News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 13
Տեսնել լրահոսը

NEWS.am-ն սկսում է հարցազրույցների շարք՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության և նրանց վերադարձն ապահովելու համար:

Որպես պետություն` Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ապահովել իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, որոնք ապօրինի գերված կամ պատանդառված են մեկ այլ պետության կողմից: Մենք տեսանք, թե  ինչպես ամիսներ առաջ ժամերի ընթացքում ազատ արձակվեց և Բաքու տեղափոխվեց  Մոսկվայի օդանավակայանում ձերբակալված ադրբեջանցի “Ֆիթնես  բլոգերը”, որը Հադրութում տարեց ու անզեն հայ էր  գլխատել ու տեսանյութը տեղադրել իր բլոգում: Մինչդեռ  շինծու մեղադրանքներով Բաքվի բանտում պահվող հայ բանտարկյալներն  արդեն տարիներ  են գտնվում  այնտեղ, և Ադրբեջանը կարծես նրանց վերադարձի որևէ մտադրություն չի ցուցաբերում, ավելին, շարունակում է  արհամարհել  նրանց անհապաղ ազատ արձակելու միջազգային կառույցների կոչերն ու  հորդորները:

Այս շարքի  մեր առաջին զրուցակիցը միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանն է:

Բաքվի բանտում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը վերջերս հայտնեց խոշտանգումների մասին և դիմում ներկայացրեց  Խոշտանգումների հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին: Ինչպիսի՞ն են ընթացակարգերը, ի՞նչ պետք է հաջորդի սրան զեկուցողի կողմից: Միջազգային ուրիշ ո՞ր ատյաններ են իրավասու զբաղվել այդ ահազանգով: Չէ՞ որ ակնհայտ է, որ մյուս հայ բանտարկյալները ևս խոշտանգվում են:

Այո, տեղյակ եմ։ Բավականին լուրջ և հիմնավորված փաստաթուղթ է ներկայացվել։ Կոնկրետ այդ՝ անհապաղ գործողություն պահանջող ակտից հետո ակնկալվում է Ադրբեջանի արձագանքը։ Երբ Հատուկ զեկուցողը ստանա կամ եթե չստանա Ադրբեջանի արձագանքը, իրավունք ունի իրականացնել փաստահավաք այցելություն Ադրբեջան։ Այդ ամենից հետո կամ միգուցե նաև առանց դրա Հատուկ զեկուցողը ներկայացնելու է իր զեկույցը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին և Գլխավոր ասամբլեային։ 

Կան միջազգային տարբեր ատյաններ՝ ՄԱԿ-ից մարդու իրավունքների պաշտպանության մարմիններից մինչև տարածաշրջանային ատյաններ, Միջազգային քրեական դատարանից մինչև ԵՄ օրենսդրության մեխանիզմներ, որոնք վերաբերում են Մարդու իրավունքների խախտումներ իրականացնող պետություններից մատակարարումների արգելքին, և ընդհանրապես միջազգային իրավունքից մինչև ազգային օրենսդրություններ։  

Մեր պարագայում, օրինակ՝ Եվրոպական միություն և Եվորպայի խորհուրդի հնարավորություններն ամբողջ ծավալով պետք է օգտագործվեն։ Եվրոպայի խորհրդի մասով, հատկապես՝ դրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մասով գործ արվում է, կա միջպետական գանգատ այդ թվում՝ նաև ապօրինի պահվող անձանց մասով։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ևս աշխատանքներ պետք է տարվեն արդեն մեր ԱԺ պատգամավորների կողմից։ Մենք, ճիշտ է, Եվրոպական միության անդամ չենք, սակայն կարող ենք ԵՄ մարմինների հետ համագործակցել այս հարցերով։ Ավելին, մենք անդամ ենք ԵՄ արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի (Եվրոնեսթ), որտեղ ժամանակին բավականին ակտիվ էինք։ Դա ևս շատ կարևոր հարթակ է, որ պետք է օգտագործի, սակայն կրկին ԱԺ պատգամավորների կողմից։

Հարթակները շատ են, կամք է պետք, պետական քաղաքականություն է պետք, դիվանագիտական աշխատանք է պետք։ Միջազգային կառույցները ինքնաշխատ կերպով չեն աշխատում, դրանց աշխատացնել է պետք։

Մենք, իհարկե, կարող ենք մասնավոր ջանքերով որոշ գործողություններ անել և անում ենք, սակայն դա բավարար չէ։ Պետությունն էլ պետք է ջանք գործադրի, նպատակամղված քաղաքականություն վարի կամ առնվազն չխանգարի, այդ թվում՝ հայտարարությունների մակարդակով։

Վերջին շաբաթներին միջազգային ասպարեզում բավականին ակտիվ  բարձրացվել էր Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների թեման: Բոննում անցկացված՝ COP29-ի նախապատրաստական կոնֆերանսին ակտիվիստերը բարձրաձայնեցին հարցը՝ ուշադրությունը հրավիրելով այն փաստին, որ ՄԱԿ-ի այս կարևոր միջոցառումը հյուրընկալող  Ադրբեջանը ոչ միայն էթնիկ զտում է իրականացրել, այլ  շարունակում է բանտում ապօրինի պահել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Անցած շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում  հարցը բարձրացրեց սենատոր Էդ Մարկին:

Սրան զուգահեռ՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում  թեման որևէ ինստիտուցիոնալ մակարդակում չի բարձրացվում: Ակտիվ չեն ո՛չ կառավարությունը, ո՛չ իրավապաշտպանները, ո՛չ ՀԿ սեկտորը:  Ինչպե՞ս կարելի է բացատրել այս իրավիճակը: Եթե կառավարությունը կարող է իր լռությունը հիմնավորել  կոնֆիդենցիալ տարվող աշխատանքով, արդյո՞ք Հայաստանի իրավապաշտպաններն ու այդ ոլորտի ՀԿ-ները անելիք չունեն, արդյո՞ք իսկապես մեխանիզմներ չկան:

Մեխանիզմներ էլ կան, հնարավորություններ էլ կան, երևի կամք չկա։

Անկեղծ ասած՝ ինչ մեր քաղաքացիական հանրության հասարակական կազմակերպությունների զգալի մասը 2018թ-ից հետ համալրեցին պետական ապարատը, այս ոլորտում բավականին լուրջ բաց առաջացավ։

Մյուս մասը, որ դեռ աշխատանքները շարունակում են իրավապաշտպան ոլորտում, մեծապես զբաղվում են մարդու իրավունքների ներքին գործերով և դրա համար են կարողանում ֆինանսներ ներգրավել հիմնականում դրսի աղբյուրներից։ Բնական է՝ դրսի դոնորներին այս պահին այդքան էլ չի հատաքրքում Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը, Արցախի էթնիկ զտումն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները։ Ներսում էլ դոնորներ չկան կամ գրեթե չկան, որ ֆինանսավորեն այդ աշխատանքները։ Իսկ այն սակավաթիվ կազմակերպությունները, որ զբաղվում են այս հարցերով, մեծապես կամավորության ու մարդու իրավունքների պաշտպանության իրենց առաքելությունից ընթացիկ շահերով չշեղվելու մեծ կամքի շնորհիվ են իրականացնում այս կարևոր գործը, ինչի համար պետք է շնորհակալություն հայտնել նրանց։    

Կառավարության ներկայացուցիչները ժամանակ առ ժամանակ   հայտարարում են , որ գերիների խնդիրն իրենց օրակարգում է, և դա այն հարցն է, որի շուրջ պետք  չէ հրապարակային խոսել, այլ պետք է լուռ աշխատել: Փոխարենը տարբեր երկրներում Ադրբեջանի դեսպանատները շատ ակտիվ հակաքարոզչություն են իրականացնում: Ձեր  կարծիքով, արդյո՞ք այս իրավիճակում լուռ աշխատանքը արդարացված է: Արդյոք չպե՞տք է հարցը ինչ-որ մասով բարձրաձայնել, որպեսզի միջազգային գործընկերներն ու միջազգային իրավապաշտպան կառույցները, հիմնվելով պաշտոնական Երևանի դիրքորոշման վրա, միանան և ավելի լայն հնչեղություն տան հարցին: Առհասարակ, այս իրավիճակում պետությունը իր  ո՞ր լծակները կարող է  ավելի արդյունավետ կիրառել:

Հավատացեք, ես ծանոթ եմ իրենց աշխատանքին և թերահավատ եմ, որ այդ ուղղությամբ նպատակաուղղված դիվանագիտական աշխատանք տարվում է։ Այնքանով, որքանով ինչ-որ մի տեղ, մի լրատվականում գրվի կամ նշվի, որ գործ է արվում, կանեն, սակայն, ցավով պետք է նշեմ, որ քաղաքական իշխանության այսօրվա թիմը այս խնդիրներն իրենց աշխատանքի առաջնահերթությունը չի համարում։ Իսկ ադրբեջանական կողմն արդեն երեք տասնամյակ է նպատակամղված հակահայկական աշխատանքներ տանում է բոլոր ուղղություններով։

Միայն կարող եմ առանձնացնել Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ծանրակշիռ աշխատանքը, որը բացառապես իրավաբանական աշխատանք է, որ տարվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Սակայն նրանց աշխատանքն էլ է լուրջ խաթարվում ՀՀ կառավարության ղեկավարի ու նրա թիմի ներկայացուցիչների հակասական հայտարարություններով, որոնք երբեմն ուղղակիորեն հակադրվում են դատարաններում ներկայացված ՀՀ դիրորոշումներին և մեր ազգային շահերին։

Իմ խորին համոզմամբ անհրաժեշտ է և՛ լուռ ու չերևացող, և՛ բաց ու հանրային դիվանագիտական աշխատանք, որոնց միջոցով կօգտագործվեն բոլոր հնարավոր միջազգային իրավական ու դիվանագիտական հարթակները Ադրբեջանի միջազգային հանցագործությունների բարձրաձայնման ուղղությամբ։ Մենք արդեն չորս տարի է՝ և՛ փորձագիտական, և՛ լրատվական, և՛ ժամանակին քաղաքական հարթակներից խոսում ենք չօգտագործված հնարավորությունների, այդ թվում՝ նոր դատական գործեր Ադրբեջանի դեմ սկսելու մասին, սակայն դրանք ոչ միայն չեն նախաձեռնվում, այլ նաև հայտարարություններ են հնչում, որ եղածներից կարող են հրաժարվել։  

Ըստ էության, մենք հիմա ունենք իրավիճակ, երբ  պետությունը չի ապահովում  մեկ այլ երկրում ապօրինի կալանավորված իր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը և, առհասարակ, իր պոզիտիվ իրավունքի իրացումը: Իրավիճակը մեր երկրում շարունակում է անկայուն մնալ:  Եվ եթե վաղը, Աստված մի արասցե, մեր սահմանամերձ հատվածում մարդիկ հանկարծ գերի ընկնեն, արդեն, ցավալիորեն, կա ձևավորված համոզմունք, որ պետությունն իրենց ազատման համար ոչինչ չի անի և իրենք առնվազն տարիներ են անցկացնելու Բաքվի բանտերում: Սա արդյոք շատ վտանգավոր միտում չէ՞ և  կարո՞ղ է ինչ-որ առումով  իրավական հետևանք ունենալ:

Հարցը ունի քաղաքական և իրավական բովանդակություն։

Հաշվի առնելով պետության անունից հանդես եկող անձանց նախորդ տարիների վարքագիծը՝ թե՛ անգործության/գործողության, թե՛ հայտարարությունների առումով՝ այո, նման մտավախություն ու անպաշտպանության զգացողություն առկա է։  

Քաղաքական առումով հանրությունն ինքը պետք է գնահատի իրենց իրավունքների պաշտպանության գործում իր կողմից ընտրված անձանց անկարողությունն և/կամ կամքի բացակայությունը և մյուս անգամ նրանց կառավարելու իրավունք չտա։

Իրավական առումով չեմ բացառում, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարքագիծը, ովքեր նման դեպքերում կարող են և պետք է իրենց սահմանադրական իրավասության շրջանակներում կոնկրետ միջոցների դիմեն, սակայն չեն դիմում տարբեր պատճառներով, պարունակի ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմ։ 

Արդյո՞ք այս  իրավիճակում, երբ խոսվում է «խաղաղության պայմանագրի»  մասին, առաջնահերթը հարցերից մեկը  չպետք է լինի բոլոր գերիների ու ապօրինաբար պահվող հայերի ազատ արձակումը: Միջազգային  պրակտիկայում կա՞ նախադեպ, երբ օրինակ, ստորագրվում է խաղաղության հաստատման մասին համաձայնագիր, բայց մի երկիրը շարունակում է որպես գերի կամ պատանդ պահել մյուս երկրի քաղաքացիներին:

Նախ, կարծում եմ, նման պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու նախապայման պետք է լինի գերիների ու ապօրինաբար պահվող անձանց ազատ արձակումը, որովհետև չի կարելի միջազգային հանցագործություն կատարած ու կատարող անձանց հետ բանակցել այն հարցի շուրջ, թե ինչ անենք, որ իրենք դադարեցնեն շարունակվող միջազգային հանցագործությունը։ Նույնն է, թե երիտթուրքերի կամ Հիտլերի հետ բանակցենք ցեղասպանությունը դադարեցնելու դիմաց մի նոր հող կամ մեկ այլ բան, օրինակ՝ արժանապատվություն, զիջելու շուրջ։ Կամ շատ լավ օրինակ ունենք թումանյանական հեքիաթներից՝ «Չարի վերջը» մի ձագուկ տանք, որ մյուսին չուտի թշնամին։

Ավելին ասեմ, միջազգային պրակտիկայում խաղաղության պայմանագրեր արդեն կես դարից ավել է՝ չեն էլ բանակցվում կամ ստորագրվում, քանի որ զուտ պատերազմ սկսելն արդեն միջազգային հանցագործություն է, հետևաբար՝ այդ պայմանագրի կողմերից մեկը հանցագործություն է կատարել, որից պետք է բխեն համապատասխան հետևանքները։ Բոլոր վեճերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, բանակցային միջոցներով։ Ուժի կիրառումը կամ դրա սպառնալիքը «ագրեսիա» կոչվող հանցագործություն է։

Պարզ է, որ հաղթող կողմն իրեն հանցագործ չի ճանաչելու և հնարավոր բոլոր ծանր հետևանքները դնելու է պարտվող կողմի վրա։ Ուստի այստեղ շատ կարևոր է նաև այն բառապաշարը, որ օգտագործում ենք, հատկապես, երբ դա օգտագործում է անձը, ում գործողությունները վերագրվում է պետությանը։ 

Կարծում եմ՝ այստեղ չպետք է փնտրել ինչ-որ նախադեպեր «արդարացնելու» համար Ադրբեջանի գործողությունները։ Նախ դրանք չկան, իսկ հետո՝ մենք մեր քաղաքականությունը պետք է կենտրոնացնենք մեր շահերի ու իրավունքների պաշտպանության ուղղությամբ, որի տրամաբանությունը պետք է լինի ՀՀ քաղաքացիներին հարևան պետությունում ապօրինի ազատազրկումից ազատելը և այդ պետության ռազմաքաղաքական ղեկավարությանը միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության դաշտ բերելը։

Ինչ էլ որ լինի, մենք մեր ԻՐԱՎՈՒՆՔԻՑ չպետք է հրաժարվենք։ Երբե՛ք։

Հրաժարվելն անդառնալիության է բերելու։

Սա ոչ ռազմական, ոչ էլ աշխարհաքաղաքական խնդիր է, այս պահին սա  ընդամենը իրավական ու դիվանագիտական աշխատանք է պահանջում, որ պետք է իրականացվի՝ անկախ ռազմատեխնիկայի քանակից ու աշխարհաքաղաքական դասավորվածությունից, որպեսզի ինչ-որ պահի, երբ իրադրություններն արդեն մեզ հարմար դասավորված լինեն, մենք մեր հասունացրած իրավական գործիքների պտուղներն օգտագործենք և ստանանք քաղաքական արդյունքներ։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ