Երկրապահ կամավորականների միությունում (ԵԿՄ) հերքում են տեղեկությունները, թե ԵԿՄ Կենտրոն տարածքային կազմակերպությունում խմորումներ են սկսել, որի արդյունքում ավելի քան 50 անդամներ պատրաստվում են հանձնել իրենց վկայականները եւ դուրս գալ ԵԿՄ-ից:
ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նորմալ գործընթաց է, երբ ինչ- որ կազմակերպություն մարդիկ ընդունվում կամ դուրս են գալիս, բայց կառույցից դուրս գալու ոչ թե 50, այլ 2 դիմում էլ չի եղել:
«Ավելին` մեծ հոսք կա դեպի ԵԿՄ, ինչպես նաեւ ԵԿՄ-ի պատանի եւ երիտասարդական ակումբներ: Ընդ որում, ԵԿՄ կենտրոնի կառույցին վերջերս 100 հոգի է անդամագրվել: Նրանց շարքերում կան տղաներ, որ նախկինում չեն անդամակցել ԵԿՄ-ին, առանձին հ/կ-ներ են եղել հիմա որոշել են միանալ ԵԿՄ-ին:
Նա անդրադարձավ նաեւ ԵԿՄ Կենտրոնի կառույցի ղեկավարի փոփոխությանը (Մանվել Գրիգորյանի հրամանով ԵԿՄ Կենտրոն կառույցի 4 ամիս առաջ ընտրված ղեկավար Էդիկ Գյումրյանը հեռացվել է եւ նրա փոխարեն այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակվել Ռոբերտ Նազարեթյանը), նշելով, որ ԵԿՄ վարչության նախագահն իրավունք ունի աշխատանքի կազմակերպման արդյունավետությունից ելնելով փոխել ղեկավարին:
«Մանվել Գրիգորյանը խոսել է կառույցի նախագահի հետ եւ ներկայացրել, որ կառույցն այն արդյունավետությամբ չի աշխատում, որքան մյուս կառույցները: Իսկ կառույցի ղեկավարն էլ ընդունել է իրականությունը: Ցանկանում եմ ասել, որ սա անձերի խնդիր չէ: Ներկա պահին ժամանակավոր պաշտոնակատար է նշանակված, մինչեւ կառույցից առաջարկ կլինի, թե ով կղեկավարի այն»,- մանրամասնեց Վարդան Վարդանյանը:
Հարցին, թե ի՞նչ առումով արդյունավետ չի աշխատել հեռացված ղեկավարը, նա պատասխանեց. «ԵԿՄ-ն ունի կանոնադրական պարտավորություններ, միջոցառումներ են անցկացվում, զոհվածների ընտանիքներին սոցիալական, իրավական աջակցություն է ցուցաբերվում, ռազմահայրենասիրական միջոցառումներ են անցկացնում: Եթե նայենք նույնիսկ հեռավոր մարզերում ակտիվ միջոցառումներ են անցկացնում, իսկ կենտրոնը վերջերս այդ առումով իսկապես ակտիվ չէր»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵԿՄ Կենտրոն տարածքային կազմակերպության շուրջ 50 անդամներ պատրաստվում են հանձնել իրենց վկայականները եւ դուրս գալ ԵԿՄ-ից: ԵԿՄ-ից դուրս գալու որոշման պատճառը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից փոխանցված մեսիջն է եղել, որի համաձայն նա հրամայել է` կառույցի ղեկավարի պաշտոնից հեռացնել 4 ամիս առաջ ղեկավար ընտրված Էդիկ Գյումրյանին (նա շարունակում է իր հոր` Արտաշես Գյումրյանի աշխատանքը) եւ այդ պաշտոնում ժամանակավորապես նշանակել Ռոբերտ Նազարեթյանին: Այս որոշումը դուր չի եկել երկրապահներին եւ նրանք քննարկում են կազմակերպությունից հեռանալու հարցը:
Ի դեպ, NEWS.am-ի տեղեկություններով, ներկայումս բանակցություններ են ընթանում ԵԿՄ ղեկավարների ու Գյումրյանների միջեւ եւ շատ հնարավոր է, որ վերջնարդյունքում պաշտոնապես հրաժարականի դիմումներ չներկայացվեն:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























