Պետական կադաստրում առաջընթաց կա` էապես բարձրացել է ծառայությունների որակը; Այդ մասին, այսօր` հունվարի 19-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա կառավարության անդամներին ներկայացրեց քաղաքացիներին ծառայություններ մատուցող պետական հաստատությունների գործունեության նկատմամբ մոնիտորինգի արդյունքները:
Ըստ Տ. Սարգսյանի` առաջընթաց կա նաեւ ձեռնարկությունների գրանցման ոլորտում` հնարավոր է 15 րոպեում էլեկտրոնային եղանակով ձեռնարկությունների գրանցում իրականացնել:
Վարչապետը գոհ է նաեւ անձնագրերի տրամադրման ոլորտում աշխատանքների որակից: Հիշեցնենք սակայն, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով վերջերս զբաղեցրած պաշտոնից ազատվել եւ ոստիկանությա կադրերի ռեզերվ է ուղարկվել ոստիկանության անձնագրային վարչության պետ Նորայր Մուրադխանյանը:
Մոնիտորինգը մի շարք խնդիրներ է հայտնաբերել վարորդական իրավունքների տրամադրման եւ տեխզննության կտրոնների ոլորտում: Ըստ Տ. Սարգսյանի` քաղաքացիներից կան դժգոհություններ: Նրա տեղեկացմամբ` ապրիլին Նուբարաշենում կգործարկվի ճանապարհային ոստիկանության նոր մասնաշենքը, որը հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով: Դա հնարավորություն կտա քաղաքացիների սպասարկումն իրականացնել 20 րոպեում` 1 ժամվա փոխարեն:
Ինչ վերաբերում է ավտոմեքենաների տեխզննության կտրոններին, ապա Տ. Սարգսյանը հայտարարեց, որ անօրինական են այն պահանջները, թե տեխզննության կտրոնի ետեւի մասում պետք է կնիք լինի: «Արգելվում է ստուգել կտրոնի ետեւում կնիքի առկայությունը: Պետության հանդեպ պարտավորությունը կատարելուց հետո կարելի է կտրոնը փակցնել դիմապակուն; Պետք չէ դրդել, որ քաղաքացիները գնան ու մտնեն այդ կոռուպցիոն դաշտը»,- հայտարարեց Տ. Սարգսյանը:



























