյունքում ադրբեջանցի 15 զինվոր, այդ թվում գեներալը, սպանվել են, սպանվել է նաեւ մեկ խաղաղ բնակիչ Թովուզում: 4 զինվոր եւ մեկ քաղաքացիական անձ է զոհվել Տավուշում:

Թովուզը գտնվում է Լեռնային Ղարաբաղից ոչ հեռու, եւ դա այն վայրն է, որտեղ Բաքուն չէր ցանկանա մարտական գործողություններ տեսնել, քանի որ այն գտնվում է ռազմավարական տրանսպորտային մագիստրալների մոտակայքում, որոնք անհրաժեշտ են Ադրբեջանի տնտեսական կենսունակության համար:

Մասնավորապես՝

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան եւ Բաքու-Սուփսա նավթամուղներ, որոնցով ադրբեջանական նավթ է մատակարարվում Միջերկրական եւ Սեւ ծովերի նավահանգիստներին;

Հարավկովկասյան գազատարը՝ ԵՄ Հարավային միջանցքի առանցքային տարրը, որով շուտով ադրբեջանական գազ կմտակարարվի ԵՄ Վրաստանով եւ Թուրքիայով;

Ադրբեջան-Վրաստան ավտոմագիստրալը, որը միավորում է Ֆրանսիայի ատլանտյան ափը Ղրղզստանի եւ Չինաստանի սահմանի հետ;

Կարս-Թբիլիսի երկաթուղին, որն ապահովում է նմանատիպ ռազմավարական հաղորդակցություն;

Եվրոպան Կենտրոնական Ասիայի հետ կապող օպտիկամանրաթելային մալուխներ:

Այդ ենթակառուցվածքը ռազմավարական նշանակություն ունի նաեւ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի համար:

Վաշինգտոնն առաջ է տարել այդ նավթա- եւ գազատարները 25 տարի, որպեսզի եվրոպացի իր դաշնակիցներին օգնի նվազեցնել Ռուսաստանից կախվածությունը: Այլընտրանք ներկայացնելով Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» նախաձեռնությանը՝ այդ տրանզիտային կապերը կարող են նաեւ Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրներին օգնել պահպանել իրենց ֆինանսական անկախությունը:

Իսկ Ռուսաստանը դեմ է այդ երթուղիներին: Միեւնույն ժամանակ, Թեհրանն ընդլայնում է Հայաստանում իր առեւտրային միջանցքը: Հաղորդվում է, որ Իրանը վառելիք է մատակարարում նաեւ Լեռնային Ղարաբաղին Հայաստանի միջով, այն դեպքում, երբ Իրանի օդային տարածքն անհրաժեշտ էր հուլիսին Հայաստանին ռուսական զենք մատակարարելու համար:

Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ կրակոցները, նույնիսկ ինքնապաշտպանության նպատակով, Երեւանին արդարացնում են Ռուսաստանից ռազմական օգնություն խնդրելու համար:

ՀՀ ղեկավարությունն արդեն վաղուց է փորձում ՀԱՊԿ-ն օգտագործել Ադրբեջանի դեմ: Նրանց դա չհաջողվեց անել 2016-ի ապրիլյան բախումների ժամանակ: Այդ ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան պարզաբանեց, որ ՀԱՊԿ-ն կարող է օգնել Հայաստանին միայն միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա հարձակման դեպքում:

Անցած ամիս մարտական գործողություններն ուղղված էին մասնակիորեն Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ, ինչը Երեւանին  ՀԱՊԿ արտակարգ նիստ հրավիրելու հնարավորություն տվեց: Սակայն Երեւանը արագ հետ կանչեց հարցումը:

Այնուամենայնիվ, Ռուսաստանն արձագանքեց միակողմանի կարգով՝ հուլիսի 17-20-ին Գյումրիի 102-րդ ռազմաբազայում զորավարժություններ անցկացնելով:

Թուրքիան եւս պատասխանեց: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նշեց, որ «Թուրքիան առանց վարանելու կպատասխանի Ադրբեջանի հողերի եւ իրավունքների դեմ հարձակումներին»: Ապա Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարեց, որ Հայաստանը «պետք է պատասխանատվություն կրի Ադրբեջանի վրա հարձակման համար»: Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը թուրք-ադրբեջանական խոշորամասշտաբ զորավարժություններ անցկացվեցին:    

Չնայած Թուրքիան եւ Ռուսաստանը հակազդում են Հարավային Կովկասում, ինչպես Սիրիայում եւ Լիբիայում, երկրներից ոչ մեկը չի ձգտում հետագա էսկալացիայի։

Սակայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության զսպման գոյություն ունեցող միջազգային միջնորդական մեխանիզմը, կարծես, հարմար չէ օգտագործման համար։ ԵԱՀԿ Մինսկի խումբը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջնորդ է 1992 թվականից։ Սակայն խմբի մանդատը նրա ուշադրությունը սահմանափակում է Լեռնային Ղարաբաղով եւ նրան կից 7 շրջաններով, այլ ոչ թե Հայաստանի տարածքով։ Նույնիսկ եթե նրա մանդատն ընդլայնվեր, Հայաստանի Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը այս պահին, կարծես, հրաժարվել են Մինսկի խմբից։ Օգոստոսի 14-ին Փաշինյանը BBC-ի հետ հարցազրույցում հաստատել էր, որ ինքը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներից, որոնք համաձայնեցվել էին Մինսկի խմբի կողմից, որոնց հետ իր նախորդը ոչ պաշտոնապես համաձայնվել էր 2009 թվականի հունվարին։ Մինչդեռ Ալիեւը վկայակոչել է Հայաստանի հետ «անմիաստ բանակցությունները», երբ հուլիսի 16-ին ազատեց իր փորձառու ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին։

Այս պատճառով Անկարան եւ Մոսկվան կարող են լրացնել դիվանագիտական վակուումը եւ իրենց դաշնակիցներին համոզել վերադառնալ բանակցային սեղանի մոտ։ Չնայած Ռուսաստանի եւ Թուրքիայի հետ շատ ուղղություններով կոշտ տարաձայնություններին, Միացյալ Նահանգները եւ նրա եվրոպացի դաշնակիցները իմաստուն կվարվեն, եթե խրախուսեն այսպիսի ձեւաչափը։ Այլընտրանքը կարող է լինել զգացմունքների փոխադարձ էսկալացիան եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ ռազմական լարվածությունը։ Չնայած ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը չեն կարողանա դիմանալ լայնածավալ պատերազմին, նույնիսկ ավելի սահմանափակ ռազմական հակամարտությունը կարող է ոչնչացնել ռազմավարական ակտիվները, որոնցից կախված են ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն։ Միակ շահառուները կլինեն Ռուսաստանը, Իրանը եւ, հհնարավոր է, Չինաստանն ու նրա «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ