«Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը, որը երեւանցիներին առավել հայտնի է «ֆիզիկայի ինստիտուտ» անվամբ, կառավարության այսօրվա` սեպտեմբերի 1-ի որոշմամբ վերակազմավորվեց հիմնադրամի:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը վարչապետ Տիգրան Սարգսյանից 3 օր խնդրեց որոշումը այլ գերատեսչությունների հետ համատեղ խմբագրելու համար, սակայն հազիվ թե էական փոփոխություններ լինեն: Այնուամենայնիվ` հարցը գիտական ու ոչ գիտական շրջանակներում բուռն արձագանք է գտել, նույնիսկ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը  կառավարության նիստի վերջում վարչապետից հետաքրքրվեց, թե իր գերատեսչությունն ի՞նչ անելիքներ ունի վերակազմավորված հիմնարկում, որտեղ իրականացվում են միջուկային բժշկության հետ կապված հետազոտություններ:

Բացի այդ` մի խումբ ֆիզիկոսներ բոքոքում են կառավարության որոշման դեմ, նրանցից մոտ մեկ տասնյակ հոգի այսօր առավոտյան փորձեց բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի առջեւ, սակայն դա տեւեց ընդամենը 5 րոպե` ֆիզիկոսները շատ արագ անհետացան:

NEWS.am-ին այնուամենայնիվ հաջողվեց որոշ պարզաբանումներ ստանալ ինստիտուտին մոտ կանգնած աղբյուրից: Պարզվում է` գիտնականների մտահոգության հիմնական առարկան շենքի հետագա ճակատագիրն է: Ֆիզիկայի ինստիտուտը գտնվում է Աջափնյակ համայնքում, առանձնացված ու գեղատեսիլ վայրում, բավական մեծ շենքային համալիր ունի: Այդ համալիրի վրա աչք են դրել ինչ-որ գործարարներ, որոնք ցանկանում են  (ըստ աղբյուրի) այնտեղ կազինո ու ռեստորան կամ նմանատիպ զվարճանքի վայր հիմնել: Ըստ էության` վերակազմավորելով հիմնարկը, կառավարությունը կանաչ լույս է վառում այդ նախագծի առջեւ:

Նշենք, որ վերակազմավորվելուց հետո ֆիզիկայի ինստիտուտը չի դադարելու գիտական հետազոտություններ իրականացնել, սակայն փոխվում է կառավարման կառուցվածքը: Ըստ օրենքի` հիմնադրամները պետք է կառավարվեն հոգաբարձուների խորհրդի կողմից: Ֆիզիկայի ինստիտում ստեղծվելու է նաեւ Միջազգային գիտական խորհուրդ, որը բաղկացած է լինելու 5-9 անդամներից:

Կառավարության այսօրվա որոշմամբ, Հիմնադրամի ժամանակավոր ղեկավար է նշանակվել Աշոտ Չիլինգարյանը: