Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում ապրող Խաչատրյանների ընտանիքը շուրջ 8 ամիս է՝ սպասում է որդու՝ 33-ամյա Շիրազ Խաչատրյանի մարմինը Կուտականի դիրքերից դուրս բերելուն։ NEWS.am-ի հետ զրույցում Շիրազի հայրը՝ Հովիկ Խաչատրյանն ասաց, որ պարբերաբար դիմում է տարբեր կառույցների, ժամանակ են խնդրում ու այլեւս չեն զանգահարում իրեն:

«Գնացել եմ քաղաքապետարան, մի շաբաթ ժամանակ խնդրեցին, 3 շաբաթ անցել է, ու ոչ մի լուր: Գնացել եմ կորպուսի հրամանատարի մոտ, կրկին հույս չկա: Ձնհալից հետո էլ ոչ մի քայլ չեղավ»,- ասաց Շիրազի հայրը:

Նրա խոսքով՝ իր որդու դեպքի մասին տեղյակ են բոլոր կառույցների ղեկավարները. «Որտեղ զանգում ենք, ասում են՝ վերեւից պետք է թույլտվություն լինի, որ տեսնենք՝ ինչ ենք անում, իսկ վերեւներից անտեսել են: Այս տարիքիս, հիվանդ վիճակով գնում ու խնդրում եմ, որ որդուս մարմինը հանեն: Ինչքան գնում եմ, ասում են՝ մի շաբաթ հետո: Մինչեւ օրս իմ տան դուռը ոչ Պաշտպանության նախարարն է բացել, ոչ ԱԱԾ-ից որեւէ պաշտոնյա, սա անտարբերություն չէ՞»:

Հիշեցնենք, որ Շիրազ Խաչատրյանը զոհվել է 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ընթացքում, մարմինը մնացել է միջդիրքային գոտում, մինչեւ այսօր ադրբեջանական կողմը չի թույլատրում մոտենալ դիրքին։ Հարազատները տեսանկարահանող սարքերով գտել են Շիրազի մարմինը, պարբերաբար հետեւում են, թե ինչպես է իրենց որդու մարմինը ոսկրանում։ Համածառայակիցները Խաչատրյանների ընտանիքին պատմել են, որ 12 զինծառայողից միայն Շիրազն է զոհվել, մյուսները կարողացել են լքել մարտի դաշտը։

Սեպտեմբերյան մարտերից հետո անհետ կորած էին համարվում 3 զինծառայող՝ Շիրազ Խաչատրյանը, Վահե Թորոսյանը եւ Թոռնիկ Սարգսյանը։ Վահե Թորոսյանի մարմինը ադրբեջանցիները փոխանցել են այս տարվա փետրվարի 2-ին։

Հիշեցնենք, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։

Հոկտեմբերի 14–ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ագրեսիայի հետեւանքով զոհերի եւ անհայտ կորածների թիվը գերազանցել է 210-ը, որից՝ 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը՝ անհայտ կորել։ Փաշինյանի խոսքով, վիրավորվել է 293 զինծառայող եւ 8 խաղաղ բնակիչ, իսկ անհայտ կորած զինծառայողների թիվը 28 է։

Հոկտեմբերի 4–ին Ադրբեջանը վերադարձրել է 17 հայ ռազմագերի։ Նոյեմբերի 29–ի դրությամբ, Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 156 մարմին։ Դեկտեմբերի 19–ին Քննչական կոմիտեն հայտնել է, որ հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 224-ն է։