Իրանական հատուկ ծառայությունները ամերիկյան թռչող սարք են խփել` կիբերգրոհի օգնությամբ: Այս մասին հաղորդել է Իրանի պետական հեռուստատեսությունը այդօր` դեկտեմբերի 9-ի գիշերը:
Դրանից մի քանի ժամ առաջ տեղի հեռուստաալիքները կադրեր են ցուցադրել, որտեղ երեւում է RQ-170 մոդելի թռչող սարքը` առանց նկատելի վնասվածքների: Ավելի վաղ Իրանի զինված ուժերի ներկայացուցիչները հայտարարել են, որ թռչող սարքը շատ չի վնասվել, բայց չեն բացատրել, թե ինչպես են խփել, որ այն չի վնասվել, գրում է «ՌԻԱ նովոստին»:
Ամերիկյան զինվորականներն իրենց հերթին հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքն ինքն է ընկել, երբ վերջացել է վառելիքը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն հաստատել է անօդաչու թռչող սարքի կորստի փաստը այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց փխված սարքի մասին:
Իրանի ԱԳՆ-ն Թեհրանում Շվեյցարիայի դեսպանին իր բողոքն է հայտնել ամերիկյան թռչող սարքի Իրանի օդային տարածքում հայտնվելու կապակցությամբ: Շվեյցարիայի դեսպանությունը Իրանում ներկայացնում է նաեւ ԱՄՆ-ի շահերը, քանի որ Վաշինգթոնն Իրանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունի, գրում է «Ազատությունը»:




























