Պենտագոնը լուրջ մտահոգված է ամերիկացի զինվորների ճարպակալմամբ: Բանակում զինվորներին լավ սնունդ են տալիս, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, սակայն շատերը բանակ են գալիս արդեն գիրացած, որը կրճատելն այնքան էլ հեշտ չէ:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գնահատմամբ` երիտասարդ ամերիկացիների 75%-ը շատ գեր են, հիվանդ կամ հիմար` բանակում ծառայելու համար: Պենտագոնը ստիպված ներմուծում է նոր դիետիկ սննդակարգ, ֆիթնես ծրագրեր եւ այլն, սակայն այդ ամենը ժամանակ, փող է պահանջում եւ տալիս է սահմանափակ արդյունք:
Տվյալ հարցի լուծման համար զինվորականներն օգնության են դիմել գիտնականներին: Նրանց առաջարկվել է մշակել շագանակագույն գեր բջիջների փոխպատվաստման տեխնոլոգիա: Մարդկանց մարմնում միշտ առկա է սովորական սպիտակ ճարպ, ինչպես նաեւ շագանակագույն ճարպային հյուսվածքի մի փոքր քանակություն, որն ունակ է գրգռելու մեծ քանակությամբ կալորիաների ծախսումը` շուրջ 250 կալորիա երեք ժամվա ընթացքում: Ընդ որում շագանակագույն ճարպը «ներծծում է» սովորական ճարպային բջիջների էներգիան, որը նպաստում է նիհարեցմանն առանց որեւէ ֆիզիկական լարվածության: Հաջողության դեպքում նոր մեթոդն, իհարկե, բավական հայտնիություն ձեռք կբերի նաեւ բանակից դուրս, որտեղ ավելորդ քաշով մարդիկ ավելի շատ են:
Զինվորականները նախատեսում են առանձնացնել այդ շագանակագույն բջիջները, այնուհետեւ դրանից ստանալ մեծ քանակությամբ շագանակագույն ճարպ: Այնուհետեւ այդ ճարպը կփոխպատվաստվի հիվանդին եւ կօգնի նրան արագ նիհարել: Ճիշտ է, այդ առումով դեռ բավականին անորոշություններ կան: Մասնավորապես պարզ չէ, թե ինչքանով է արդյունավետ նիհարեցումը, նաեւ հայտնի չէ, թե ինչ ազդեցություն կունենա շագանակագույն նյութը նյութափոխանակության վրա:
Այլընտրանքային վիրահատական տարբերակը ներկայումս միայն Ember Therapeutics ընկերության ծրագիրն է, որը փորձում է մի դեղամիջոց ստեղծել, որը սպիտակ ճարպը կվերածի շագանակագույնի:
Եթե շագանակագույն ճարպային բջիջների օգնությամբ հաջողվի ստեղծել քաշի իջեցման ազդեցիկ միջոց, դա հեղափոխություն կառաջացնի գիրացման բուժման ոլորտում: Ավելորդ քաշի դեմ պայքարը շատ մարdկանց ուժերից վեր է, եւ այն կդադարի անհույս լինելուց:




























