Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի վարած հաղորդաշարը եթեր է դուրս գալու Russia Today ալիքով: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտարարել է հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Նա գրել է, որ The World Tomorrow («Աշխարհը վաղը») հաղորդումը Ասանժը տեսագրելու է Լոնդոնում, որտեղ տնային կալանքի տակ է: Առաջին եթերները թողարկվելու են Russia Today-ով, այնուհետ հաղորդումները վաճառվելու են այլ ալիքների: «Հավանաբար, ես ոչ մի շոուի այդպիսի հուզմունքով չեմ սպասել»,- գրել է Սիմոնյանը:
Նշենք, որ ինչպես ավելի վաղ էր հաղորդվում, Ասանժը ծրագրում է խոսել միջազգային հանրության ապագայի մասին: Հաղորդման հյուրերն են լինելու առանցքային գործիչներ, մտածողներ եւ հասարակական գործիչներ: Հաղորդաշարը բաղկացած է լինելու ամենշաբաթյա 10 դրվագներից` 30 րոպե տեւողությամբ, այն մեկնարկելու է 2012թ. մարտին:



























