Երեւանում մայիսի 26-ի ուշ երեկոյան ժամը 23.20-ի սահմաններում ավազակային հարձակում է տեղի ունեցել Աջափնյակ վարչական շրջանում:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը ժամը 23.00-ի սահմաններում, ոստիկանության Մաշտոցի բաժին է ահազանգել մի քաղաքացի եւ հայտնել, որ Շինարարների 15/1 շենքի մոտ կրակել են իր ընկերոջ վրա եւ առեւանգել նրա ավտոմեքենան:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, օպերգծով տեղակալ Աշոտ Միրիջանյանը, Մաշտոցի բաժնի օպերատիվ-քննչական խումբը` բաժնի պետ Ավետիք Աբրահամյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ նշված հատվածից հրազենային վնասվածքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել 35-ամյա Արթուր Հակոբյանը եւ նրա հայրը` 81-ամյա Դավիթ Հակոբյանը: Ականատեսների խոսքով, հայրը վնասվածքներ է ստացել աչքի մասում, իսկ տղան` ձեռքի:

Արթուրը անհատ ձեռներեց է եւ Երեւան քաղաքում աշխատեցնում է արտարժույթի փոխանակման մի քանի կետեր: Հարեւանները պատմել են, որ Արթուրը իրեն պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի 33 ՏՏ 335 համարանիշի ավտոմեքենան մտցրել է ավտոտնակ, երկու հոգի առանց դիմակի մոտեցել եւ նրանից պահանջել են գումար: Այդ ժամանակ նրանց է մոտեցել հայրը` Դավիթը: Ըստ հարեւանների, մոտ տասը րոպե տեղի է ունեցել վիճաբանություն, որից հետո հնչել են կրակոցներ եւ հանցագործները իրենց հետ փախցրել են «Տոյոտա Քեմրին»: Ավազակներից մեկը կրակելուց առաջ հրազենը փաթաթել է պոլիէթիլենային տոպրակով, հավանաբար, որպեսզի պարկուճները հանցանքի վայրում չմնան:

Նշենք, որ նախկինում եւս նրանց պատկանող փոխանակման կետերից մեկի վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Մաշտոցի քննչական բաժնում քննիչ Վիգեն Սարգսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7- րդ, 8-րդ, 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ, 235 հոդվածի 1-ին մասի կետերով:

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ` պարզելու տեղի ունեցածի հանգամանքները եւ հայտնաբերելու առեւանգված ավտոմեքենան:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի