News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ոստիկանապետն ընդդիմադիրների հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ այն ոստիկանները, որոնք ակցիաների ժամանակ անցել են իրենց լիազորություններն, անպայման կպատժվեն։ Այս մասին այսօր ընդդիմադիրների երթի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն՝ անդրադառնալով ակցիաների ժամանակ ոստիկանների գործողություններին, այդ թվում՝ կարմիր բերետավորների կողմից բռնի ուժի կիրառմամբ ակցիայի մասնակիցներին բերման ենթարկելու դեպքերին։

«Հատկապես երեկ առանձնահատուկ էր այն առումով, որ հատուկ ցուցում էին ստացել կարմիր բերետավորներից ոմանք, որ կոնկրետ թիրախային հարձակում գործեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորների վրա։ Մենք տեսանք կադրերը, թե ինչպես են Վահե Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրում, Արծվիկ Մինասյանի նկատմամբ անթույլատրելի գործողությունները, որոնց համար այդ ոստիկանները պետք է պարտադիր իրենց պատիժը կրեն»,- նշեց պատգամավորը։

Արեգնազ Մանուկյանն ասաց, որ այդ հանդիպումից հետո այսօրվա երթի ժամանակ իրենց ուղեկցող ոստիկանների գործողություններում ակնհայտ է տարբերությունը։ 

Հարցին, թե այս ամենի վերաբերյալ միջազգային կառույցներից գնահատականներ չեն հնչում՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ դեսպանի հարցազրույցը, Արեգնազ Մանուկյանը պատասխանեց.

«Դրանով ակնհայտ են դարձնում այն կասկածները, որ իրականում 2018 թվականի սուտ սիրո և հանդուրժողական հեղափոխությունը իրականացվել է ոչ թե ժողովրդի կողմից։ Եւ հիմա իրենց դիմակն են պատռում, որ փաստորեն աջակցել են՝ Հայաստանում գան թրքահպատակ իշխանություններ և իրականացնեն այն հակահայկական քայլերը, որոնց ականատես ենք եղել և լինում։

Ցավոք սրտի, մեր ժողովուրդը հավատալով այս ստախոս իշխանություններին, նրանց դեմագոգիային, կորցրեց իր զգոնությունը, որի արդյունքում հարվածի տակ ենք դրել Հայաստանի ինքնիշխանությունը, կորցրել ենք Արցախի 75%-ը և հիմա կանգնած ենք անդունդի եզրին, կարող ենք կորցնել մեր երկիրը, և այս փողոցներով կարող են քայլել ոչ թե հայերը, այլ թուրքերը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ