Իր սկանդալային վարքով հայտնի բրիտանացի սոուլ-երգչուհի Էմի Ուայհաուսին այսօր` հուլիսի 23-ին իր Լոնդոնի տանը մահացած են գտել: Այս մասին հաղորդում է CBCNews-ը` վկայակոչելով Լոնդոնի ոստիկանությունը:

27-ամյա երգչուհու մահվան պատճառը դեռ անհայտ է, թեեւ հայտնի է, որ նա պայքարում էր ալկոհոլի եւ թմրանյութերից կախվածության դեմ:

Երգչուհուն գտել են շտապօգնության երկու բրիգադները, որոնք նրան տուն էին եկել կանչով:

Հայտնի է, որ ալկոհոլային կախվածությունից ազատվելու համար Էմին հոր խնդրանքով գարնանը մեկ շաբաթ անցկացրել է Լոնդոնի վերականգնողական կլինիկայում:

Ուայնհաուսն այս ամռանը նախատեսել էր եվրոպական երկրներով համերգային շրջագայության մեկնել, սակայն դա չեղյալ էր համարվել Բելգրադում հունիսի 18-ին տեղի ունեցած սկանդալային համերգից հետո:

Երգչուհին համերգին ներկայացել էր ավելի քան մեկ ժամ ուշացումով եւ այքան հարբած վիճակում, որ ի վիճակի չէր եղել երգել:  90 րոպե տեւած համերգի ժամանակ նա ընդամենը կարողացել են քթի տակ մրթմրթալ մի քանի երգերի տեքստեր` բացարձակապես չհետեւելով նվագախմբին եւ առաջ բերելով 20 հազար ունկնդիրների հիասթափությունը, ովքեր կարճ ժամանակ անց սկսել էին լքել դահլիճը:

Էմի Ուայնհաուսը համարվում է վերջին տարիների լավագույն սոուլ-երգչուհին: Նրան հռչակ բերեց 2006 թվականին թողարկած Back to Black ալբոմը, որը նրան 5 «Գրեմմի» մրցանակ պարգեւեց: