Այսօր` հուլիսի 11-ը շոկոլադի համաշխարհային օրն է: Այդպես որոշել են ֆրանսիացիները: Հենց նրանք էլ ժամանակին շոկոլադը մասսայականացրեցին, իսկ տիկին Պոմպադուրը նույնիսկ կարծում էր, թե շոկոլադը խթանում է սեքսուալ ցանկությունը:

Մարդկանց մեծ կապվածությունը շոկոլադին գիտնականները բացատրում են այն բազմաթիվ օգտակար նյութերով, որ առկա են  շոկոլադում: Շոկոլադում կան նաեւ նյութեր, որ նպաստում են հանգստին եւ հոգեբանական վերականգնմանը, շատերը նույնիսկ շոկոլադը դիտարկում են որպես դեպրեսիայից դուրս գալու միջոց: Ենթադրություն կա նաեւ, որ շոկոլադը հակաքաղցկեղային հատկություն ունի եւ դանդաղեցնում է ծերացումը:

Շոկոլադի պատմությունն սկսվում է Մեքսիկայից: 1502 թվականին, երբ Քրիստափոր Կոլումբոսը ոտք դրեց ացտեկների հողի վրա, որպես հյուրընկալության նշան նրան մեկ բաժակ տաք շոկոլադ մատուցեցին, որից նա հրաժարվեց: 1519 թ. Մեքսիկայի ափերին մոտեցավ Կորտեսը, ով հավանեց խմիչքը` նրա մեջ շաքարեղեգ ավելացնելով: Նոր խմիչքը հավանության արժանացավ իսպանական արքունիքում, որտեղ այն անվանեցին «սեւ ոսկի»: Արդեն 1615 թվականին Աննա Ավստրիացու` Լյուդովիկոս 13-րդի կնոջ ջանքերով շոկոլադը հայտնվեց ֆրանսիական արքունիքում: Տասնամյակներ շարունակ շոկոլադն օգտագործվում էր միայն հեղուկ վիճակում,  սալիկ այն  դարձավ 19-րդ դարի կեսերին:

1828 թ. հոլանդացի Կոնրադ վան Հաութենը հիդրավլիկ մամլիչ ստեղծեց, որի միջոցով կակաոյի հատիկներից յուղ էին զտում: 1874 թվականին անգլիականն «Ֆրայ եւ որդիներ» ընկերությունում այդ յուղին խառնեցին շաքար եւ կակաոյի փոշի եւ ստեղծեցին առաջին շոկոլադե սալիկը: Այնուհետեւ ստեղծվեցին կաթնային շոկոլադները:

Հայաստանում մոտ 8 ընկերություն զբաղվում է շոկոլադի արտադրությամբ, եւս 5-ը՝ ներմուծմամբ։ Հայաստանում շոկոլադի խոշորագույն արտադրողը «Գրանդ Քենդին» է, խոշորագույն ներմուծողը` «Սովռանոն»: