Իրանը հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում Հայաստանին քաղաքական աջակցությունից ավելի հեռուն չի գնա, քանի որ Թեհրանը հասկանում է, որ դա իրեն կներքաշի տարածաշրջանային պատերազմի մեջ, որից նա մշտապես խուսափում է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը։
Նա, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին Իրանի վերջին հայտարարություններն անվանել է և՛ նախազգուշացում, և՛ քաղաքական ակտիվության դրսևորում, որն անհրաժեշտ է Թեհրանին։ Նրա գնահատմամբ, Իրանի հռետորաբանությունը, ի թիվս այլ բաների, ուղղված է Իսրայելի հետ կապված քաղաքական խնդրի չեզոքացմանը՝ հաշվի առնելով, որ Թեհրանը մեկ ամիս ոչինչ չի ձեռնարկել Թել Ավիվին պատժելու համար, ինչպես սպասում է ողջ աշխարհը։ Նա պարզաբանել է, որ այժմ իր դեմքը փրկել փորձող Թեհրանի հռետորաբանության թիրախը դարձել է ավելի ազդեցիկ խաղացող՝ ի դեմս Ռուսաստանի։ Պետրոսյանը հավելել է, որ Ռուսաստանը նախընտրում է չարձագանքել այն երկրների, այդ թվում Իրանի հարձակումներին, որոնց հետ սերտ կապեր ունի։
«Միևնույն ժամանակ Իրանը ևս մեկ անգամ հայտարարեց իր «կարմիր գծերի» մասին, քանի որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման նախագիծը հակասում է իր շահերին։ Ընդամենը 5 տարի առաջ, երբ ղարաբաղյան հակամարտությունում դեռ փոփոխություններ չկային, և չկար Ուկրաինայում պատերազմը, ոչ ոք չէր խոսում տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։ Այստեղ տիրում էր թշնամանքի մթնոլորտ, որի հիման վրա հաղորդակցական կապերի տարբեր ձևաչափեր էին ձևավորվել։ Դրա շրջանակներում յուրաքանչյուր կողմ փորձում էր դրանից իր օգուտները քաղել»,- նշել է փորձագետը։
Նրա գնահատմամբ, ակնհայտ էր, որ 44-օրյա պատերազմի արդյունքներից չշահող երկներից մեկը Իրանն էր։ Արմեն Պետրոսյանը համոզմունք է հայտնել, որ ստեղծված իրավիճակը վկայում է դրա մասին, քանի որ Իրանը կորցնում է այն լծակները, որոնք 30 տարի ուներ Հարավային Կովկասում։
Նա ընդգծել է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումն ինքնին ձեռնտու է Հայաստանին, որը կարող է հնարավորություն ունենալ դուրս գալու 30-ամյա շրջափակումից, սակայն Իրանը հասկանում է, որ Երևանը չի կարողանա խաղի մեջ մտնել իր կանոններով և բոլոր շահագրգիռ կողմերը ճնշում կգործադրեն նրա վրա՝ զիջումների հասնելու համար։ «Միևնույն ժամանակ Իրանը Ադրբեջանին ճանապարհ է առաջարկում իր տարածքով, բայց Բաքուն ցանկանում է միջանցք ստանալ, որը կլինի իր վերահսկողության տակ։ Ռուսաստանը, հետապնդելով իր նպատակները, փորձում է վերակենդանացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը։ Այդ երկրում անընդհատ խոսում են այն մասին, որ միջանցքի շահառուները եվրոպական երկրներն են և ԱՄՆ-ն, որպեսզի Արևմուտքի հետ մրցակցություն հրահրեն այս հարցում և որպեսզի Մոսկվան կարողանա խաղի մեջ մտնել։ Եթե Ռուսաստանին ձեռնտու է հաղորդակցությունների ապաշրջափակումը նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանությամբ, ապա Իրանի համար ոչ մի տարբերակ ընդունելի չէ, թեև նա մատնանշում է, որ կողմ է Հայաստանի կողմից ճանապարհների վերահսկողության տարբերակին։ Սակայն գործնականում դա քիչ հավանական է, քանի որ դրան դեմ են Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան»,- պարզաբանել է փորձագետը։
Նրա կարծիքով, Ռուսաստանը, ուկրաինական ճակատում ձախողումների ֆոնին և ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների նախաշեմին, իրավիճակային ակտիվություն է դրսևորել այս հարցում, բայց դա չի նշանակում, որ Մոսկվան գործնականում պատրաստ է մտնել խաղի մեջ։




























