News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրավիճակը, ընդհանուր առմամբ, հանգիստ է. խնդրում եմ մեր ժողովրդին մեկ բան գիտակցել՝ մեզ վայել չէ խուճապի մատնվել, վախենալ, նույնիսկ գիշատիչները հարձակվելիս, երբ վախ են նկատում, ագրեսիան ուժեղանում է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումից հետո առաջնագծում տիրող իրավիճակին:

«Մեր տղաների կյանքին վտանգ չի սպառնում՝ բժիշկներն օպերատիվորեն արել են հնարավորը, մենք էլ պետք է աղոթենք նրանց առողջության համար: Ադրբեջանի նպատակներից գլխավոր նպատակների մեկը հենց մեզ վախեցնելն է:

Սա Ադրբեջանի կողմից սադրանք է, եւ այդպիսիք էլի են լինելու, պետք է պատրաստ լինենք դրան: Պետք է հասկանալ, որ լայնամասշտաբ պատերազմ հնարավոր չէ, քանի դեռ Արցախում են ռուս խաղաղապահ ուժերը, բայց նման սադրանքներով նրանք տարբեր նպատակներ են հետապնդում՝ փորձում են վախեցնել մեզ եւ հարվածել ռուս խաղաղապահ առաքելությանը, սա ուղղակի հարված է նաեւ Ռուսաստանին՝ փորձում են սրանով նսեմացնել այդ առաքելությունը, Ռուսաստանի ցույց տալ որպես այնպիսի երկիր, որն ի վիճակի չէ պաշտպանել: Մենք մեր խուճապով նպաստում ենք դրան:

Արտառոց որեւէ բան չի եղել, որպեսզի ադրբեջանական կողմը գնար նման քայլի: Մենք պետք է հասկանանք, որ դա նրանց ոճն է: Նրանք հասկանում են, որ իրենց ծրագրերն այս պահի դրությամբ ձախողվում են, տեսնում են, որ իրավիճակը բարդանում է տարածաշրջանում՝ Իրանի պահվածքն Ադրբեջանի նկատմամբ ցույց է տալիս, որ Ադրբեջանն իրենց համար արդեն թշնամական երկիր է, տեսնում է, որ խաղաղապահներն իրականացնում են իրենց առաքելությունն ու թույլ չեն տալիս, որ պատերազմ լինի, եւ չի կարող լինել: Սա եւս նրանց նյարդայնացնում է, իսկ այդ պարագայում Ադրբեջանը նաեւ նման քայլերի է դիմում»,- նկատեց Արցախի ԱԳ նախարարը:

Ժամեր առաջ Մինսկում ռուսական կողմի միջնորդությամբ կայացել էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը, որից ժամեր անց ադրբեջանական կողմն ապակայունացրեց իրավիճակն Արցախի հետ շփման գծում: Դավիթ Բաբայանը նկատեց՝ առողջ տրամաբանությամբ շրջանակում դա հնարավոր չէ հասկանալ:

«Արտգործնախարարներն են հանդիպում, մինչ այդ հանդիպել են հոգեւոր առաջնորդները, պետք է որ ավելի զուսպ պահեին իրենց, հանդիպումներից առաջ եւ հետո, թվում է, չպետք է Ադրբեջանը նման աննորմալ քայլերի դիմեր: Դա՝ առողջ տրամաբանությամբ, իսկ ի դեմս Ադրբեջանի գոյություն ունի հիվանդ պետություն, որը դիմում է անհասկանալի քայլերի:

Արցախի ԱԳ նախարարի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում բանակցային գործընթացը վերականգնելու հնարավորություն կա:

«Կա նման հնարավորություն, եւ, սա էլ է, միգուցե, Ադրբեջանի կողմից նման սադրանքների պատճառ դառնում, որով փորձ է արվում խոչընդոտել դրան: Մենք ոչ միայն բանակցային գործընթացի վերսկսման հնարավորություն ենք տեսնում, այլ նաեւ դրան այլընտրանք չենք տեսնում»,- շեշտեց Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ