News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական  բոլոր ութ գործիչների կալանքներն այս անգամ  երկարաձգվեցին 5 ամսով: Սկզբում երկարձգվեց Արկադի Ղուկասյանի, այնուհետև մյուս վեց գործիչների, իսկ այսօր՝ Ռուբեն Վարդանյանի կալանքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ռազմագերիների ներկայացուցիչ, Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը  պատասխանել է NEWS.am-ի հարցերին:

Տիկին Սահակյան, Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմական և քաղաքական  բոլոր ութ գործիչների կալանքներն այս անգամ  երկարաձգվեցին ոչ թե 4, այլ 5 ամսով: Սպասելի՞ էր սա: Ձեր կարծիքով՝ ի՞նչ տրամաբանությամբ է ընտրվում այս հնգամսյա ժամկետը:

Երկարաձգումները, ցավոք, կանխատեսելի էին:  Հասկանալի է, որ այս շինծու քրեական գործերում փաստական ու իրավական հիմքերը բացակայում են, և այս ժամանակն անհրաժեշտ է փաստեր կեղծելու և միջազգային հանրությանը համոզելու համար, թե այս անձանց պահելը իբր կարող էր ունենալ իրավական հիմքեր: 

Այստեղ սակայն ուշագրավ է նաև այն, որ մարդու իրավունքների ստանդարտները, կալանքը որպես խափանման միջոց ընտրված անձանց համար, պահանջում են ժամկետի կրճատում: Հիմքերից զատ՝ այստեղ գործում է նաև պատշաճ ջանասիրության ստանդարտը, ինչը ենթադրում է, որ պետությունը պետք է ցույց տա, որ նախաքննության ժամանակահատվածում ապացույցների հավաքագրման ուղղությամբ ցուցաբերվել է պատշաճ ջանասիրություն, սակայն ինչ-ինչ օբյեկտիվ պատճառներով դեռևս կալանքը երկարաձգելու անհրաժեշտության կա: Եվ եթե այս պատշաճ ջանասիրությունը չի հիմնավորվում, ապա խափանման միջոցը ենթակա չէ երկարաձգման, կամ ենթակա է կրճատված ժամկետով երկարաձգման: Բայց  այստեղ հակառակ տրամաբանությունն ենք տեսնում, ինչն անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի կոպտագույն խախտում է:

Նախորդ անգամ՝ հունվարին, երբ երկրորդ անգամ չորս ամսով երկարաձգեցին կալանքի ժամկետները, սկզբում հայտարարեցին Ռուբեն Վարդանյանի, հետո ՝ մյուս յոթ գործիչների կալանքի երկարաձգման մասին:  Այս անգամ հակառակն էր: Ռուբեն Վարդանյանին թողել էին վերջում: Ձեր դիտարկումներով՝  ի՞նչ  միտում են նրանք հետապնդում:

Այո, Ռուբեն Վարդանյանին փորձում են առանձնացնել: Նրա դեպքում տեսնում ենք, որ նաև ադրբեջանական լրատվամիջոցներն են պարբերաբար նույնաբովանդակ մեսիջներով նրան թիրախավորում: Ցավոք, փաստն այն է, որ  մարդը, որի մեղքը ապացուցված  ու ապացուցելի չէ, շարունակում է գտնվել  ապօրինի կալանքի տակ:

Հստակ պատկերացում չկա, թե երբ կարող է սկսել դատաքննությունը: Ադրբեջանի օրենսդրությամբ՝ այն կարող է սկսել 6-9 ամիս հետո: Բացի այդ, հայտնի չէ անգամ, թե արդյոք դատաքննությունը բաց է լինելու: Եթե Ադրբեջանն այդքան վստահ է, որ ձերբակալել է «հանցագործի», ինչի մասին այդքան թմբկահարում է իր մամուլով ու անգլերենով հրապարակումներ պատրաստում դրսի լսարանի համար, ապա դատավարությունը պետք է լինի բաց բոլորի համար և միջազգային իրավապաշտպաններն ու  դիտորդները պետք է հնարավորություն ունենան մասնակցելու դրան:

Ի՞նչ մեխանիզմներ կան, որոնք այս իրավիճակում պետք է և հնարավոր է գործի դնել: Տպավորություն է, որ  թե Հայաստանը, թե միջազգային իրավապաշտպան կառույցները հանգիստ հետևում են, թե ինչպես են ամիսներով որպես պատանդ պահվող անձանց  ժամկետները երկարացնում և պարզապես արձանագրում են փաստը՝ առաց որևէ գործուն միջոց ձեռնարկելու։

Հնարավոր բոլոր միջոցներով՝ թե իրավական, թե քաղաքական պետք է շարունակել բարձարձայնել Բաքվում ապօրինի պահվող հայերի ազատ արձակման մասին և միջազգային արձագանք պահանջել:

Վերջերս ՄԱԿ-ի խոշտանգումների կոմիտեն ուղիղ անդրադարձ էր կատարել Ադրբեջանի այսպես կոչված «հակաահաբեկչական” որակմանը,  այն համարել էր անթույլտարելի և պահանջել էր անհապաղ ապահովել  23  հայերի ազատ արձակումը: Այդ ուղղությամբ քայլերը պետք է շարունակել և ակտիվ աշխատել:

Իսկ քաղաքական առումով, Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղ համաձայնագիր պետք է ներառի բոլոր հայ բանտարկյալների ազատ արձակումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ