News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերն արդեն կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

Նա նշեց, որ Հայաստանի ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումները սկսվել են փետրվարից։ Սկզբում դիտարկվել է Արտաքին գործերի նախարարության հին շենքի տարբերակը, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով չի ստացվել եւ ԿԳՄՍ նախարարության կողմից առաջարկվել է Պատմության թանգարանը։

«Երբ գնացինք զրուցելու, թանգարանում ինձ ասացին, որ իրենց մի քանի նմուշները պետք է ցուցադրվեն մեր գորգերի հետ, ես, իհարկե, անակնալի եկա, որովհետեւ դա ճիշտ չէ։ Հնարավոր չէ նույն ցուցադրության ժամանակ տարբեր նմուշներ ցույց տալ։ Ասում եմ՝ եթե ձեր գորգերն էլ եք ուզում դնել, անունն ի՞նչ եք ուզում դնել, ասում են՝ դե կդնենք արցախյան գորգերի թանգարան։ Ես չեմ համաձայնել այդ տարբերակին»,- պատմեց Վարդան Ասծատրյանը։

Ասծատրյանը հակադարձել է առաջարկին՝ նշելով, որ Շուշի գորգերի թանգարանը առանձին ավանդույթներ եւ պատմություն ունի։

«Գորգագետները ընդհանուր եզրահանգման եկած չեն, որ նույն բանն ասեն։ Մեր գորգերի պատմությունն էլ լրիվ ուրիշ է, ասում եմ՝ եթե մենք մեր գորգի պատմությունը պատմում ենք, հարեւան դահլիճում ուրիշ գորգեր են՝ նույն զարդանախշով, իրենց աշխատողը ուրիշ բան պետք է բացատրի, հիմա դրա վերջն ի՞նչ պետք է լինի»,- նշեց Ասծատրյանը։

Խնդրի շուրջ Վարդան Ասծատրյանը խոսել է ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանի հետ։ «Ինքն էլ անակնկալի եկավ, եւ ասաց, որ նման բան նախատեսված չէ։ Փաստորեն, Պատմության թանգարաննի տնօրինությունը ինչ-որ մեկի որոշումներից ելնելով, անառողջ մթնոլորտ է ստեղծում։ Բայց սա թանգարանի ղեկավարության բանը չէ, այլ բան է կատարվում, տպավորություն ստեղծելով, թե այս մարդուն ինչ առաջարկում եք՝ չի համաձայնում»,- ասաց Վարդան Ասծատրյանը։

Պատմության թանգարանի երկրորդ հարկում 450 քմ տարածքով դահլիճ է տրամադրվելու Շուշիի թանգարանի գորգերի համար։ Նախատեսվում է, որ վերանորոգման աշխատանքները կավարտվեն հունիսին, սակայն Ասծատրյանի կարծիքով՝ դրանք առավել երկար կտեւեն։

Հիշեցնենք, որ 44–օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերը, ասեղնագործությունները ու կարպետները ի սկզբանե պահ էին տրվել Հայաստանի պատմության թանգարանին, 3 ամիս անց այնտեղ նորոգում էր սկսվել եւ 2021թ. փետրվարին ցուցանմուշները տեղափոխվել էին Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան։ Նախատեսվում էր՝ գորգերն այստեղ պահել 6 ամիս, բայց համապատասխան պահման վայրի բացակայության պատճառով, դրանք մնացել էին ճարտարապետության ազգային թանգարանում։ 2022 թվականի հունվարի 30–ից դրանք ցուցադրությունից հանվել են եւ պահվում են այդ թանգարանում։

Ամիսներ առաջ՝ Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր,  որ գորգերի համար արժանապատիվ տեղ են փնտրում Արցախում, եւ որ այդ հարցը շուտով կլուծվի։ Սակայն, Շուշիի գորգերի թանգարանի հիմնադրի խոսքով՝ Արցախի Կառավարությունը ոչ կառուցողական մոտեցում է ցուցաբերել։

«Իրենք ասում էին՝ բերեք այստեղ, երկու տարի հետո կորոշենք՝ ինչ ենք անելու։ Ես շեշտել էի, որ պայմանագիրը պետք է հիմա կնքվի, բայց պարտավորությունները կարող եք երկու տարի հետո կատարել։ Իսկ իրենք չէին ցանկանում կնքել, չեմ հասկանում՝ իրենց ուզածն ինչ էր, եթե հարցն ուզում ես լուծել՝ դու լուծում ես, իսկ երբ սկսում ես պատճառներ բերել, դա նշանակում է՝ չես ուզում լուծել»,- հավելեց Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը։

Տպել
Ամենաշատ