Երևանի Հ. Օրբելու անվան դպրոցի, հանրությանն առավել հայտնի «փոսի» դպրոցի աշակերտների ծնողներն ահազանգում են, որ դպրոցի աշակերտներն արդեն երկրորդ օրն է դասի չեն գնում։ Պատճառը իրենց բնորոշմամբ՝ դպրոցի մոտակայքում ընթացող «ֆանտաստիկ, դարակազմիկ» շինարարությունն է, որը վտանգավոր է համարվում դպրոցի շենքի համար, գրում է «Փաստինֆոն»:

Ֆեյսբուքյան օգտատեր Նարի Սյունին մասնավորապես գրում է. «Դասի ժամանակ լսվող աղմուկի մասին չեմ խոսում, զավեշտն էն է, որ աշակերտների մի զգալի մասն ապրում է մոտակայքում ու, միևնույն է, վայելելու է թե ձայները, թե դղրդոցները, ուղղակի արդեն թե օֆլայն, թե օնլայն։

Ընդ որում, առաջին օրը դաս չանելու պատճառն էլ չեն ասել, երեկոյան հայտնել են, որ՝ այսպես և այսպես, դասերը մի շաբաթ օնլայն կլինեն։ Ամենահավես պահը․ էս շինարարությունը մի շաբաթից չի ավարտվելու, անգամ մի տարուց չի ավարտվելու»։

Կարեն Վրթանեսյանը գրառման ներքո նշել էր, շինարարությունն իրականացվում է առանց շինթույլտվության։ Ալեքսեյ Չալաբյանն էլ նշում է, որ «առանց թույլտվության սկսել են 5 հատ 35 հարկանի երկնաքեր սարքել 2 դպրոցի ու 3 մանկապարտեզների արանքը»։

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ Երևանում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող միակ դպրոցը, որ անցել է հեռավար ուսուցման 172 դպրոցն է։ «Օրեր առաջ դպրոցի տնօրենը դպրոցում ինչ-որ ցնցում, շարժ է զգացել կոնստրուկցիաների։ Ինքը օրենքով սահմանված կարգով տեղյակ է պահել համապատասխան կառույցների, այդ թվում՝ փրկարար ծառայությանը։ Վերջիններիս կողմից ուսումնասիրություն է արվել ու որոշվել է անվտանգության նկատառումներով բոլոր դեպքերում պետք է ժամանակավորապես դադարեցնել ֆիզիկապես դասապրոցեսների անցկացումը և անցնել հեռավար դասավանդման։

Դպրոցը 1997 թ-ից 3-րդ աստիճանի վթարայնություն ունի, քանի որ հիմա դասապրոցեսը հեռավար է անցկացվում դպրոցում մենք պետք է երկրաբանական և այլ տեսակի ուսումնասիրություն անենք, որպեսզի փորձենք հասկանալ՝ կոնստրուկցիաների շարժը, որ զգացել է տնօրենը՝ իրականում ինչով է պայմանավորված։ Սա պայմանավորված է 3-րդ աստիճանի վթարայնությամբ, թե մեկ այլ գործոնով։ Մենք շահագրգիռ ենք, որ այդ ուսումնասիրությունները արագ ավարտվեն»։

Հարցին, թե արդյոք սա կարող է պայմանավորված լինել հարևանությամբ ընթացող շինարարությամբ՝մեզ պատասխանեցին, որ մասնագիտական ուսումնասիրությունը կտա բոլոր հարցերի պատասխանը։ «Ենթադրություններով այս դաշտում հետևություններ անել չի կարելի»

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում